Դատախազությունը կրկնաքվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգ է ստացել
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների օրը ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք, դրանցից մեկը վերաբերել է 1-ից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն:
Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը:
«Աշխատանքային խմբի կողմից այսօր ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք, որոնցից 2-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել է նախաքննության մարմին՝ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: Դրանցից մեկը վերաբերել է 1-ից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն»,-ասաց նա:
Ստացված 4 ահազանգերից, դիմումներից, հաղորդումներից 2-ն ուղարկվել են իրավասու ստորաբաժանումներ՝ նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու: Դրանք վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն:
Արսենյանը նաև նշել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում, այսինքն՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած հատվածում, աշխատանքային խումբը փաստացի ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում:
«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 4-ը նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ: 1-ը՝ անձի կամ մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու, սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով, օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու փաստի առթիվ»,-ներկայացրեց Արսենյանը:
Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից մեկն ուղարկվել է Քննչական կոմիտեի իրավասու ստորաբաժանում: Ստացված հաղորդումներից, ահազանգներից, դիմումներից 7-ն ուղարկվել են Ոստիկանության տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու: