Փաշինյանին հեռացնելը կտևի 4 օր՝ 60 հազար քաղաքացի փողոցում ունենալու դեպքում. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը վստահեցնում է՝ Արցախի հարցը չի կարելի փակված համարել և այն բաց պահելու համար առաջնային է դարձել Արցախի ինքնալուծարման վերաբերյալ ստորագրված հրամանագրի չեղյալ հայտարարումը, ինչը պարտավոր է անել Արցախի Գերագույն դատարանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Արցախի սուբյեկտայնության վերականգնման համար ձևավորված շտաբի նպատակներին, ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով.

«Արցախի էջը փակել չի կարելի։ Ցավոք սրտի, մենք առաջինն այս մասին ասում ենք Հայաստանի կառավարությանը, ապա՝ միջազգային հանրությանը։ Ասում ենք, որ չճանաչված պետությունը ևս կարգավիճակ է, և Արցախը պետք է շարունակի հարաբերվել աշխարհի հետ, պարզապես, եթե նախկինում դա արվում էր Արցախից, ապա հիմա դա պետք է արվի Հայաստանից»։

Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի վտարանդի կառավարություն՝ Արցախում առաջնային մանդատ ունեցող պաշտոնյաների կողմից, որոնք պետք է շարունակեն խոսել իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին: Հատկապես, որ Արցախի խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը չի էլ լուծարվել։

Կարդացեք նաև

«Մենք սա պետք է անենք մինչև հունվարի 1-ը, հարցը պետք է հիմա պահենք օրակարգում և արձանագրենք մեր իրավունքներն Արցախի նկատմամբ։ Բանակցային գիծ պետք է սահմանենք, և դա Արցախն է, ոչ թե Հայաստանի գյուղերը։ Մինչև հունվարի 1-ը ստորագրված հրամանագիրը չչեղարկելուց հետո, դա անհնար է լիելու հետագայում»,- ասաց նա՝ շեշտելով՝ հենց այս գործընթացն էլ դառնալու է նաև Հայաստանում իշխանափոխության պատճառ, եթե, իհարկե, խորհրդարանական ընդդիմությունը դրան չմիջամտի և չփորձի դառնալ այս շարժման լոկոմոտիվը։

Ինչո՞ւ՝ հարցին ի պատասխան՝ Սուրեն Պետրոսյանը պարզաբանեց.

«Ինչո՞ւ, որովհետև այս խորհրդարանական ընդդիմությունը միակ ուժն է, որը երաշխավորում է Փաշինյանի անվտանգությունը»,- ասաց Պետրոսյանը՝ մանրամասնելով, երբ Փաշինյանը վարչական ռեսուրսի կիրառմամբ սեպտեմբերի 15-ին ամբողջ Հայաստանից կարողանում էր փողոց հանել ընդամենը 4400 մարդ, ինչը նշանակում է, որ նա այլևս չունի հասարակության աջակցություն, ընդդիմությունը փողոցում գտնվող տասնյակ-հազարավոր քաղաքացիների դժգոհության ալիքը պարպում է և նրանց տուն ուղարկում։

«Բացառիկ «ունակություն» էր պետք նման հանրահավաքի ներուժը, այդ էներգիան չկապիտալիզացնելու համար»,- ասաց Պետրսյանը՝ շեշտելով՝ քաղաքացուն չի հետաքրքրում՝ ընդդիմությունը չի՞ ցանկանում իշխանափոխություն անել, թե՞ չի կարողանում, կարևորն արդյունքն է։

«Ընդդիմության գործունեության արդյունքում իշխանությունն ավելի է ամրապնդվում»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ հստակ նպատակ, տեսլական ունենալու դեպքում Փաշինյանի հեռացումն օրերի հարց է։

«Փաշինյանի հեռացումը կտևի 4 օր՝ 60 հազար քաղաքացու փողոցում լինելու դեպքում»,- վստահեցրեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարը։

Հարցազրույցի մանրամսները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս