 
                        Արարատ Միրզոյանը Նորվեգիայի գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը
 
                                    Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրում։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        