The Armenian Patient, կամ՝ Հայաստանը՝ քաղաքական մոլագարության ճիրաններում
Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման (հակա)ֆենոմենը խորությամբ հասկանալու համար կարևոր է քննարկել ոչ միայն դա ապահովող ներքին ու արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական նախադրյալները, այլ նաև նրա անձնական, հոգեբանական գործոնները, դրանց վրա խարսխված վարքագիծը:
Արցախն ու Հայաստանն արդեն երեքուկես տարի անցնում են դժոխային արհավիրքների միջով` հազարավոր մարդկային կորուստներ, Արցախի հայաթափում, Հայաստանին սպառնացող նորանոր գոյաբանական մարտահրավերներ… Նիկոլ Փաշինյանն այս բոլոր աղետների կենտրոնում է, դրանց մի մասի սադրողը, մյուսների՝ ամորֆ հետևողը, որոշները՝ կանխել չկարողացողը…
Միջին վիճակագրական նորմալ մարդու կանխավարկածով, նման իրավիճակում հայտնված անձը պետք է լիներ սարսափելի հոգեվիճակում, ունենար մղձավանջային ապրումներ, մեղքի անասելի զգացում:
Այդ նույն կանխավարկածին ենթակա մարդը հենց այդ ամենի ազդեցության տակ նվազագույնը կանգ կառներ` սեփական մեղավորությունը չավելացնելու մղումով կդադարեցներ աղետալի ընթացքը գոնե այն մասով, որը պայմանավորված է իր քաղաքական լինելիությամբ ու մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, առաջնորդվում է տրամագծորեն հակառակ կանխավարկածով: Յուրաքանչյուր աղետ, ամեն մի կորուստ, հերթական արհավիրք կարծես ավելի է ամրապնդում նրան ներքնապես` դրդելով նորանոր վնասարարությունների՝ պետությանն ու հասարակությանն ավելի մեծ հարված հասցնելու վճռականությամբ:
Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան բավարարվածություն, յուրատեսակ նոր ավյուն, լիցքավորում է ստանում աղետներից ու պարտություններից, և ինչպես մի անգամ խոստովանել է, ըստ ամենայնի` անկեղծորեն, հպարտանում է պարտություններով: Հավանաբար հոգեբանությունը, այլ գիտակարգեր կկարողանան այս դեպքն ու իրավիճակը բացատրել ակադեմիական լեզվով և ախտորոշել պացիենտին: Բայց քանի դեռ դա և դրան հաջորդող քայլերը տեղի չեն ունեցել, Հայաստանն ու հայ հասարակությունը շարունակելու են գտնվել պացիենտի փորձանմուշի կարգավիճակում, որը ծառայում է նրա՝ աղետներից ու պարտություններից փառավորվելու պահանջմունքի բավարարմանը:
Առաջին հայացքից այս իրավիճակը թվում է հակատրամաբանական, որովհետև բանականությունը հրաժարվում է ընդունել իրողությունը, որ մարդը կարող է երջանկանալ այլոց ու սեփական պետության դժբախտություններով: Բայց դա մոտավորապես նույնպիսի անոմալիա է, ինչպիսին պատահում է սեփական զոհերի արյունից չհագեցող սերիական մարդասպանի պարագային․ յուրաքանչյուր հաջորդ զոհի հետ մոլագարն իրեն ավելի ուժեղ է զգում ու պատրաստ նոր ոճրագործության:
Նիկոլ Փաշինյանի դեպքում տարբեր է մոլագարության դրսևորումը. այն արտահայտվում է ոչ թե սեփական ձեռքերն ուղղակի իմաստով արյունոտելով, այլ «քաղաքական գործիքակազմով»: Բայց դրանից խնդրի էությունն ու ողբերգականությունը չի փոխվում, ինչպես որ սպանվողի համար էական չէ` մարդասպանն իր գործն անում է Վագների երաժշտությա՞ն, թե՞ թուրքական մուղամի հնչյունների ներքո:
Արցախը՝ կորսվել, Հայաստանն էլ հայտնվել է գոյաբանական սպառնալիքների առաջ քաղաքական դեգրադացման պատճառով: Դրա սկզբնական շրջանն արտահայտվել է փողոցային, էժանագին պոպուլիզմով, ընթացքն ուղեկցվել է իշխանական այլասերմամբ, իսկ վերջին փուլը դրսևորվում է քաղաքական մոլագարությամբ:
Այս մղձավանջային ընթացքը դադարեցնելու նախապայմանը, առաջին անհրաժեշտ քայլը, իհարկե, մոլագարի հեռացումն է։ Բայց խնդրի հիմնարար լուծման, մոլագարության` համաճարակի վերածվելու ներուժ ունեցող ախտից ապաքինման համար պետք է վերացնել դրա գոյացման պատճառները, եթե կարճ` ապադեգրադացնել քաղաքականությունը, որի հետևանքով պետությունը կապահովագրվի մանիակալ հակում ունեցողների կողմից զավթվելու վտանգից:
Հարություն Ավետիսյան