«Ատոմակայանը Թուրքիայի աչքի փուշն է. ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշումը կա ու չի դադարել՝ բոլորիս էլ հասկանալի է». Արա Մարջանյան
Թուրքիան կրկին դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով կոնսերվացնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը։
168.am-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Թուրքիայի ներկայացրած պահանջի մասին նախ ասաց, որ սա առաջին անգամ ու առաջին քայլը չէ Թուրքիայի կողմից.
«Մեր ատոմակայանը Թուրքիայի աչքի փուշն է՝ թողարկման պահից իսկ սկսած։ Թուրքիան որևէ հիմք չունի այդպիսի վճիռ կայացնելու, նա իրավասություն ու հիմնավորում չունի։ ՄԱԳԱՏԷ-ն այստեղ կատարում է իր պլանային ստուգումները, և նրա կարծիքը պրոֆեսիոնալ մակարդակում միշտ հասանելի է բոլորին։ Նրանք իրավիճակը գնահատում են կառավարելի, աշխատանքները՝ բավարար, և որևէ նկատողություն կամ անհանգստություն հայկական ատոմակայանի հետ պաշտոնապես չեն հայտնել»,- նշեց Արա Մարջանյանը։
Ըստ փորձագետի, Թուրքիայի այս պահանջը պետք է դիտարկել բացառապես Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու տիրույթում։ Իսկ պրոֆեսիոնալ տիրույթում դրա համար որևէ հիմք չկա։
Հարցին՝ արդյո՞ք թուրք-ադրբեջանական տանդեմն այստեղ չի կարող գործադրել իր խավիարային դիվանագիտությունը կամ նավթադոլարները, որպեսզի հասնի հայկական ատոմակայանի փակմանը, Արա Մարջանյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ՄԱԳԱՏԷ-ն անկախ կլինի այդ ճնշումներից, և այստեղ պետք է հույսը դնել կառույցի բարեխղճության վրա։ Այն, որ ճնշումը կա ու չի դադարել՝ կարծում եմ՝ բոլորիս էլ հասկանալի է։ Սակայն այստեղ որևէ պրոֆեսիոնալ հիմնավորում չկա՝ ատոմակայանի փակման համար, Հայաստանը հանգիստ պետք է շարունակի իրականացնել իր աշխատանքը»։