«Նիկոլի ժամկետն անցավ. իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը չեն օգնում Հայաստանին, որովհետև Հայաստանն ինքն իրեն չի օգնում:

«Ռուսաստանը, իհարկե, ունի դաշնակցային պարտավորություններ, բայց դու այնքան պետք է լինես, որ կարողանաս այդ դաշնակցային պարտավորություններն իրականացնելու համար սեղանի վրա նստել, լինել բաց, անկեղծ: Իսկ Հայաստանը կատարե՞լ է իր դաշնակցային պարտականությունները, ի՞նչ է արել: Ռեալ պոլիտիկը հենց սա է, պետք է իրատես լինել, պետք է տեսնել՝ ինչ է կատարվում: Դու, որպես փոքր պետություն, որ ուզում ես Ամերիկա բերել իր վրա, այստեղ տարածաշրջանում, հետո ուզում ես, որ քեզ չչափալախի՞: Չի կարող լինել այդպես, թարգեք, հերիք է: Մեզ թվում է՝ կարող ենք արջի թաթերի հետ խաղալ, հետո հարված չստանա՞լ: Չի լինում այդպես: Դա քաղաքական արկածախնդրություն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Ռուսաստանը 1994թ. երազել է մտնել Լեռնային Ղարաբաղ, էդ ո՞նց եղավ, որ դու մինչև 2018թ. կարողացար դրան դիմադրել, ունենալ դաշնակից, «Իսկանդեր» էլ բերել, խնդիրներդ էլ քիչ թե շատ լուծել, բայց 2018-ից հետո Ռուսաստանը դարձավ դոմինանտ այս տարածաշրջանում: Ուղեղ է պետք դրա համար: Բայց ասածս չի նշանակում, որ Ռուսաստանը չունի պարտավորություններ: Ռուսաստանը, այո, ունի պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և այդ պարտավորություններն ինքը պարտավոր է կատարել»,- ասաց նա:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ գերտերություններն այս տարածաշրջանում իրենց խնդիրներն են պարզում, և դրա համար դեռ կա կոնսենսուս, որ Փաշինյանը մնա իշխանության:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ բայց Ռուսաստանից արդեն հայտարարում են, որ Փաշինյանը դավաճան է, նա արձագանքեց. «Որովհետև ժամկետն անցավ: Ով բերել է իրեն իշխանության, ով ղեկավարել է պրոցեսները կամ տեղյակ է եղել, երբ տեսնում է, որ իրադարձությունները չնախատեսված դուրս են գալիս վերահսկողությունից… Ռուսաստանը 1828 թվականից, որպես կայսրություն, 200 տարի այս տարածաշրջանում հարյուրհազարավորների արյուն է թափել՝ ենթակառուցվածքներ ստեղծել, բազմաթիվ ժողովուրդների պետություն պարգևել, ի վերջո: Ի՞նչ է, կարծում եք՝ մի հատ Նիկոլ Փաշինյան, որ եկավ, հիմարություններ արեց, Ռուսաստանը պետք է թողնի՝ դուրս գա՞ այս տարածաշրջանից: Մենք չենք կարող հաշվի չնստել այս փաստի հետ: Ոչ ոք մեր փոխարեն մեզ չի պաշտպանելու, դա պետք է մենք անենք՝ խելքով, էս հիմարի «դուխով» չէ՝ խելքով: Դու կենաց միշտ կարող ես ասել, բայց կենացով պետություն չես պահի»:

Աբրահամ Գասպարյանի գնահատմամբ՝ Թուրքիան փորձում է Իրանին դուրս մղել Հարավային Կովկասից այնպես, ինչպես փորձ էր անում դա անել Սիրիայից. «Թուրքիան ունի լուրջ խնդիր Իրանի հետ Մերձավոր Արևելքում: Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արեց այն, ինչ երևի մի քանի տասնյակ պետություն չէր կարողանում 20-30 տարի անել՝ ոչ միայն պահելով Ասադի իշխանությունը, այլևս իր կենսական շահերը պահելով, փորձելով Սիրիայի մասնատումը որոշ ժամանակով կասեցնել: Հիմա, քառակողմ հանդիպման իր առաջարկով Էրդողանն ուզում է Հայաստանի սիրիականացումը, որի մասին նախկինում էլ եմ ասել: Հայաստանի սիրիականացման պրոցեսն է ուզում տեսնել՝ Իրանին դուրս մղելով այս տարածաշրջանից և ստանձնելով, այսպես կոչված, միջնորդի դերը՝ Երևան-Բաքու, Երևան-Մոսկվա հարաբերություններում: Դա հաջողություն չի ունենա, իհարկե»:

Նա նկատեց՝ թուրք-ադրբեջանական տանդեմը երբևէ հետ չի կանգնելու «Զանգեզուրի միջանցքի» իր ծրագրից. «Թուրքիան երբեք չի հրաժարվելու դեպի Արևելք գնալու իր քաղաքականությունից: Սա ամրագրված է իրենց կարմիր գրքում՝ ազգային անվտանգության ռազմավարությունում, սա այն է, ինչ դեռ 200 տարի առաջ պանթուրանականությունը ստեղծելիս՝ Մեծ Բրիտանիան և Եվրոպան դրեցին հիմքում, որ Թուրքիան պետք է ընդարձակվի դեպի Արևելք: Ինչո՞ւ դեպի Արևելք, որպեսզի իր սահմաններից հեռու պահի: Հայաստանը դրան խանգարում է, դրա համար բրիտանական նավերը երբեք հայկական լեռներ չեն բարձրանում: Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն հրաժարվելու դրանից, Նիկոլն էլ չի ուզում հրաժարվել դրանից: Բայց Նիկոլ Փաշինյանն առաջին ապտակը ստացավ հենց Իրանից: 2018-2019թթ. ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի զանգ չի կատարել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բոլթոնի այցից և Փաշինյանի հայտարարություններից հետո, Իրանը մեծ հարված հասցրեց ՀՀ ինքնիշխանության մասին կուրծք ծեծող մի խեղկատակի, որն իր արկածախնդիր քաղաքականության պատճառով թուրքական ռազմաքաղաքական, ռազմատնտեսական և անվտանգային շահերի կենտրոնը դարձրեց հենց Սյունիքը: Այս տարածաշրջանում հին խաղացողներ կան, մեզ հասակակից կայսրություն կա, որը դիվանագիտորեն հարյուրապատիկ ավելի լուրջ պոտենցիալ ունի, խոսքն Իրանի մասին է, դեռ տարածքի, տնտեսական կարողությունների մասին չեմ խոսում: Անտեսել Իրանի գործոնը, ինչպես ռուսական շահերն այս տարածաշրջանում, միմիայն բերելու է մեկ բանի՝ թուրք-բրիտանական բևեռի շահերի գերակտիվացման և այդ խոսույթի ձևավորման հողի նախապատրաստման՝ Սյունիքի օկուպացիայի, ի՞նչ միջանցք»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ տարածաշրջանում պատերազմ չի լինելու, նա պատասխանեց. «Դե, ինչ-ինչ բանակցություններ են վարել, շատ լավ հասկացրել են… Մի փակագիծ բացեմ. Իրանագետների հրավիրեք, ասեք՝ թող պատմեն, թե իրան-իրաքյան պատերազմի ժամանակ հեղափոխական կորպուսի երիտասարդական թևին ադրբեջանցիները կամ թուրքերը որ տեսնեն՝ ինչ վիճակում կհայտնվեն: Նրանք մահապարտներ են, Աստծուն աղոթում են, գնում՝ մահապարտ են դառնում՝ հանուն գաղափարի: Դրանց դեմ Ադրբեջանն ու Թուրքիան ի՞նչ են անելու: Դեռ դավանաբանական գործոնը չեմ ասում: Ձեզ թվում է, որ Իրանի հետ կարող են խաղ անե՞լ: Էդ սորոսածին մեդիաաղբերն են Հայաստանում, որ փորձել են անընդհատ նսեմացնել Իրանի գործոնը: Իրանը մեր բնական դաշնակիցն է, Իրանին թող որևէ մեկը չասի՝ ինչ անի, ինչպես Մոսկվային, Բրյուսելին, Վաշինգտոնին, բոլորն էլ գիտեն իրենց շահերը, իսկ ո՞րն է քո շահը: Եթե որպես պետություն՝ դու քո շահը չես ձևակերպել, եթե նշաձողն այնքան ես իջեցնել, որ քեզ թվում է, թե «Զանգեզուրի միջանցք» չտալը հերոսություն է լինելու, և ժողովրդին համոզելու ես, թե՝ տեսա՞ք՝ ասացի, որ չեմ տալու, և չտվեցի, այդ խեղկատակությունը պլեբսին կերակրելու հերթական խայծն է»:

Նա նկատեց՝ Արցախի նոր իշխանությունն ունի հստակ դիրքորոշում. «Այն կուրսը, որը որդեգրվել էր Երևանին ենթարկվելու և դոմինանտ համարելու, հիմա չի գործում: Բայց սա չի նշանակում, որ Ստեփանակերտը պետք է չաշխատի Երևանի հետ: Ազգային Երևանը գերակայություն պետք է ունենա Ստեփանակերտի նկատմամբ: Բայց երբ Ստեփանակերտը ինքը չորոշի, այսպես ասած՝ ինտեգրման գնալ: Ասում են՝ եթե պետք է տար, թո Արայիկը մնար, ինչո՞ւ էին փոխում. Նույնիսկ մի քանի խեղված կա, թե՝ կերա՞ք: Կարծես արցախցու նկատմամբ թշնամանք, ատելություն ունենան, անսխալականության սինդրոմ կարծես լինի, դա գալիս է իրենց հոգևոր հորից: Հիմա ես եմ ասում՝ դե տեսա՞ք, որ եթե Արայիկը փոխվում է, ինտեգրում չի լինում և չի լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս