Թուրք-ադրբեջանական գրգռված ախորժակը, Ալիևի էյֆորիան, արևմտյան և ռուսական պլանները Հարավային Կովկասում. Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կարո՞ղ է՝ ՀՀ իշխանությունների կողմից նորից եղել են խոստումներ, ու դրանք չեն կատարվել․ ինչո՞ւ ոչ։ Նման բաներ շատ ենք տեսել այս տարիների ընթացքում։ Երբ թշնամին ունենում է համոզմունք, որ ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի ներքո իր առավելապաշտական նկրտումներն իրականանում են, սկսում է օգտագործել այդ գործիքակազմը։ Ադրբեջանի առավելապաշտական ցանկությունները վերջ չեն ունենալու, քանի դեռ դրանք անվերապահորեն կատարվում են ՀՀ գործող իշխանությունների կողմից։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սոթքում, դրա ապացույցն է։ Շանտաժի գործիքակազմի կիրառումն Ադրբեջանի մոտ շատ լավ է ստացվում։
  • Ադրբեջանն իր համար անակնկալ ֆիքսեց, որ միջազգային հանրության վերաբերմունքն Արցախի պաշարման վերաբերյալ կարող է դուրս գալ զուտ հայտարարությունների շրջանակից, ու հիմա այս հարձակմամբ փորձում են ուշադրություն շեղել։

  • Սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա խորհուրդը ևս պետք է նկատի ունենալ։ Վստահ եմ, եթե ՀՀ-ում հնարավորություն լինի հնարավորինս արագ իշխանափոխություն անել, հենց սեպտեմբերի 2-ն է լինելու այն դիվանագիտական հիմնասյունը, որի վրա պիտի կառուցվի բանակցային գործընթացը։
  • Վաղը՝ Արցախի անկախության օրը, սեպտեմբերի 2-ին, հրավիրված է հանրահավաք։ Ադրբեջանը վախեր ունի, որ Հայաստանում կարող է լինել իշխանափոխություն, և չի բացառվում, որ այս պրովոկացիայի միջոցով ուղերձ են փորձում փոխանցել։ Ադրբեջանի համար շատ կարևոր է հանրահավաքի չլինելը, մեր չպայքարելը։ Մեր ժողովուրդը պետք է սա իմանա։
  • Ադրբեջանի համար տեղի են ունենում կանխատեսելիության դաշտից դուրս գտնվող գործողություններ։ Խոսքը վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին։ Հետևաբար՝ այս ահաբեկմամբ նա փորձում է ազդել Արցախի մեր հայրենակիցների վրա։
  • Մենք խոսում ենք Արայիկ Հարությունյան խամաճիկի մասին, որը սեփական երկրին՝ Արցախի Հանրապետությանը, բացառիկ մեծ վնաս է տվել։
  • Արայիկ Հարությունյանն այն անձն էր, ով Շուշիի հանձնումից առաջ սերիալի ոճով ռոլիկ էր նկարում, այն մարդն էր, ով կարող էր պատերազմից հետո հրաժարական տալ ու շատ պրոցեսներ կանխել, բայց չարեց։ Շարքը կարելի է շարունակել…
  • Ղարաբաղի սուբյեկտայնությունը գետնին շպրտելով՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի են Հայաստանում ձերբակալում։ Այս պարագայում հնարավո՞ր է խոսել Ղարաբաղի սուբյեկտայնության մասին։
  • Եթե Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո մտածում էր, որ իր հեռանալը դավաճանություն է, որ դա կհարվածի Արցախի պետականության հիմքերին, հիմա դավաճանությո՞ւն չէ։ Թող էս օրենքն էն ժամանակ ընդունեին, որ հնարավոր լիներ նոր նախագահին ԱԺ-ով ընտրել։
  • Արայիկ Հարությունյանն այնպես է ասում՝ 4 ամսվա նախագահի վրա դրեցին պատասխանատվություն, կարծես էդ նախագահը դրանից առաջ Լուսնից էր իջել։

