#ՀԻՄԱ. Ո՞Վ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՋՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հոկտեմբերի 5-ին Գրանադայում փորձելու են փաստաթղթի կամ նախափաստաթղթի նման ինչ-որ բան ստորագրել, բայց պետք չէ դրանով խաղաղության վերաբերյալ պատրանքներ ունենալ: Ադրբեջանը դնելու է այնպիսի պահանջներ, որի ընթացքում կամ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, կամ կստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կբերի նոր աղետներ:
- Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագան պատկերացնում է մոտավորապես Վրաստանի օրինակով: Նիկոլ Փաշինյանն էլ մտածում է՝ Արցախը տվեց, չստացվեց, միգուցե Սյունիքը տալով՝ կստացվի, ռուսները կգնան, ժողովուրդն էլ կապրի երջանիկ:
- Նիկոլ Փաշինյանը կվարվի այնպես, ինչպես վարվել է միշտ: Ոչ թե կհամաձայնի ստորագրել, այլ այնպես կանի, որ թշնամին ուժով հասնի իր ուզածին:
- Հոկտեմբերի 5-ը շատ վտանգավոր վերջնահաշվարկ է, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը գնա արևմտյան ճանապարհով, մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը ևս մի «դաս» կտա, որի հետևանքները շատ ցավոտ կարող են լինել:
- 3+3 հարթակի կողմ գնացինք՝ ստացանք կոշտ պատասխան, գնացինք Բրյուսել, Պրահա՝ նույնը, կշարունակենք՝ կլինի ավելի վատ: Իրանը, Ռուսաստանը բազմիցս ասել են՝ պետք չի դրսից տարածաշրջան ուժ բերել: Չենք լսում ու տուժում ենք: Այն, ինչ կատարվում է հիմա, Հայաստանի իշխանության անհեռատես քաղաքականության արդյունքն է: Արևմուտքի ուզածը Հայաստանից լոկ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է:
- Այս իշխանությունները կարծես թե մինչև հիմա չեն հասկացել, որ օգտվելով իրենց բացառիկ ապաշնորհությունից, բոլոր ուժային բևեռները փորձում են Հայաստանն օգտագործել հանուն իրենց շահերի:
- Այս աղետը և Ռուսաստանը, և Արևմուտքը կարող էին կանխել. Ընդամենը կարող էին զանգել Ալիևին, ասել՝ կտրուկ քայլեր չանես, թե չէ սանկցիաներ կկիրառենք: Չարեց Արևմուտքը, որովհետև իրենց պետք էր, որ Արցախում աղետ լինի, որ ռուսների ներկայությունը թուլանա:
- Ռուս խաղաղապահները կամ դուրս կգան, կամ կմնան Ադրբեջանի օրակարգով, այսինքն՝ կպահեն Արցախում 5-10 000 հայեր և ցույց կտան, որ էթնիկ զտումներ չկան, Ադրբեջանը բազմազգ պետություն է, ռուսների դուրս գալու հարցն էլ կփակվի:
- Թուրքիային ու Ադրբեջանին միայն Զանգեզուրի միջանցքը չի պետք, այլ ողջ Սյունիքը:
- Դե ֆակտո ինքնիշխանությունը Հայաստանը չի կորցնի երբեք. Նիկոլ Փաշինյանը կարիք չունի դրա համար պայքարել: Թղթի վրա Հայաստանի Հանրապետությունը միշտ կլինի: Թե ինչ տարածքի վրա դա կպահպանվի, հայտնի չէ. այ սա են վտանգում Հայաստանի իշխանությունները:
- Այն, ինչ անում են Հայաստանի այսօրվա իշխանությունները, պայքար է իրենց պաշտոնների և աթոռների համար: Պարզապես այդպես տգեղ կլինի ասելը, դրա համար անունը դրել են ինքնիշխանության համար պայքար:
- Պետք չի քննարկել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, որովհետև դա հնարավոր չէ անգամ տեսականորեն: Մեր հասարակությունը որևէ տարբերակ քննարկելիս չի նայում՝ հնարավո՞ր է դա, թե՞ ոչ, այլ՝ լա՞վ է, թե՞ ոչ:
- Եթե Ռուսաստանը թշնամական քայլեր է անում, մենք չպետք է ճակատամարտենք մինչև հաղթական ավարտ, որովհետև դրա հնարավորությունը չկա:
- Ռուսաստանը շատ վատ դաշնակից է, բայց կարող է լինել վտանգավոր թշնամի:
- Հայաստանն այնպիսի արտաքին քաղաքականություն պիտի վարի, որ որևէ մեկին ձեռնտու չլինի մեզ վրա հարձակվել: Այս իշխանություններին ոչ միայն դա ձեռնտու չի, այլև տպավորություն է, որ նրանք ամեն ինչ անում են, շտապում են և շտապեցնում են այդ հարձակումը:
- Ընդդիմությունը չի կարող երկրի ընթացքը փոխել: Կարող է փոխել միայն իշխանությունը փոխելուց հետո:
- Առաջնորդի հարցը շատ կարևոր է, բնականաբար, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ պիտի անի հաջորդ վարչապետը: Պետք է ձևակերպել նպատակը: Հաջորդ վարչապետը պետք է լինի նա, ով լավագույնս կհասնի այդ նպատակի իրականացմանը:
- Պետք չի, որ ով տապալում է իշխանությունը, նա էլ վերցնի: Մենք տեսանք՝ ինչ արեց Փաշինյանը: Պետք է մերժել պոպուլիզմը, քննարկել իրատեսական ծրագիր:
- Ինչքան երկրի վիճակը ծանրանում է, այնքան հաջորդ իշխանությունների նկատմամբ պահանջները մեծանում են:
- Իշխանություննեը կկրակեն առանց աչք թարթելու, բայց դա կներկայացնեն այնպես, որ ոչ թե ՀՀ քաղաքացիների վրա են կրակում, այլ ՀՀ ինքնիշխանությունն են պաշտպանում:
Մանրամասները՝ տեսանյութում: