Վերաքննիչ քրեական դատարանում կրկին մակագրությունները ձեռքով են կատարվում. պատմությունը կրկնվում է

Այսօր փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ կրկին, «արդեն 3 օր է՝ վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը»:

«Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակից անձանց ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը: Այսինքն՝ հենց այդ օրվանից սկսած բողոքները պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեին վերաքննիչի դատավորներին: Արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»,- գրել էր փաստաբանը:

Սա, իհարկե, նորություն չէ: Առաջին անգամ այս հնարքը կիրառվեց դեռևս 2021թ. հուլիսի 22-ին, երբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ներխուժել էին Վերաքննիչ քրեական դատարան ու առգրավել քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգիչը: Այն ժամանակ համակարգում վստահ էին, որ նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ Վազգեն Ռշտունու փոխարեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) այդ ժամանակվա նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող էր մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

Ի վերջո, շուրջ մեկ տարի անց համակարգը սկսեց աշխատել, բայց դա մեծ մասամբ պայմանավորված էր նրանով, որ տվյալ պահին վտանգ չկար, որ պետք է չեզոքացվեր: Պատմությունը կրկնվում է, և հիմա էլ Մխիթար Պապոյանի ղեկավարած Վերաքննիչ քրեական դատարանը մնում է այն քիչ թե շատ անկախ դատարանը, որտեղ հնարավոր է հանդիպել պատվեր չկատարող դատավորների: Ուրեմն ճիշտ ժամանակն է, որ էլեկտրոնային մակագրումների համակարգը կրկին խափանվի:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին ի պատասխան՝ որն է համակարգի չգործելու պատճառը, ԲԴԽ մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանն ասաց՝ խափանումներ կան մի քանի դատարաններում:

«Ոչ միայն նշված քրեական դատարանում ենք ունեցել խափանում, այլև, օրինակ, Շիրակի մարզում: Օրեր շարունակ չէր գործում նաև ԲԴԽ պաշտոնական կայքը: Այդ խափանումները նախնական վարկածով կապված են հոսանքի տատանումների հետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում, ինչպես համակարգը վերագործարկելու, այնպես էլ խափանման պատճառները հասկանալու համար: Այս պահին հաջողվել է վերագործարկել պաշտոնական կայքը»,- ասաց ԲԴԽ մամլո խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս