
Դոլարի թանկացումը ժամանակավոր երևույթ է. տնտեսագետը՝ արտարժույթի արժևորման խորքային պատճառների մասին

Դոլարը թանկանում է: Հոկտեմբերի 4-ին դոլարն արդեն կարելի է ձեռք բերել միջինը՝ 457.17 դրամով, վաճառել 423.89 դրամով։
Մասնագիտական տարբեր շրջանակներ դրամի շուրջ 7 տոկոս արժեզրկումը չեն պայմանավորում տնտեսությունից եկող ազդակներով. որպես պատճառ են նշում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից հետո առկա խուճապային տրամադրություններն ու անվտանգային մարտահրավերների ձևավորած բացասական սպասումները։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տատանմանը՝ այն համարեց բնական և ժամանակավոր երևույթ:
«2022 թվականին հիմնականում ՌԴ-ից ֆինանսական հոսքերի պայմաններում դոլարն էժանացավ։ Հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունենում, ինչը, կարծում եմ, պայմանավորված է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների գործոնով,- նշեց տնտեսագետը՝ պարզաբանմամբ,- Արցախից գաղթածների զգալի մասը, ամենայն հավանականությամբ, հակված չէ Հայաստանում մնալու, և դոլարային եկամուտ է պետք՝ այլ ուղղությունների համար: Հասկանալի է, որ 100 հազարից ավելի տեղահանված մեր հայրենակիցները չեն պատրաստվում Հայաստանում մնալ, որովհետև ՀՀ իշխանությունները, ըստ էության, հանձնեցին, ծախեցին: Վաղը այս նույն Հայաստանը կծախեն. սրանք կառավարողներ չեն, սրանք հանձնարարություն են ստացել վերացնել Հայաստանը»:
Հենց այս բացասական սպասումների համատեքստում գնահատելով տնտեսական իրողությունները՝ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ այս խուճապային տրամադրություններին հակառակ՝ շարունակում է «ուզուրպացված մնալ իշխանությունը»:
«Էս ազգ է՞, թե՞ խալխ. չեն կարողանում ազատվել էս իշխանությունից»,- հավելեց Վարդան Բոստանջյանը: