Հռոմի ստատուտը վավերացնելը ոչ թե ՌԴ-ի դեմ է, այլ Ադրբեջանի ռազմական հանցագործություններով է պայմանավորված․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ցանկանում է վավերացնել ոչ թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։
Մարուքյանն այս մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, որպես իրազեկ անձ կարող եմ ասել, որ այս հարցով առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությանը, հանդիպում է եղել, կա գործընթաց։ Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։ Դա քաջ գիտակցում են մեր ռուս գործընկերները։ Այս գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,-պարզաբանել է Մարուքյանը։
Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին հարցին, նա փաստել է, որ դրանք տեղի են ունենում խաղաղապահ առաքելության շրջանակներում։
«Առաջին անգամ դրանք անցկացվել են 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չեն եղել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն, այլ շարունակական են և իրականացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, որոնց մասնակցում է մեր երկիրը»,-ընդգծել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու վերաբերյալ առաջարկները մերժելու հարցին՝ Մարուքյանը նշել է, որ երբ ավելի քան 200 զոհի հանգեցրած ադրբեջանական ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելություն է ժամանել, ակնկալիք կար քաղաքական գնահատականի և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացման, ինչը չեղավ։
«Հիմա կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար․ մեր խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,-եզրափակել է նա։