Կիրականանա՞ այդ «եթե»-ն
Հայ ժողովրդի հերթական հայրենազրկումից հետո շատ են հնչում խոսքեր, որ դեռևս ամեն ինչ կորած չէ, և սա Արցախի վերջը չի։ Այսպես մտածողների մի մասը գուցե իսկապես հավատում է ինչ-ինչ հրաշքների, մի մասն էլ հենվում է զուտ իրավական հիմնավորումների վրա։
Առաջինները հայտարարում են, որ միևնույնն է, Արցախը մնալու է հայկական և Շուշիի վրա նորից ծածանվելու է հայկական դրոշը։ Նրանցից ոմանք համեմատություններ էին անում մինչ սեպտեմբերի 19-ի իրավիճակի և 1992թ․ միջև։ Որպես օրինակ բերվում է 1992թ․, երբ թշնամին գրավել էր Արծվաշենը, Արցախի կեսը, ամենօրյա ռմբակոծությունների էր ենթարկվում Կապանը, և Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը պատրաստվում էր ոտքերը Սևանում լվանալ, և թվում էր, որ ամեն ինչ կորսված է։
Նման սցենարը տեսականորեն հնարավոր էր իրականացնել, եթե 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում տեղի ունենար շուտափույթ իշխանափոխություն, կարճ ժամանակում վերակազմավորվեր բանակն ու անցներ հակահարձակման։ Ինչևէ, այս լավատեսությանը, թերևս, կարելի էր լուրջ վերաբերվել, նույնիսկ մինչև ս․թ․ սեպտեմբերի 19-ը։ Իսկ մենք, բառի բուն իմաստով, մսխեցինք այս երեք տարիները, թույլ տալով, որ վարչապետ կոչեցյալի և ադրբեջանա-թուրքական համատեղ՝ Արցախի հայաթափման ծրագիրը հասնի վերջնակետին։ Սեպտեմբերի 19-ից հետո, կարծում եմ, բացարձակապես անհիմն են նման կոչերն ու հայտարարությունները, եթե․․․
Այդ «ԵԹԵ»-ին կանդրադառնամ հոդվածի վերջում։
Այդ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ից հետո Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որով լուծարվում է Արցախի Հանրապետությունը։
Շատ իրավաբան-մասնագետներ իրավացիորեն պնդում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրն Արցախի Հանրապետությունը վերացնելու մասին, իրավաբանորեն առոչինչ է և չունի իրավական ուժ։ Մինչ այդ, նույնպես իրավաբանորեն հիմնավորված, խոսվում էր, որ վարչապետ կոչեցյալն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ Արցախն ադրբեջանական տարածք է։ Որպես հիմնավորումներ՝ բերվում էին «Անկախության հռչակագիրը», որը նաև հիմքն է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև 1992թ․ ՀՀ ԳԽ որոշումը, ըստ որի՝ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն ստորագրելու որևէ փաստաթուղթ, որով Արցախը համարվում է ադրբեջանական տարածք։ Նմանատիպ նախաձեռնություն էր, ցավոք՝ էր, «ՀայաՔվեն», հուսալով, որ ևս մեկ օրենքով, արգելվի Արցախի ուրացումը։
Չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ այդ ամենին։ Ուղղակի մի հարց բարձրացնեմ։ Եթե, այնուամենայնիվ, մինչ ս․ թ․ սեպտեմբերի 19-ը ստորագրվեր կամ արդեն մոտ ապագայում ստորագրվի, այսպես կոչված, «Խաղաղության» համաձայնագիրը, որով Արցախը ճանաչվի ադրբեջանական տարածք, ի՞նչ ենք անելու։ Հավանաբար, քննարկումներ, հայտարարություններ՝ առ այն, որ այդ փաստաթուղթը չունի իրավական ուժ․ հանրահավաքներ՝ իհարկե խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Դրան կհետևի փաստաթղթի վավերացումն ԱԺ-ի կողմից, որին ընդդիմությունը հերոսաբար դեմ կքվեարկի և կդիմի Սահմանադրական դատարան (ՍԴ)։
Ինչպես Հռոմի ստատուտը ճանաչվեց ՀՀ սահմանադրությանը չհակասող, այնպես էլ, համոզված եղեք՝ սահմանադրական կճանաչվի նաև այդ չարաբաստիկ պայմանագիրը։ Բա, ինչի՞ համար էր ՍԴ-ի ջախջախումը, վահեսաֆարյաններին և սեդագրիգորյաններին ՍԴ խցկելը։ Որպես մխիթարություն՝ ՍԴ անդամներից մեկ-երկուսը հատուկ կարծիքով հանդես կգան։ Եվ վերջ։
Բացի այդ, ողջ աշխարհը կընդունի այդ համաձայնագիրը, որոշ երկրներ՝ ուրախությամբ, որոշները՝ որպես փաստ, և բոլորը միասին՝ արհամարհանքով դեպի հայ ժողովուրդը։
Իհարկե, այդ ամենից տարիներ անց, շատ «հայրենասեր» գործիչներ, մնացյալ Հայաստանում (եթե ինչ-որ կտոր Հայաստանից մնա), կամ արդեն սփյուռքում, կառաջարկեն չեղյալ ճանաչել այդ պայմանագիրը, քանի որ այն իրավական չէ , և բացի այդ՝ կնքվել է ուժի սպառնալիքի տակ։ Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞։ Որքան ենք լսել, որ պետք է չեղյալ համարել 1920թ. Ալեքսանդրապոլի, 1921թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ավելին՝ որոշ ինքնավստահ և խիստ դեմքերով, թևերը կրծքին խաչած, հայրենասեր գործիչներ պահանջում են Սևրի դաշնագրով նախատեսված վիլսոնյան Հայաստանը։
Մեր պատմությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, կհաշտվենք Արցախի կորստի հետ, և ինչպես Արևմտյան, նաև Արևելյան Հայաստանի կորսված շատ բնակավայրերի անվանումներով կունենանք անձնանուններ՝ Անի, Սասուն, Արարատ, Մասիս, թաղամասեր՝ Կիլիկիա, Զեյթուն, սգո սրահներ՝ Ադանա, և, իհարկե, երգեր՝ Անին տեսնեմ ու նոր մեռնեմ։ Մուշ, Սասունն ու Վանը հայկական հող են։ Ղարս, Ղարս, Ղարս, Հայաստանի հարս, ե՞րբ պիտի Հայաստան դու վերադառնաս, և այլն։
Այնպես որ, անիմաստ է հուսալ, թե այսօրվա մեր՝ հայկական հոգեբանությամբ, հնարավոր է ետ բերել Արցախը, մանավանդ այն դեպքում, որ այսօր Արցախը հայաթափված է։
Այժմ անդրադառնանք այն «ԵԹԵ»-ին։
Այդ «եթե»-ի կողմնակիցներից ոմանք, որպես օրինակ՝ բերում են հրեաներին, որոնք շուրջ 2000 տարի առաջ կորցնելով իրենց բնօրրանը, կարողացան նույն վայրում, նորից կառուցել նոր հայրենիք։ Իսկապես, նախանձելի համառություն և կամքի ուժ։
Բայց․․․ Բայց, իրականում, հրեաների վերածննդի հիմքը դրվեց բավականին ուշ՝ 19-րդ դարում, Թեոդոր Հերցլի կողմից, ով ստեղծեց սիոնիստական, ազգայնական գաղափարախոսություն, որը տարածվեց և դարձավ բոլոր հրեաների գաղափարախոսությունը, լինի նա բանվոր, արհեստավոր, մտավորական թե վաճառական։ Դեռևս, առանց պետություն ունենալու, սիոնիստական կազմակերպությունն ուներ իր գաղտնի ծառայությունը, որը գործում էր հրեաների սուրբ գրքի «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով։ Նույն սկզբունքով է առաջնորդվում նաև, արդեն Մերձավոր Արևելքի հզոր, միջուկային պետություն Իսրայելը։
Երբ 1991թ․ Հայաստանն անկախացավ, շատերը համեմատություններ անելով նման ճակատագիր ունեցող հրեաների ու հայերի միջև, ենթադրում էին, որ Հայաստանը տարածաշրջանում կունենա նմանատիպ դեր, ինչպիսին ունի Մերձավոր Արևելքում Իսրայելը։
Փորձենք համեմատություններ անցկացնել 1947թ․ նոր ստեղծվելիք Իսրայել պետության և 1991թ․ անկախություն ստացած Հայաստանի միջև։
Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իսրայելը, ըստ էության, ստեղծվեց ոչնչից։ Իսրայելի տարածքում, բացի ավազուտներից, ճահիճներից, չկար այլ տիպի բնություն։ Իսրայելը շրջապատված է միայն արաբական, մեղմ ասած, ոչ բարեկամ երկրներով։ Իսկ բնակչությունն ընդամենը 450 000 էր։
Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը, անկախություն ստանալով, ժառանգեց ԽՍՀՄ ծանր և թեթև արդյունաբերությունը, գիտական և կրթական հսկայական պոտենցիալը, հրաշք բնությունն ու բնական հարուստ պաշարներ, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանը, որը հրաշալի գիտանյութական հենք էր՝ միջուկային զենք ստեղծելու համար։ Հայաստանի երկու հարևանները բարյացակամ էին տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ վերջապես, Հայաստանի բնակչությունն ավելի քան 3 ու կես մլն էր։
Այսպիսով, Հայաստան-Իսրայել, մեկնարկային բոլոր պայմանները խոսում են հօգուտ Հայաստանի։
Իսկ այսօ՞ր․․․
Այսօր Իսրայելը, բոլոր առումներով, աշխարհի ամենազարգացած երկրներից է, Իսրայելը դարձավ բոլոր հրեաների երկիրը, հայրենիք ներգաղթեցին միլիոնավոր հրեաներ, և այսօր Իսրայելն ունի 10 մլն-ից ավելի բնակչություն, զարգացած կրթություն, արդյունաբերություն, առողջապահություն, զարմանալիորեն՝ գյուղատնտեսություն։
Իսկ Հայաստա՞նը, անկախանալուց հետո՝ հայրենիքից արտագաղթ, այսօր, 3 մլն-ից շատ ավելի քիչ բնակչություն, քայքայված կրթություն, գիտություն, արդյունաբերություն, առողջապահություն, գյուղատնտեսություն։
Այսպիսով, այսօր Իսրայելն աշխարհի ամենահզոր և հարգված երկրներից է, իսկ Հայաստանը՝ պարտված, արհամարհված տարածք, անհասկանալի ապագայով։
Ինչպես տեսնում ենք, համեմատությունները բացարձակապես հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի չեն։
Արդ, ո՞րն է պատճառը, որ մեկնարկային անհամեմատ առավել հզոր պոտենցիալ ունեցող Հայաստանը, այսօր պարտված և ողջ աշխարհի կողմից արհամարհված երկիր է, իսկ ավազուտների ու ճահճուտների մեջ հռչակված Իսրայելը՝ աշխարհի հզորներից։
Այս պարագայում, ոչ թե կարծում, այլ համոզված պնդում եմ, որ պատճառն ազգային նպատակ և որի հիմքում՝ ազգային գաղափարախոսություն ունենալ կամ չունենալու մեջ է։ Հրեաները, իրենց երկիրը կորցնելուց և ողջ աշխարհում ցրվելուց հետո, չձուլվեցին այլ ազգերի մեջ, պահպանեցին իրենց ինքնությունը, իսկ արդեն, ինչպես նշեցի՝ 19-րդ դարում, հրեա նվիրյալների կողմից ստեղծվեց հրեական ազգային, եթե կուզեք՝ ազգայնական գաղափարախոսությունը և որպես նպատակ՝ հռչակվեց պատմական հայրենիքում, նոր հրեական պետություն ստեղծելը։
Իսկ մե՞նք․․․ Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային գաղափարախոսությունն անվանեց «կեղծ կատեգորիա» և ֆաշիզմ։ Հայաստանում նոր հաստատված ՀՅԴ կուսակցության պատվերով պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը գրել էր, իր պատկերացմամբ, «Հայոց ազգային գաղափարախոսությունը»։ Այդ աշխատության հիմնական թեզը հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումն էր։ Նման մտածողություն, այն է՝ քո ապագան կապել այլ ժողովրդի հետ, համոզված եմ, աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի։
Այս կապակցությամբ հիշեցի մի ուշագրավ պատմություն։ 1948թ․ Իսրայելի հիմնադիրներից Գոլդա Մեյերը մեկնել էր ԱՄՆ։ Մամլո ասուլիսի ժամանակ նրան հարց տվեցին․
– Տիկին Մեյեր, դուք ԱՄՆ-ին համարում եք ձեր հիմնական դաշնակիցը։ Իսկ ի՞նչ եք մտածում, եթե ԱՄՆ-ը փոխի իր քաղաքականությունն ու դաշնակցի արաբական աշխարհի հետ։
Ահա, Գոլդա Մեյերի պատասխանը․
– Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների։ Այդ պարագայում մեր կառավարությունը հրաժարական կտա և նոր ընտրությունների արդյունքում՝ իշխանության կգան կոմունիստները։
Ուշադրությո՛ւն, ոչ թե կառավարության անդամները կդառնան կումունիստներ, այլ հրաժարական կտան։ Այո՛, հրեան լինի կոմունիստ, պահպանողական թե լիբերալ, նա սիոնիստ է, ներծծված ազգային գաղափարախոսությամբ։ Իսկ մեր՝ հայերի դեպքում, ոչ թե պետության, այլ իշխանության պահպանման համար, երեկվա կոմունիստը դառնում է ազատական, ազգայնականը՝ կոսմոպոլիտ, թունդ ռուսամետ-կոմունիստը՝ ժողովրդավարարևմտամետ։
Միակ հաջողված փորձը,ազգային գաղափարախոսություն ստեղծելու, ժամանակին, «Ցեղակրոն» անվանումով ձևակերպել է Գարեգին Նժդեհը, ով հետագայում, մեկ այլ նվիրյալ Հայկ Ասատրյանի հետ, զարգացրեց այն՝ որպես արդեն «Տարոնական շարժում» անվանումով։
Եվ ի՞նչ, արդյոք մենք հետևեցի՞նք մեր մեծ մտածողներին, հայ ժողովրդի սերունդներին դաստիարակեցի՞նք այդ գաղափարախոսությամբ։ Ի՞նչ ասես, որ մեր այսօրվա առաջադեմները, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի նախարարուհին, մեծն Գարեգին Նժդեհին համարում են ֆաշիստ։ Պատկերացնո՞ւմ եք, որ Իսրայելի կրթության նախարարը Թեոդոր Հերցլին անվանի ֆաշիստ, ի՞նչ կկատարվի նրա հետ։ Նույնիսկ աշխարհի ամենաապազգային քաղաքական գործիչ Վլադիմիր Լենինը փոքր ազգերի ազգայնականությունը վտանգավոր չէր համարում, այլ միայն ինքնապահպանման միջոց։ Այսպիսով, հայ առաջադեմ-ազատական-գլոբալիստները շատ ավելի առաջադեմ, ազատական և գլոբալիստներ են, քան այդ գաղափարախոսության ստեղծողները։ Բայց արդյո՞ք․․․ Այդ նույն առաջադեմները հիանում և երկրպագում են ուկրաինացի ազգայնականներին, որոնց նախնիները ժամանակին կոտորել են նաև հայերին և մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցներն են։ Իրականում, հայ առաջադեմ կոչվածներն ունեն մեկ գաղափարախոսություն՝ ՓՈՂ։ Այդ նույն «փողի» գաղափարախոսությունն իր հաղթարշավն ունեցավ անկախ Հայաստանում՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու» կամ «խաղաղության» անվան տակ։ Իրականում, հանուն ՓՈՂԻ, վաճառքի հանվեց հայրենիքը։
Հրեաները, մինչև Իսրայելի ստեղծումը, ամեն տարի միմյանց մաղթել են․ «Հաջորդ տարի Երուսաղեմում»։ Շատերն, ընդօրինակելով հրեաներին, միմյանց մաղթում են․ «Հաջորդ տարի Շուշիում»։ Չեմ հավատում։ Եթե իրոք մեր մեջ այդպես մտածողներ կան, նրանք առաջին հերթին պետք է հաշվեհարդար տեսնեին վարչապետ կոչեցյալի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, որ Իսրայելի որևէ վարչապետ հայտարարի․ «Երուսաղեմը դժբախտ և դժգույն, արաբական քաղաք էր»։
Այս տարիներին սկսեցի կասկածանքով վերաբերվել, թե իրականում մենք ունեցե՞լ ենք, արդյոք, «Նեմեսիս» և «Ասալա»։
Հրեաներն իրենց հայրենիքն են համարել և համարում ամեն ավազաթումբը, ճահճուտը և պատրաստ են զոհվել հանուն ամեն մի թիզ ավազուտի։ Իսկ մե՞նք․ «Ամեն ձյունածածկ տարածքի համար հո չե՞նք կռվելու»։
Իսրայել պետություն ստեղծողները եղել են նվիրյալներ, նրանց համար պետական պաշտոնը չի եղել վայելքների աղբյուր, այլ չարքաշ աշխատանք։ Իսկ անկախ Հայաստանի ղեկավարներն իշխանության գալով՝ անմիջապես մեկուսացան կառավարական առանձնատներում, և իշխանությունը դարձավ վայելքների աղբյուր։ Եվ իշխանության համար պայքարը ոչ թե պետության ամրապնդման, զարգացման համար էր, այլ ընդամենը կառավարական առանձնատներում վայելքների։ Եվ հենց այդ էր պատճառը, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվել։
Իսրայելում բոլոր իրենց հարգող մարդիկ ծառայել կամ ծառայում են բանակում, այդ թվում՝ աղջիկները։ Անհնար է, որ որևէ մեկը պետական պաշտոնի նշանակվի կամ ընտրվի, առանց բանակում ծառայած լինելու, էլ չասենք՝ դառնա երկրի վարչապետ։ Իսրայելը ոչ թե խոսքով, այլ իրական ազգ-բանակ պետություն է։ Իսկ մե՞նք․․․ Այսօր ունենք դասալիքներից կազմավորված խորհրդարան, կառավարություն, իր դասալիք-դավաճան վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ։
Չշարունակենք համեմատությունները։ Դրանցից ոչ մեկը հօգուտ հայ ժողովրդի և Հայաստանի չեն։
Մեր, հայ ժողովրդի մեծամասնության ազգային գաղափարախոսությունը դառել և մնում է ամեն գնով, թեկուզ հայրենիքի հաշվին՝ «ընտանիք պահելը»։ Հնարավո՞ր է արդյոք փոխել մեր ավանդական մտածողությունը, ունենալ ազգային վեհ նպատակ, հիմնված կուռ ազգային գաղափարախոսության վրա։ Տեսականորեն՝ այո։ Դրան հասնելու համար պետք է մոռանալ և մի կողմ դնել կուսակցական, անձնական հավակնությունները, ձևավորել ազգային մտածողությամբ անձանցից բաղկացած մասնագետ-պատմաբանների խորհուրդ, որը հիմնվելով Ռափայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Ղևոնդ Ալիշանի, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի մտքերի, ստեղծագործությունների և հոդվածների վրա, կստեղծի իսկապես հայ ազգային գաղափարախոսություն։ Այդ գաղափարախոսությունը պետք է դառնա պետական գաղափարախոսություն, դրանով պետք է կրթվեն Հայաստանի և Սփյուռքի բոլոր երեխաները, այդ գաղափարախոսությամբ պետք է ներծծված լինեն բոլոր պետական հաստատությունները։ Հայաստանը պետք է լինի իրական իրավական պետություն, հիմնված ազգային գաղափարախոսությունից բխող Սահմանադրության և օրենքների վրա։ Այդ դեպքում ամենախիստ պատժի կենթարկվեն զանազան ստեփանգրիգորյաններն ու արմանբաբաջանյանները և նման մտածողությունը արմատախիլ կարվի։
Այո՛, դրա համար կպահանջվեն տարիներ, բայց համոզված եղեք, որ ուշ չի լինի։ Մենք տարիներ ենք մսխել՝ առանց ազգային նպատակ-հեռանկարի։ Այնպես որ, իհարկե, շտապել է պետք, բայց շտապել՝ ունենալով մեծ ազգային նպատակ, հիմնված ազգային գաղափարախոսության վրա։ Որպես առաջին քայլ՝ ցանկացած ճանապարհով պետք է վռնդել ազգադավ իշխանությանը, վերականգնել բանակը և զուգահեռաբար ստեղծել ազգային գաղափարախոսություն։
Ահա և այդ «ԵԹԵ»-ն, որի իրականացման ժամանակ միայն արդարացված կլինի «Հաջորդ տարի Շուշիում» մաղթանքը։
Հ․Գ․ Հոդվածից, հնարավոր է, որ ընթերցողի կողմից թյուր տպավորություն ստեղծվի, որ հոդվածի հեղինակը Իսրայելի թունդ երկրպագուներից է։ Ոչ, ես որևէ այլ երկրի երկրպագուն չեմ, մանավանդ որ, այդ երկիրը քո թշնամու բացահայտ կամ քողարկված դաշնակիցն է։ Բայց նաև ես ունեցել եմ շատ հրեա բարեկամներ և, անկախ ամեն ինչից, մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց և նրանց հայրենիքին։
Ավետիք Իշխանյան