Կարդացեք նաև

  • Ումի՞ց է այսքան ժամանակ ճնշվել Արայիկ Հարությունյանը, բացի մեկի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքն անդադար կրկնելուց։
  • Արայիկ Հարությունյանը պետք է ձերբակալվի, քրեական պատասխանատվության գործընթաց է պետք սկսել:
  • Մենք այսօր Հայաստանում ունենք իշխանություն, որը զրո առնչություն ունի ՀՀ ազգային ու պետական շահերի հետ։ Այս իշխանությունն ունի միայն մեկ գերակայություն՝ սեփական շահեր։
  • Ալիևի շահերից է, չէ՞, բխում, որ Նիկոլ Փաշինյանը գոռա՝ «խաղաղության դարաշրջան»։ Հիմա պարտադի՞ր է, որ այդ մասին սա ու դա պայմանավորվեն իրար հետ։
  • Հարցը շատ շուտվանից այլևս Արցախի մեջ չէ։ Թուրք-ադրբեջանական ախորժակն Արցախով չի սկսվել ու Արցախով չի ավարտվելու։ Թուրք-ադրբեջանական գրգռված ախորժակն ավարտվելու է Հայաստանի կործանմամբ։
  • Քանի՞ անգամ եք վերջին շրջանում լսել «Արևմտյան Ադրբեջան», «փախստականների վերադարձ» խոսույթները։ Շատ։ Բայց քանի՞ անգամ են ՀՀ գործող իշխանություններն ասել, որ Ադրբեջանից գաղթած հայերի թիվը շատ ավելի մեծ է. Ալիևի կողմից միջազգային հարթակներում այս կոճակի սեղմման համարձակությունը գալիս է Հայաստանի թողտվությունից։
  • Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած յուրաքանչյուր հանդիպումից հետո յուրաքանչյուր հայտարարության բառակազմ ավելի ու ավելի էր նմանվում Ադրբեջանի բառակազմին։
  • ԵՄ անդամ-երկրներից տարբերվում են միայն Ֆրանսիայի մոտեցումները։ Մնացած երկրների շուրթերով է խոսում Շառլ Միշելը։
  • Միացյալ Արևմուտքի նպատակն է՝ հասնել այնպիսի արդյունքի, որի պայմաններում Ռուսաստանի ոտքը կկտրվի այս տարածաշրջանից։ Իսկ դրա համար պետք է նախ փակել Ղարաբաղյան հակամարտության էջը։ Ինտեգրացիան Արևմտյան պլանի մաս է։ Երկրորդ անհրաժեշտ պայմանը հայ-թուրքական հաշտեցումն է։ Եթե դա տեղի ունենա, ռուսական ռազմաբազան Հայաստանում էլ ի՞նչ է անում։ Եթե այս երկու խնդիրը ստացվի լուծել, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը դառնում է շատ հեշտ, հանգիստ ու դյուրին։ Արևմուտքին այլ բան հետաքրքիր չէ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Արցախի 120 000 մեր հայրենակիցների ճակատագիրը։
  • Արևմուտքի պատվարը տարածաշրջանում Թուրքիան է, ով ինչ հեքիաթ ուզում է՝ պատմի։
  • Եթե ֆրանսիական գիծն այսօր բավականին սրտացավ ակտիվ քայլեր, հայտարարություններ ու գործողություններ է անում, դրանք ուղղված են հումանիտար բլոկին։ Քաղաքական գծի տեսանկյունից Ֆրանսիան Շառլ Միշելի հայտարարությունների վերաբերյալ որևէ տարբերվող հայտարարություն չի արել։ Ֆրանսիայում հանրային կարծիքը դեռ պատերազմից պատրաստ է դրան, սակայն պետք է Ֆրանսիայի հետ տարվի համարժեք քաղաքական աշխատանք, որ տարբերվեն նաև նրա քաղաքական մոտեցումները։
  • Դրսի ցանկացած մեկի համար Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ընկալվում, որովհետև նա ընտրվել է ՀՀ ժողովրդի կամարտահայտության արդյունքում։
  • Մենք խոսում ենք հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին, թե՞ խոսում ենք այդ բարեկամությունն այս կամ այն անձից կախյալ վիճակի մեջ դնելու մասին։ Ինչպե՞ս կարելի է 120 000 հոգու գոյությունը վտանգել, երբ նրանցից շատերը պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ համոզմունք ունենալով, որ ունեն անվտանգության երաշխավոր՝ ի դեմս ռուսական խաղաղապահ կոնտինգենտի։ Այս առումով Մարիա Զախարովայի հայտարարություններն անընդունելի են։ Պետք է ֆիքսել, որ ՌԴ պահվածքն ու կեցվածքը շատ լուրջ հարցերի տեղիք են տալիս, ինչքան ուզում է Զախարովան դա արդարացնի Փաշինյանի վարքագծով։

  • Եթե անգամ Զախարովայի ասածը ծայրից ծայր ճշմարտություն է, դա չի ազատում Ռուսաստանին իր պարտավորությունները կատարելուց։
  • Ալիևի էյֆորիան նրա ոտքերը կտրել է գետնից, բայց Ադրբեջանն ունի լուրջ խնդիրներ։ Շատ վիճարկելի է, որ իր թիկունքին կանգնած Թուրքիան մինչև վերջ կանգնելու է իր թիկունքին, կամ դա բավարար է լինելու իր հարցերը մինչև վերջ լուծելու համար։
  • Հնարավոր է իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կարող է կոնսոլիդացվել Արցախի հարցի լուծման շուրջ։
  • Շատ հուսով եմ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը և Արցախում նոր իշխանությունների ի հայտ գալը, վերջիվերջո, կբերի մի իրավիճակի, որ կա հասկանալի, ընկալելի հայեցակարգ, որով Արցախը դիրքավորվում է աշխարհում։ Որովհետև, երբ դու չունես քաղաքական հայեցակարգ, աշխարհից ոչինչ չես կարող ակնկալել։
  • Մի պահ փորձեք պատկերացնել, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելություն չկա… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի: Հետևաբար՝ նրանց Արցախում պահելու միակ փաստաթուղթը ոտքի տակ գցած Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։
  • Հակված չեմ կարծել, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի ցանկություն դուրս գալ Հարավային Կովկասից։ Գերտերությունների մոտ ժամանակի, տարածության, մասշտաբի ու կարմիր գծերի ընկալումը տարբերվում է մեզ նման երկրներից։
  • Եկեք պատվերով համերգ տվողներին տարանջատենք նախասիրություններ ունեցողներից։ Մեր քաղաքացիները կարող են տարբեր քաղաքական նախասիրություններ ունենալ, բայց էլ ո՞ւր։ Վերջի վերջն էլ ենք անցել։ Կարող ենք արևմտյան կամ ռուսական կողմնորոշում ունենալ, բայց կարելի է, չէ՞, միասին հասկանալ, որ այս երկիրն ավարտվում է։ Մենք ուզում ենք մեր երեխաների ապագան կառուցել սեփական հողի վրա, և դա մեզ միավորում է։ Դանակն արդեն ոսկորն էլ է ծակել։
  • Վաղը շատ կարևոր հանրահավաք է ու շատ կարևոր օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս