Մեռնող(ջանին) Հայաստան

Արցախում ու Հայաստանում ստեղծված աղետալի վիճակի համար հասարակությանը հղվող մեղադրանքներն անհիմն չեն, քննարկելի են ու հաճախ արդարացի: Մյուս կողմից, սակայն, դրանք մակերեսային են այն իմաստով, որ պրոյեկցվում են ամբողջ հասարակության վրա` անտեսելով դրա խիստ բազմաշերտությունն ու անհամասեռությունը: Մինչդեռ հանրությունը տակավին միատարր չէ և ընդգրկում է հիպնոտիկ նիկոլականներից մինչև անհաշտ չհանդուրժողներին, ինֆանտիլ անտարբերներից մինչև կոնյունկտուրային հարմարվողներ:

Սակավաթիվ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ հասարակության մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանը, թեև, իհարկե, այդ հարցումներն էլ միագիծ չեն և ունեն բազմաթիվ տեսանելի ու լատենտ շերտեր: Սակայն ավելի լայն համատեքստում խնդիրը հասարակությունը չէ կամ միայն հասարակությունը չէ, որովհետև այն, բազմաթիվ արատավոր ու հակաբանական շերտերի կողքին, ունի իրապես մտահոգ, ապրումակցող, հայրենասեր, պետության կարևորությունը գիտակցող ու զրկանքների պատրաստ խավեր:

Հետևաբար՝ իրականում խնդիրը պետության, ավելի լայն իմաստով՝ վերնախավերի կողմից կատարվող ընտրությունն է, այն հանրային շերտերի սելեկցիան, որոնց տրամադրությունների, մտահոգությունների, նպատակադրումների, զոհողության պատրաստակամության, դավանած արժեքների վրա հիմնվում է պետության քաղաքականությունը, ձևավորվում է պետության դիմագիծը` արժանապատիվ կամ պատվազուրկ, սեփական շահերը պաշտպանող կամ ամեն ինչի համաձայնող, և այդպես շարունակ: Այդ իմաստով ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունը հանրության շերտերի ներկապնակից ընտրել է հատկապես ու առանձնապես այն խավերին, որոնք լայն իմաստով չունեն որևէ այլ մտահոգություն, քան օրվա հացի խնդիրն ու մարմնի շարժը:

Իշխանության սոցիալական հենարանը կազմում են այն շերտերը, որոնք հայրենիք, ինքնություն, Արցախ, արժանապատվություն և այլ ոչ ստամոքսային մատերիաներին վերաբերվում են ալենսիմոնյանաբար: Այդ խավերի տրամադրությունները, հաշտվողականությունն ու անտարբերությունը բոլոր հնարավոր միջոցներով գովազդվում է իշխանության քարոզչամիջոցների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների կողմից, և ստեղծվում է կեղծ տպավորություն, թե մեր հասարակությունն ամբողջությամբ բաղկացած է Նիկոլ Փաշինյանի ջանին մեռնող ու Ավինյանի ցավը տանող գոյացություններից:

Կարդացեք նաև

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, պարզապես հասարակության առողջ ու ադեկվատ հատվածը գրեթե ամբողջությամբ մարգինալացվել է, նրանց տրամադրություններն ու մտահոգությունները մղվել են երրորդական, տասներորդական պլան: Պետությունը` ի դեմս իշխանության, որևէ կերպ չի սպասարկում հանրության այդ հատվածի քաղաքական պահանջարկը, ինչի պատճառով մարդկանց այդ խմբերի ու պետության միջև առաջացել է հսկայական վակուում, որը լցվում է քարոզչական ցածրարժեք ոռնոցով:

Օրուգիշեր սովորական վերելակների մասին խոսող իշխանության պատճառով Հայաստանում դադարել են գործել հանրային, սոցիալական վերելակները, որոնք տեղավորել և վերև են բարձրացրել հասարակության այն շերտերին ու նրանց կուռքերին, որոնք նորմալ սոցիումներում միշտ գտնվում են հանրային կառույցի ամենաստորին հատվածում և այնտեղ էլ վայելում են ստամոքսահյութի արտադրությունից բխող իրենց երջանկությունը: Ահա այդ վերնաշենքը, որի գագաթին հասցված լյումպենային պատվանդանին հիմա կանգնած է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իրականում զուրկ է ամրությունից ու հիմքերից:

Սոցիալական վերելակի բռնազավթմամբ բուրգի գագաթին հասած խավն ու նրա առաջնորդը ցանկացած պահի կարող են ոչ թե իջնել, այլ գահավիժել` հայտնվելով այդ նույն վերելակի փոսի ամենախորքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ նրանք իրենց հետ կարող են տանել և ամենայն հավանականությամբ տանելու են այն, ինչ մնացել է պետությունից: Դա, իհարկե, ոչ թե նրանց, այլ հասարակության առողջ ու ադեկվատ շերտերի խնդիրն է, որոնք, սակայն, դեռևս որևէ հնարավորություն չունեն մոտենալ այդ սոցիալական վերելակին, որը, ինչպես ցույց է տալիս կյանքը, նախագծվել է Թուրքիայում, պատրաստվել` Ադրբեջանում:

Տեսանյութեր

Լրահոս