Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Կառավարության որոշմամբ լուծարվում է «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն: Թվում է՝ գործ ունենք ընթացիկ մի ադմինիստրատիվ որոշման հետ: Սակայն միայն առաջին հայացքից:
«Էներգաիմպեքսը» պետական ընկերություն է, որը հիմնադրվել էր 2016 թվականին հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում ավելի զարգացնելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունը պետք է աշխատանք իրականացներ հայ-իրանական «էլեկտարէներգիա՝ գազի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում համագործակցության խորացման, ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:
Իրականում «Էներգաիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն: Եթե համառոտ, ապա՝
1. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը չի դիտարկում Իրանի հետ «էներգետիկ երկխոսության» զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականության տիրույթում: Մինչդեռ դա հույժ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր էներգետիկ անվտանգության ապահովման ուղիների դիվերսիֆիկացման մարտահրավերները: Միայն արևային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:
2. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը: Մինչդեռ 1997 թ.-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունվեց դ՛Ամատոյի օրենքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դեպքում) Հայաստանը դինամիկորեն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դեպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաև Վաշինգտոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցների համատեքստում:
3. «Էներգքիմպեքսի» լուծարումը նաև սիմվոլիկ քայլ է: Այն
հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվեց 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևովարմանը զուգահեռ: Ըներությունը պետք է հանդես գար նաև որպես այդ միջանցքի հայաստանյան օպերատոր: Մեծ հաշվով, սա քայլ է՝ ուղղված «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ ռազմավարության դեմ, որի ներքո Իրանը Հարավային Կովկասով հավակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան:
4. Որոշումը տեղավորվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականության տրամաբանությոն մեջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրահարույց է ու անգամ ռիսկային էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Փաստացի ազատականացնելով նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը՝ կառավարությունը ցույց է տալիս, որ չունի արտաքին շուկաներում որևէ առաջնահերթություն: Մինչդեռ իրանական ուղղությունը մշտապես առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը: