Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստան, և այն բարդագույն իրավիճակները, որոնք տեսնում ենք, ավտոմատ փոխանցվելու են ՀՀ-ին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, Արցախի պաշտպանության ապահովմամբ ապահովվում էր Հայաստանի անվտանգությունը:

«Եվ հարվածներն Արցախին մի քանի անգամ շատ ավելի ծանր ազդեցություն են ունենում ՀՀ անվտանգային և պաշտպանական համակարգի վրա, քան կարելի է պատկերացնել»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել բացառապես ՀՀ-ից դուրս գտնվող խնդիր: Մինչդեռ Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստան, և այն բարդագույն իրավիճակները, որոնք տեսնում ենք, ավտոմատ փոխանցվելու են ՀՀ-ին:

«Պատահական չէ, որ այս օրերին, երբ Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ, Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացրեցին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը՝ պնդելով, որ ամեն կերպ հասնելու են դրան: Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որ Ադրբեջանն արդեն իսկ հստակ ցույց է տալիս, որ իր սպառնալիքների և ուժի կիրառման քաղաքականությունն ունենում է իր համար արդյունքներ: Եվ դա նվազագույնը շանտաժ և սպառնալիք է ՀՀ-ին, որ ցանկացած խնդիր, որը եղել է Հայաստան-Ադրբեջան «խաղաղ» բանակցային գործընթացի շրջանակներում, եթե լուծում չստանա, չկատարվեն ադրբեջանական պահանջները, ապա Ադրբեջանը՝ Թուրքիայի և մյուս դաշնակիցների սատարմամբ, պատրաստ է լինելու դրան հասնել ուժի կիրառման միջոցով: Այսինքն, պատրաստ են պատերազմը տեղափոխել բուն ՀՀ տարածք»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով Եվլախում տեղի ունեցող Ադրբեջանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, պատգամավորը նշել է, որ Ադրբեջանն օպերացիան այնպես էր նախատեսել, որ ամեն ինչ մինչև սեպտեմբերի 21-ն ավարտված լինի և բանակցությունները տեղի ունենան հենց սեպտեմբերի 21-ին։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք ՀՀ-ի ու Արցախի համար բնութագրել են ազատություն, անկախություն և անվտանգություն։

Որքան ես եմ տեղյակ, այդ բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու, միայն Եվլախում չեն տեղի ունենալու: Այս իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, մյուս կողմից՝ դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու: Սկսենք այն հանգամանքից, որ այսօր էլ մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններն են, և դրանք մինչ օրս դուրս չեն բերվել։ Այդ հանդիպումները իրենցից ենթադրում են հումանիտար բնույթի խնդիրներից մինչև հերոսների մարմինները մարտադաշտից դուրս բերելու, Արցախի ապագայի հետ կապված հստակություններ։ Ինձ համար դեռ հստակ չէ, թե ինչ հստակ ճանապարհ է ընտրվելու։ Խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ է մտածում Արցախի իշխանությունը, կարևոր է հասկանալ, թե ինչ է առհասարակ մտածում Արցախում ապրող մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, թե պատերազմի այս փուլն ավարտվել է, այնտեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ, և իրենց անվտանգության հարցը գոնե նվազագույն առումով լուծված է, բայց ժամանակը ցույց տվեց, որ ռուսական կոնտինգենտի ներկայությունը չզսպեց Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ իրականացնելու։ Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները, այն, ինչ հայտարարում էին, նաև առարկայական առումով իրացնելու են, այսինքն՝ Արցախում տեղի ունեցողը բացառապես դիտարկելու են՝ որպես Ադրբեջանի ներքին հարց, և որևէ ձևով միջամտություն չէին ապահովելու,- շարունակել է Տիգրան Աբրահամյանը և հավելել,- Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, ու դժվար է ասել, թե որ կողմը ինչ մասով է տանելու բանակցությունը։ Դրված է ոչ միայն ՊԲ-ի, այլ նաև պետական ինստիտուտների կազմալուծման հարցը։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է Արցախում իրականացվելու կառավարում, ու այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու, պայմանական ռուս խաղաղապահները ունենալո՞ւ են ֆունկցիաներ, թե՞ դուրս են գալու: Պատահական չէ, որ երեկ Ադրբեջանի նախագահն իր գոհունակության խոսքն էր հայտնում ՀՀ իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին»:

Տիգրան Աբրահամյանը խոսել է նաև վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններից և հայտնել, որ սկզբնական փուլում գործել են հրետանային, հրթիռային համակարգերը, բավականին ակտիվ են եղել տարբեր նշանակության ԱԹՍ-ները, մի փուլում գործել է նաև ավիացիան, ցամաքային գործողություններն իրականացրել են Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները:

«Այն կատաղի պայքարը, որ Արցախի ՊԲ-ն, արցախցիները տարել են, բառիս բուն իմաստով՝ առանց նահանջելու, այն տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների բացակայության, վառելիքի և փոխադրումների բացակայության պայմաններում: Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տաբեր հատվածներ օգնության հասել են 20-30-40 կիլոմետր քայլելով»,- նշել է Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս