«Սա թատրոն է. Փաշինյանն իջել է նամակատարի մակարդակի և պարծենում է դրանով». Ռոբերտ Մարգարյան

«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, ցավոք, Արցախը դարձել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաշվեհարդարի առարկա, կողմերը փորձում են հարցը շահարկել հօգուտ իրենց: Հիմա Արևմուտքին հաջողվել է հարցն իր հարթակ տեղափոխել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի հարցում Արևմուտքի դիրքորոշման փոփոխությունը բխում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումից:

«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և բնականաբար, լինի Ռուսաստան թե Արևմուտք, չի կարող այլ տեսակետ ունենալ, քան այն տեսակետը, որի շուրջ հակամարտության երկու կողմերը համաձայնության են եկել»,- ասաց նա:

Քաղաքագետը նկատեց՝ Արևմուտքը երբեք հստակ չի հայտարարել, որ Արցախն ադրբեջանական տարածք է, փոխարենը՝ դա բավականին ակտիվ հայտարարում են Հայաստանի իշխանությունները. «Եթե Արևմուտքի կողմից ճնշում լիներ Հայաստանի իշխանությունների վրա, ապա իրենք այդ տերմինաբանությունը կմտցնեին՝ Արցախն ադրբեջանական կհամարեին, մեր իշխանություններն էլ պարտավորված դա կանեին, բայց հակառակ ուղղությամբ է ընթացքը գնում: Ամենալավ արդարացումն այն է, որ ասեն՝ ճնշում կա, չեն կարողանում ճնշումներին դիմակայել, նաև՝ պատերազմի լծակը շարունակաբար օգտագործելով՝ փորձեն ժողովրդին համոզել, որ սա հարցը կարգավորելու կամ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու միակ տարբերակն է»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Շառլ Միշելին փոխանցված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, Ռոբերտ Մարգարյանը հետևյալն ասաց. «Դա անհեթեթ իրավիճակ է: Ժամանակին Հայաստանը Արցախի անունից բանակցում էր, ներկայացնում էր Արցախը բանակցության սեղանին, հիմա մեր դիրքը իջել է պարզապես նամակատարի դիրքի: ՀՀ ղեկավարը պարծենում է նրանով, որ նամակ է հանձնել Շառլ Միշելին: Իջել ենք արդեն նամակատարի մակարդակի: Ես կասկածում եմ, որ Շառլ Միշելն այդ նամակին որևէ կարևորություն կտա: Հավանաբար, դնելու են գզրոցում, գզրոցն էլ փակեն, որովհետև հարցն իրենց դիտանկյունից արդեն իսկ փակված է: Թատրոն է, շոու է, պետք էր կազմակերպել, որ իմիտացիա անեն, թե աշխատում են, հատկապես Արցախում տեղի ունեցած հանրահավաքից հետո պետք էր ինչ-որ բան այստեղից լինի, որ ասեն՝ ժողովուրդն այնտեղ դուրս է եկել, մենք էլ մի բան անում ենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս