«Ինքնիշխանության խնդիր դրած» իշխանություններն իրենց գործողություններով կարող են մեր երկիրը կանգնեցնել նաև այդ խնդրի առջև. քաղաքագետ
«Մենք գրեթե 3 տարի շարունակ զգուշացնում էինք, որ չի կարելի Հայաստանը վերածել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների պարզման փորձադաշտի կամ հակասությունների կենտրոնի: Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները, գիտակցաբար թե ոչ, արեցին դա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց ներկա վիճակը քաղաքագետ Արա Պողոսյանը՝ հավելելով, որ այս համատեքստում բավականին մեծ վտանգով են հղի նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա մեղադրանքները՝ ուղղված ՌԴ-ին:
«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հայտարարությանը՝ մենք միշտ լսել ենք այդ երկրի կողմից արված՝ աջակցության ցանկության մասին, այդուհանդերձ, գոնե վերջին 3 տարում մենք այդ աջակցությունը հողի վրա, կարելի է ասել, կապիտալիզացված ձևով երբեք չենք տեսել: Եթե չասեմ, որ այդ աջակցության «պտուղներից» մեկը, որը կարելի է համարել «Պրահայի պայմանավորվածությունը», որտեղ Ֆրանսիան ևս մասնակից էր քառակողմ հանդիպման ժամանակ, ընդունվեց հայտարարությունը, որը հետագայում օգտագործվեց մեր շահերի ու Արցախի կարգավիճակի դեմ, այդ թվում՝ նաև ՌԴ-ի կողմից»,- ասաց քաղաքագետը:
Ստեղծված իրավիճակում, 168.am-ի զրուցակիցը ցավով արձանագրեց, որ ՀՀ իշխանությունների կողմից աշխարհաքաղաքական այս երկու բևեռների հետ աշխատանքն առաջիկայում կարող է վերածվել այդ բևեռներից մեկի հետ աշխատանքի, իսկ մյուսի՝ դիմակայության: Սա, ըստ նրա, շատ վտանգավոր իրավիճակի կարող է հանգեցնել Հայաստանի հետագա ճակատագրի հարցում: Իսկ այդ վտանգը պատկերացնել, ըստ Պողոսյանի, դժվար չէ: Բավական է միայն դիտարկել այդ ճանապարհը բռնած մյուս երկրների օրինակները:
«Մասնավորապես Ուկրաինան, որտեղ մենք այժմ տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Վրաստանը, որը, ի վերջո, իր բալանսավորված քաղաքականության միջոցով, ինչ-որ պահից սկսած, կարողացավ որոշակիորեն ստաբիլիզացնել իրավիճակը: Բայց այն պարագայում, երբ մենք չունենք ո՛չ ծով, ո՛չ նոր ելքեր, ո՛չ հարևաններ, որոնց հետ կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել, իրավիճակը կարող է անդառնալի լինել»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ ՀՀ իշխանությունների կողմից դեպի Հայաստան Արևմուտքին հրավիրելը մեր երկրին կարող է զրկել նաև հարևան Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունից: Նրա խոսքով, Իրանը նախկինում մեկ անգամ չէ, որ զգուշացրել է տարածաշրջանում այլ ուժեր չհանդուրժելու մասին, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հավաքական Արևմուտքին, որն այդ երկրի կողմից դիտարկվում է՝ որպես «մահացու թշնամի»:
«Ցավոք սրտի, ես ներկա իշխանությունների հետ որևէ էական հույս չունեմ: Ընդհակառակը, կարծում եմ, որ իրենց իշխանության և ներկա արտաքին քաղաքական ուղեգծի պայմաններում, Հայաստանի Հանրապետության վիճակը գնալով ավելի է վատթարանալու: Իսկ իրենց հայտարարությունները, թե ՀՀ առջև ինքնիշխանության խնդիր կա, իրենց իսկ գործողությունները հանգեցնելու են հենց այն իրավիճակին, որ ՀՀ-ն այդ վտանգի առջև ևս կանգնի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ավելի խոհեմ ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու դեպքում այդ սցենարից հնարավոր կլիներ խուսափել:
Այս համատեքստում, քաղաքագետը հիշեցրեց, որ հայկական կողմն այդպես էլ լիարժեքորեն չիրացրեց Իրանի հետ ընդհանուր շահեր ունենալու փաստը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այնինչ, մեր զրուցակցի գնահատմամբ, հարևան երկրի հետ լիարժեք գործակցության դեպքում հնարավոր էր կառուցել մեր երկրի անվտանգային միջավայրը:
Որպես հավելում՝ քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների լիարժեք իրացման դեպքում Հայաստանը հնարավորություն կունենար միջազգային հարթակներից ստացված ազդակներն ավելի արդյունավետ ծառայեցնել իր ազգային ու պետական շահերին:
«Քանի որ շեշտեցի «ազգային ու պետական շահերը», այսօրվա իշխանության ամենամեծ ու ֆունդամենտալ սխալներից մեկը նաև այն էր, որ նրանք փորձ արեցին աղճատելու, հաճախ նաև հակադրելու ազգային ու պետական շահերը, ինչը, ըստ էության, իր հետ բերեց թե՛ գաղափարական, թե՛ փիլիսոփայական դեֆորմացիայի: Սա էլ իր հերթին՝ հանգեցրեց քաղաքական մտքի դեգրադացիայի»,- եզրափակեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Նազելի Ստեփանյան