«Երբ Հռոմն այրվում էր, ասում էին, թե կայսրը՝ Ներոնը, քնար էր նվագում. մենք էլ հիմա նման վիճակում ենք». Հարութ Սասունյան
Ասֆալտների, համերգների, դպրոցների ու մանկապարտեզների` իշխանությունների օրակարգին զուգահեռ՝ Արցախում 120.000 հայ շարունակում է շրջափակման մեջ մնալ, ՀՀ ինքնիշխան սահմաններն ամենօրյա ռեժիմով շարունակում են թիրախավորվել թշնամու կողմից:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանին իշխանությունների այս կեցվածքը հիշեցնում է Ներոն կայսեր անվանն առնչվող պատմական առասպելը:
«Մի պատմություն կա՝ Հռոմեական կայսրության ժամանակ, երբ Հռոմն այրվում էր, ասում էին, թե կայսրը՝ Ներոնը, քնար էր նվագում: Մենք էլ հիմա նման իրավիճակում ենք. երբ Արցախը ջախջախված, ջարդված է, և մեծ վախ կա, որ մնացածն էլ կկորցնենք, ու հաջորդ վտանգն էլ Հայաստանին է սպառնում, մենք զբաղվում ենք մարզային այցելություններով, դպրոցներով, հանդիպումներով, քաղաքապետի ընտրություններով: Լրիվ անտեսում ենք այն հսկայական սպառնալիքը, այդ սուրը, որ կախվել է մեր գլխին:
Եթե, Աստված մի արասցե, հայրենիքը կորցնենք, ո՛չ այդ դպրոցները, ո՛չ ասֆալտներն ու ընտրությունները ոչնչի չեն ծառայելու, մեր թշնամիներին են ծառայելու, որ նստելու են մեր տների մեջ,- նշեց Հարութ Սասունյանը՝ շարունակելով,- Հայ ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է՝ հակառակ բոլոր պատերազմական հարձակումներին, կործանումներին, ջարդերին և նույնիսկ Ցեղասպանության, և ցավալին այն է, որ բազմաչարչար այս ժողովրդի կյանքը կարող է ավարտվել մի մարդու պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան»:
Ամերիկահայ գործիչն ակնկալիքներ չունի արտաքին դերակատարներից՝ նկատելով, որ բոլոր միջնորդները բավարարվում են հայտարարություններով՝ մինչդեռ այս իրավիճակում և հատկապես Արցախի ապաշրջափակման հարցում կոնկրետ գործողություններ են պետք:
«Բոլորն էլ խոսում են, գեղեցիկ ճառեր են ասում, բայց ոչ մեկը չի նախաձեռնում կոնկրետ քայլեր. մեծ պետությունները չեն ուզում պատժամիջոցների դիմել, որ սաստեն Ալիևին: Միայն խոսում են Ալիևի ու Փաշինյանի հետ: Դիմում են՝ Լաչինի միջանցքն օր առաջ բացել, հետո նորից զանգում են Ալիևին ու նորից նույն խնդրանքը. արդեն 9 ամիս այս ցավալի խաղը շարունակվում է:
Տեսնում ենք, որ Արևելքն ու Արևմուտքն իրենց շահերն ունեն, ու միայն մեր երկրի ղեկավարությունն է, որ չի իմանում իր երկրի շահը՝ սպասելով, թե օտար ուժերը կգան ու կփրկեն մեզ՝ չհասկանալով, որ այդ դրսի փրկիչը երբեք չի եկել ու չի փրկել:
Մենք պետք է վստահենք միայն ու միայն մեր ուժերին,- նշեց սփյուռքահայ հրապարակախոսը՝ հավելելով, որ այս ճահճից դուրս գալու համար պետք է բանիմաց ղեկավար,- Շատ նուրբ քաղաքականություն պետք է ունենա ղեկավարը, որ կարողանա նավարկել այս բոլոր հորձանուտներում. սա անփորձ մարդու գործ չէ, սա շատ բարդ աշխատանք է: Մենք պետք ունենք բացառիկ կարողությամբ ղեկավարի, որ կարողանանք ամենափոքր կորուստներով դուրս գալ այս ճահճից»: