Նիկոլ Փաշինյանը դիմում է աննախադեպ սադրանքի
Շուրջ 3 ժամ առաջ Ադրբեջանը շաբաթներ շարունակ տևող տեղեկատվական դիվերսիայից հետո լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի սահմանների ողջ երկայնով՝ հրետակոծելով անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդեն կան զոհեր, վիրավոր երեխաներ, թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությունը:
Այս իրավիճակում, երբ արդեն 3 ժամ ՀՀ բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցչի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ծպտունը չէր լսվում, և միայն քիչ առաջ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելուց հետո միայն կոչ արեց չտրվել սադրանքների ու պահպանել սառնասրտություն, նրա ընտանեկան թերթն արդեն իսկ անցել էր գործի:
«Հայկական ժամանակը» այս փխրուն իրավիճակում դիմեց իրեն բնորոշ սադրանքի. Ադրբեջանի հարձակումից շուրջ 1.5 ժամ անց, ուղիղ ժամը 14:18-ին,Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը, որի գլխավոր խմբագիրը նրա կինը՝ Աննա Հակոբյանն է, գրեց.
«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական կողմը Ադրբեջանին տրամադրել է ԼՂ-ում բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները ու հեռացել նշված վայրերից, և Ադրբեջանը սկսել է զանգվածային հրետակոծությունը»:
Այս իրավիճակում, երբ ռուսական կողմից բոլորս արդարացիորեն պահանջում ենք հավասարության նշան չդնել ագրեսոր Ադրբեջանի ու Արցախի միջև ու տալ հասցեական գնահատականներ, երկրի դե ֆակտո ղեկավարին պատկանող լրատվամիջոցը դիմում է աննախադեպ սադրանքի ու դաշնակից երկրի ռուսական խաղաղապահ զինուժին մեղադրում Ադրբեջանին Արցախի բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները տրամադրելու մեջ:
Փաստացի Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը ուղիղ թշնամանք է հրահրում հայ և ռուս ժողովուրդների և երկու պետությունների միջև: