Արցախցիները կոչ են անում հավաքվել Կառավարության մոտ. Hraparak.am

Արցախցիները նոր նախաձեռնություն են սկսել՝ կոչ են անում այսօր՝ 17։00-ին հավաքվել ՀՀ Կառավարության դիմաց` պահանջելու, որ իրենց վճարեն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը։ Hraparak.am-ի փոխանցմամբ` նրանք դա հիմնավորել են այսպես.

«Արդյոք ամեն ինչ կորցրած, աշխատավարձի հույսին մնացած մարդիկ պետք է պատասխան տան «ենթադրյալ չարաշահումների» համար։

Հոկտեմբերի 13-րդ օրը բոլորեց, իսկ Արցախի պետական բյուջեից ֆինանսավորվող , աշխատավարձը՝ որպես եկամտի միակ աղբյուր ունեցող քաղաքացիներն իրենց կատարած փաստացի աշխատանքի դիմաց դեռեւս չեն վարձատրվել։

Տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, նամակները թույլ են տալիս մտածել, որ հասարակ մարդը պետք է տուժի «իշխանական ենթադրյալ չարաշահումների» պատճառով։ Եթե կան պետական բյուջեի յուրացման դեպքեր, եթե կան պետական միջոցների չհիմնավորված ծախսեր, մենք պահանջում ենք՝ ըստ օրենքի քննել այդ գործերը, վեր հանել խախտումները, մեղավորներին ենթարկել պատասխանատվության, վերականգնել պետ.բյուջեի կորուստները։

ԲԱՅՑ՝ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ․

Օրենքով սահմանված կարգով վճարել առանց տուն ու տեղ մնացած մարդկանց ապրուստի միակ միջոցը՝ աշխատավարձը։

Վճարել ոչ միայն սեպտեմբեր, այլ նաեւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների դիմաց։

Մարդիկ ունենան օպտիմալ ժամկետ՝ նոր աշխատանք փնտրելու համար։

Մանավանդ՝ Արցախի Հանրապետությունը լուծարվում է 2024թ. հունվարի 1-ից, իսկ 2023թ. պետբյուջեն հաստատված է։

Մենք շնորհակալ ենք ՀՀ Կառավարությանը՝ տեղահանված արցախցիներին ցուցաբերած սոցիալական տարատեսակ աջակցությունների համար,

ՍԱԿԱՅՆ․ Մենք ոչ թե աջակցություն ենք պահանջում, այլ՝ հասանելիք, հաստատված աշխատավարձ»։

Տեսանյութեր

Լրահոս