«Պետք է մտածել Ղարաբաղի դժբախտ ժողովրդի ճակատագրի մասին երկարաժամկետ հեռանկարում. նրանք իրենց հարազատ բնօրրանն են լքել». Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Վալդայ ակումբի նիստի ժամանակ ասել է, որ Ռուսաստանն օգտագործել է բոլոր իրավական մեխանիզմները Ղարաբաղում մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից.
«Մենք օգտագործեցինք մեր ունեցած իրավական գործիքակազմը մարդասիրական բաղադրիչ ապահովելու համար։ Ինչպես գիտեք, այնտեղ մեր մարդիկ զոհվեցին, ի դեպ, պաշտպանելով Ղարաբաղի հայերին: Խոսքը մեր խաղաղապահների մասին է։ Իսկ մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել, բուժօգնություն ենք հասցրել, ապահովել ենք նրանց ելքը»,- ասել է Վ. Պուտինը Վալդայ միջազգային ակումբի նիստի ժամանակ:
Նա նաև հավելել է, որ Արևմուտքը պետք է մարդասիրական օգնություն ուղարկի Ղարաբաղի դժբախտ ժողովրդին, բայց պետք է մտածել նրանց ճակատագրի մասին երկարաժամկետ հեռանկարում:
«Մենք նրանց մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել, բժշկական օգնություն ենք ցուցաբերել, ապահովել ենք նրանց ելքը, բայց եթե նորից վերադառնանք մեր եվրոպացի, այսպես կոչված, գործընկերներին, լավ, գոնե հիմա թող մարդասիրական օգնություն ուղարկեն այդ դժբախտ մարդկանց աջակցելու համար, այլ կերպ չեմ կարող անվանել: Այդ մարդիկ իրենց Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հարազատ բնօրրանից են դուրս եկել: Բայց ինձ թվում է, որ նրանք դա կանեն: Բայց ընդհանուր առմամբ, մեծ հաշվով, պետք է, իհարկե, մտածել նրանց ճակատագրի մասին երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Պուտինը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը