Փաշինյանն ու թիմը երազում են արցախցիների արտագաղթը. նրանցում են տեսնում իրենց թաղման թափորը. Նաիրի Սարգսյան

Արցախը Հայաստանի տնտեսական անվտանգության դարպասն էր, և զրկվելով Արցախից՝ Հայաստանը զրկվեց հենց այդ դարպասից։

Արցախն ապահովում էր Հայաստանը հացահատիկով, մսամթերքով, գյուղատնտեսական այլ ապրանքներով, էներգիայով, և հիմա Հայաստանը զրված է հենց այս ամենից։

Արցախն ապահովում էր նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանամերձ խոտհարքների անխափան աշխատանքը, իսկ հիմա, ադրբեջանական զինուժի կողմից այդ տարածքների օկուպացիայից հետո, այդ անխափան աշխատանքն էլ վերացավ, իսկ դա նշանակում է, որ ամեն տարի անկում ապրող Հայաստանի գյուղատնտեսությունը հաջորդ տարի էլ ավելի ծանր պայմաններում է հայտնվելու։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից 12 հազար 500 քառակուսի կիլոմետրով Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու տնտեսական հետևանքների մասին: Մասնագետն ընդգծեց մեկ այլ կարևոր հանգամանք.

Կարդացեք նաև

«Հաջորդ և առավել վտանգավոր խնդիրն այն է, որ Արցախից բռնի տեղահանված Հայաստանի քաղաքացիները Հայաստանի ապագայի հետ այլևս հույս չեն կապում։ Ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է ասում, ում ոտքը բռնում է, փորձում է Հայաստանից հեռանալ՝ արտագաղթել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ ՀՀ Կառավարության հույսն արդյո՞ք այդ արտագաղթն է, դրանով պայմանավորվա՞ծ են 2024 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել արցախահայերի կարիքները հոգալու համար հատկացնել ընդամենը 10 միլիարդ դրամ՝ երկրում ունենալով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անտուն հայ, Նաիրի Սարգսյանը շեշտեց.

«Իրենք երազում են, որ Արցախից Հայաստան եկածներն արտագաղթեն Հայաստանից, որովհետև ժողովրդի այդ հատվածը սպառնում է այս Կառավարության լինելիությանը։ Արցախից բռնի տեղահանված և դժգոհ հատվածի մեջ այս Կառավարությունը տեսնում է իր թաղման թափորը։ Իմիջիայլոց, այս Կառավարությունն ամեն ինչ արեց, որ նրանք արտագաղթեն, որովհետև մարդկանց, որոնք մի քանի անգամ տնազրկվել են՝ ընդհուպ 10-15 տարի հիփոթեքի վճարով, առաջարկեց Հայաստանի սահմանամերձ գյուղերում տեղավորվել, իսկ այդ մարդիկ չեն ցանկանում ևս մեկ անգամ տուն կորցնել, ուստի արտագաղթում են»,- ասաց Սարգսյանը՝ պետականակործան որակելով փաշինյանական իշխանության վարած արտաքին և տնտեսական քաղաքականությունն ամբողջապես։

«Սույն անձը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ա.Ս.) հայտարարում էր, որ «Հայաստանը պետք է լինի անկախ, և վերջ», մենք պետք է դա հասկանանք՝ «Հայաստանը չպետք է լինի, և վերջ»։ Սա պետք է հասկանալ «Արցախը Հայաստան է, և վերջ» բղավելուց հետո Արցախն Ադրբեջան դարձրած իշխանության ղեկավարի ասածից»,– ասաց Սարգսյանը։

Հարցին՝ իսկ տնտեսական այս քաղաքականության արդյունքում հնարավո՞ր է արդյոք ունենալ ինքնիշխան Հայաստան, ինչի պաշտպանն է իրեն հռչակել Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանը, Նաիրի Սարգսյանը նկատեց.

«Ասում են՝ անկախությունն անսակարկելի արժեք է, այո՛, ինձ համար անկախությունը սակարկման ենթակա չէ, բայց չէ՞ որ անկախությունը սկսվում է տնտեսական անկախությունից, ինչ է՝ հիմա անկա՞խ ենք»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը, թե իշխանությանն աջակցող փորձագետներն ու իշխանության սատելիտ կուսակցություններն առաջարկում են ինքնիշխան Հայաստան դառնալ՝ դուրս գալով ԵԱՏՄ-ից և ռուսական ազդեցության գոտուց, Նաիրի Սարգսյանն արձագանքեց.

«Տխմարություն է այդ խոսույթը. աշխարհում չկա գեթ մեկ զարգացող երկիր, որը հույսը դնի եվրոատլանտյան բլոկի վրա և կարողանա իրականացնի արտահանումներ, որովհետև այդ բլոկը երկրներին տալիս է գրանտներ՝ փորձեր իրականացելու և դրական արդյունքն իր մոտ տանելու համար, և զրկում արտահանման հնարավորությունից՝ սահմանելով սերտիֆիկացման այնպիսի պահանջներ, ինչին հասնելու համար հայաստանյան արտադրողը նախ պետք է ահռելի ներդրումներ անի, ինչն էլ իր հերթին՝ ահավոր բարձրացնում է ապրանքի ինքնարժեքն ու արտահանումը դարձնում անիմաստ։ Եվրոատլանտյան բլոկի դարերով եկող քաղաքականությունը հետևյալն է՝ փող տալ զարգացող երկրներին, բայց թույլ չտալ արտահանման հնարավորություն, իսկ ահա Ռուսաստանը տալիս է հենց այդ արտահանման հնարավորությունը»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ դատարկաբանելու փոխարեն, թող ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անողները ցույց տան, թե ո՞ր շուկաներում են իրացնելու Հայաստանի արտադրանքը մեր արտահանողները, ԵԱՏՄ-ից բացի, և թող բացատրեն՝ ո՞վ է Հայաստանին տալու ատոմակայանի հումքը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս