Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության ցուցանիշների բացասական դինամիկան վկայում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին
Անհերքելի փաստ է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումը տևական ժամանակահատված դրական ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության վրա։ Մասնավորապես, 2022 թվականին ՀՀ-ում արձանագրվեց բավական բարձր տնտեսական աճ: 2023թ. առաջին կիսամյակի սկզբի ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես բարձր եղավ։ Սակայն արդեն այս տարվա հունիս ամսին արձանագրվել է տնտեսական ակտիվության կտրուկ (մայիս ամսվա ցուցանիշի համեմատ՝ կրկնակի) նվազում։ Մեկ ամիս անց՝ հուլիսին, այն էլ ավելի է նվազել։
Բարձր աճ արձանագրվեց նաև արտահանման ոլորտում, որի արդյունքում 2022թ.-ին արտահանման աճը կազմեց 79.7%։ Աճի բարձր ցուցանիշները պահպանվեցին նաև 2023թ. առաջին եռամսյակում, սակայն աճի տեմպն աստիճանաբար սկսեց նվազել։ Արդյունքում արդեն 2023թ. հուլիսին արտահանման ոլորտում ակտիվության աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է ընդամենը 15.6%։
Միաժամանակ հարկ է արձանագրել, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսության կառուցվածքը ենթարկվել է նշանակալի փոփոխությունների։ Մասնավորապես՝ զգալիորեն աճել է «ոչ արտահանելի» և նվազել «արտահանելի» հատվածների (տվյալ դեպքում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության) տեսակարար կշիռը։ «Ոչ արտահանելի» հատվածում աճել են առևտրի և ծառայությունների տեսակարար կշիռները, և հետևաբար ավելացել է նաև տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։ Սա վտանգավոր և մտահոգիչ երևույթ է։ Ավաղ, պետք է արձանագրել, որ 2023թ.-ին առևտրի և ծառայությունների ոլորտների տեսակարար կշիռների ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի վրա էլ ավելի է խորացել ու արագացել։ Մասնավորապես՝ երկրորդ եռամսյակում արձանագրված 9.1% տնտեսական աճի 7.4 տոկոսային կետն ապահովվել է հենց այս ոլորտների հաշվին։
«Ոչ արտահանելի» հատվածի ու ընդհանուր տնտեսական աճի բարձր տեմպին զուգհահեռ՝ 2022 թվականին ՀՀ տնտեսության հիմնական «արտահանելի» ոլորտներում աճն անհամեմատ ավելի համեստ է եղել։ Արդյունաբերության ոլորտում 2022 թվականին գրանցվել է արձանագրված տնտեսական աճից ավելի քան կրկնակի ցածր աճ, իսկ գյուղատնտեսության ոլորտը նույնիսկ անկում է ունեցել։ Ընթացիկ տարում արդյունաբերության կուտակային աճն էլ ավելի է դանդաղել՝ ընդհուպ մոտենալով 0-ին։ Ընդ որում, 2023թ. հունիս-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արձանագրվել է անկում։
Վիճակագրական տվյալները վկայում են, որ նույնիսկ 2022թ.-ի բարձր տնտեսական աճի և արտահանման կտրուկ ավելացման պայմաններում ՀՀ արդյունաբերությունը չի կարողացել բավարար չափով օգտվել ստեղծված նպաստավոր պայմաններից, իսկ արդեն դրանց որոշակի վատթարացումից հետո հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում։ Ավելին, ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ենթաոլորտն անկում էր ապրում նույնիսկ 2022թ.-ի բարձր տնտեսական աճի պայմաններում, և, կարելի է ասել, անկումն արդեն դարձել է «քրոնիկական»։ Այսպես՝ 2023թ.-ի երկրորդ եռամսյակում 2022թ.-ի նույն եռամսյակի համեմատ ենթաոլորտի ծավալները նվազել են 9.8%-ով։ Ի դեպ, անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշն, իր հերթին, 2021-ի նույն եռամսյակի ցուցանիշից ցածր էր 8.6%-ով։
Նույնիսկ մշակող արդյունաբերությունում, որտեղ 2022 թվականին արձանագրվել էր բավականին բարձր աճ, դրա տեմպը 2023 թվականին էապես նվազել է, և երկրորդ եռամսյակի ցուցանիշն ավելի քան հինգ անգամ զիջում է 2022թ.-ի տարեկան ցուցանիշին, ինչն առավելապես բացատրվում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած բարենպաստ գործոնների թուլացմամբ։ Ավելին, մշակող արդյունաբերությունում 2023թ. երկրորդ եռամսյակի աճի տեմպը շուրջ 2.5 անգամ զիջում է նույնիսկ 2021 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշին։ Այսինքն՝ անգամ բարենպաստ գործոնների առկայության պայմաններում մշակող արդյունաբերությունն աճել է էապես ավելի ցածր տեմպերով քան 2021թ.-ին (մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը), երբ այդ գործոնները դեռևս ընդհանրապես չէին առաջացել։
Դեռ 2019թ. օգոստոսին ՀՀ վարչապետ Փաշինյանն արտահանողների և տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսել էր այն մասին, որ մշակող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը։ Երկու տարի անց՝ 2021թ. օգոստոսին, երբ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էր ՀՀ կառավարության ծրագիրը, կրկին անդրադառնալով մշակող արդյունաբերության թեմային, ասել էր.
«Պիտի արձանագրենք նաև, որ մեր հաջորդ կարևոր գործիքն աշխատանքի արտադրողականությունը մեծացնելու, մշակվող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ շարունակաբար ավելացնելն է»։
Միաժամանակ այս տարվա մայիսին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ մշակող արդյունաբերության ոլորտում Կառավարության թիրախը մշակող արդյունաբերություն/ՀՆԱ հարաբերակցությունը 15%-ի հասցնելն է:
Սակայն ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ մշակող արդյունաբերությունը ոչ միայն չի դարձել ՀՀ տնտեսության հենասյունը, այլև զիջել իր տեղը այլ՝ արտաքին գործոններից մեծ կախում ունեցող, հետևաբար նաև անկայուն ոլորտներին։
Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության ցուցանիշների բացասական դինամիկան խոսում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը:
Տնտեսության «ոչ արտահանելի» հատվածներում ամիսներ շարունակ արձանագրվող բարձր աճը և «արտահանելի» հատվածների խիստ ոչ բարվոք վիճակն անխուսափելիորեն հանգեցնելու են «արտահանելի» հատվածներից դեպի «ոչ արտահանելի» հատվածներ նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների արտահոսքի, ինչն ավելի կվատթարացնի ՀՀ տնտեսական աճի ներուժի շուրջ առկա առանց այն էլ ոչ բարենպաստ միջավայրը։ Ընդ որում, նշված երևույթն արդեն իսկ նկատելի է։
ՀՀ արդյունաբերության վրա հավելյալ բացասական ազդեցություն է ունեցել նաև դրամի արժևորումը։ Մի կողմից այն նվազեցրել է արտաքին շուկաներում ՀՀ արտադրողների մրցունակությունը՝ լրջորեն հակազդելով նրանց արտադրանքի արտահանմանը, մյուս կողմից՝ արժևորման պայմաններում նրանք հայտնվել են ներմուծողների հետ անբարենպաստ մրցակցային պայմաններում։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ տնտեսությունում և մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում դիտարկվող բացասական զարգացումները բավական անբարենպաստ պայմաններ են ստեղծել տնտեսական ներուժի միջավայրում, որի հետևանքով կարող է վտանգվել տնտեսական աճը՝ առավել ևս արտաքին դրական շոկերի դադարելու դեպքում, ինչի նախանշաններն արդեն իսկ արձանագրվում են։