«Արդյո՞ք Փաշինյանը բավարար ներքին ուժ ունի համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տալու համար…». Աննա Հակոբյանի 2017 թվականի հոդվածի հետքերով
Առիթների դեպքում շատերը հիշում են ընդդիմադիր պատգամավոր կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական այս կամ այն հայտարարություն՝ փորձելով առնչություն գտնել տվյալ պահի իրավիճակի հետ, բայց անտեսվում են «Հայկական ժամանակի» լրագրող-խմբագիր Աննա Հակոբյանի հոդվածները:
168.am-ը ժամանակ առ ժամանակ ուսումնասիրում է Աննա Հակոբյանի խմբագրականները, ինչն արել ենք նաև այս անգամ:
Արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները ռազմական փորձագետների, քաղաքագիտական և քաղաքական որոշ շրջանակներին տեղիք տվեցին ենթադրությունների, որ 2020-ին տեղի ունեցածը կարծես կռվի ճանապարհով հողերի հանձնման գործընթաց էր, և, որ պատերազմի օրերի քաոսը կազմակերպված էր:
Որքան էլ փաստերը հզոր լինեն, Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, համաձայն չի լինի այս պնդումներին: 44-օրյա պատերազմում Նիկոլ Փաշինյանի թեմային դեռ կանդրադառնանք, իսկ հիմա հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժամանակին պնդում էր, որ «2016 թվականի Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված»:
Իհարկե, այս թեմայի հետ կապված Փաշինյանից Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հարկ չհամարեց բացատրություններ պահանջել:
Իսկ 2016 թվականի նոյեմբերին «Հայկական ժամանակում» Աննա Հակոբյանը՝ «Ով ում «քցեց» ապրիլյան պատերազմում. Սարգսյանը գիտեր, որ Ադրբեջանը հարձակվելու է» վերտառությամբ հոդվածում, մասնավորապես, ակնարկել էր, որ Ապրիլյան պատերազմը ՀՀ նախկին իշխանությունները թույլ տվեցին, որ տեղի ունենա, և, որ այն դադարեցնելը ևս հայկական կողմին էր ձեռնտու:
«Հարց է առաջանում, եթե Սերժ Սարգսյանից սկսած՝ վերլուծաբանով վերջացրած, խոսվում էր Ադրբեջանի նոր մոտալուտ ագրեսիայի մասին, ինչու առաջնագիծը չէր բերվում իդեալական վիճակի: Ինչու էր բանակի փողը այլ տեղ ուղղվում: Ահա այս հարցն է, որ դեռևս պատասխան չի ստացել ու բազմաթիվ ենթադրությունների հիմք է տալիս:
Մյուս կողմից, եթե իսկապես ապրիլին տեղի ունեցավ պայմանավորված պատերազմ, որի նպատակը տարածքների վերադարձն էր, ինչու ընդամենը «երկու բլուր» վերադարձվեց: Այսինքն, եթե Սարգսյանը համաձայնել էր երկու շրջան «կորցնել», ինչո՞ւ Ալիևը մարդ ուղարկեց Մոսկվա զինադադարի խնդրանքով, երբ դեռ ընդամենը 800 հեկտար էր հետ ստացել: Կամ եթե Սարգսյանը միտումնավոր չէր զինում բանակը, որպեսզի Ադրբեջանի հաղթանակը հեշտանա, ինչու էր բանակը այդ նույն ընթացքում 18-ամյա տղաներին «վերածում» բահով ու քարով, ինքնազոհության գնով հայրենիքի պաշտպանների:
Չի բացառվում, իհարկե, որ պայմանավորվածությունն իսկապես եղել է, պարզապես մեկն ու մեկը վերջին պահին խախտել է այն (պայմանավորվածություն ասելով նկատի չունենք, որ երեք երկրների նախագահները նստել են կլոր սեղանի շուրջ, հարձակման օր ու ժամ որոշել, իրար ձեռք սեղմել և հեռացել: Խոսքը գործընթացների տրամաբանությունը գիտակցելու և դրա մեջ տեղավորվելու մասին է): Դա չէր կարող Ադրբեջանը լինել, որովհետև Ալիևին օդուջրի պես պետք են այդ տարածքները, և եթե կարողանար ևս չորս օր կպատերազմեր: Ռուսաստանը նույնպես պատճառներ չուներ կեսից ամեն ինչ դադարեցնելու: Մնում է Հայաստանը: Ինչ խնդիր լուծեց սրանով Հայաստանը, ինչի հասավ: Ինչու ամեն ինչ արեց, որպեսզի ադրբեջանական հարձակումը տեղի ունենա: Այս հարցերի պատասխանները այս պահին չկան այն պարզ պատճառով, որ ամեն ինչ կիսատ է մնացել, շարունակությունը դեռ առջևում է»,- գրել էր Աննա Հակոբյանը:
Նախ՝ ի գիտություն Աննա Հակոբյանի, կրկնենք՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմը ձախողեց Ադրբեջանի գլխավոր ռազմական խնդիրը, երկրորդ՝ Ադրբեջանն ինքն է խնդրել զինադադար, իսկ հայկական կողմն ընդունել է այն:
2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել: Ավելի ուշ հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Յուրի Խաչատուրովի հետ զրույցից հատված էր ներկայացրել, որը դուրս էր մնացել ֆիլմից, և որտեղ 2016-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատմում է, թե ինչպես է իրեն 2016-ի ապրիլի 5-ի առավոտյան զանգել ՌԴ ԳՇ պետ գեներալ Գերասիմովը Մոսկվայից և ասել՝ գուցե բավակա՞ն է, իսկ նրան, բնականաբար, խնդրել էր Ադրբեջանը:
Ասվածն ապացուցում է 2016-ի ապրիլի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոչը՝ դադարեցնել պատերազմը:
«Ելնելով խաղաղասիրությունից և հիմք ընդունելով միջազգային հանրության կոչերը, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել պատասխան ռազմական օպերացիաները: Իհարկե, փորձելու է ամրացնել գրաված տարածքները»,- նշվում էր Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Ի դեպ, իշխանությունները տարիներ շարունակ պնդում էին, թե իբր Յուրի Խաչատուրովը Մոսկվայում բանավոր պայմանավորվածություններ է ունեցել Արցախի հարցի համատեքստում, ինչը, սակայն, այդպես էլ չկարողացան ապացուցել:
Հետաքրքիր է՝ ինչ կգրեր կամ ինչ պնդում կաներ լրագրող Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի սկսման հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարման մասին՝ հաշվի առնելով նախապատերազմյան նրա սադրիչ հայտարարություններն ու գործողությունները, ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում կադրային ծրագրված փոփոխությունները, ինչպես նաև պատերազմից հետո 3 տարվա ընթացքում բանակի կարողություններն ու մարտունակությունը վերականգնելուն ուղղված, մեղմ ասած, ոչ բավարար քայլերը, եթե չասենք՝ դրանց բացակայությունը, նաև՝ բանակը սպառազինելու անկարողությունը, երբ ամեն օր նույն Փաշինյանը չի բացառում նոր պատերազմի հավանականությունը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ տարածքում:
Հետաքրքիր կլիներ իմանալ նաև լրագրող Աննա Հակոբյանի տեսակետը 44-օրյա պատերազմը հենց նոյեմբերի 9-ին կանգնեցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին՝ հաշվի առնելով նրա հայտնի խոստովանությունը. «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ չկանգնեցրեց ռազմական գործողությունները՝ պատերազմի 4-րդ օրը, հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 19-ին: Իհարկե, կասեք՝ այս մասին հնչել են բացատրություններ Փաշինյանի կողմից, բայց միևնույն է՝ ինչո՞ւ պատերազմը հայկական կողմը համաձայնեց կանգնեցնել նոյեմբերի 9-ին, կամ՝ ինչո՞ւ ևս մի քանի օր չշարունակեց: Ո՞ւմ էր սա ձեռնտու, կամ ի՞նչ խնդիր լուծեց Փաշինյանը սրանով, ի՞նչ կուլիսային պայմանավորվածություններ կային:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ լրագրող Աննա Հակոբյանը մի օր այս հարցերին կամ 44-օրյա պատերազմին կանդրադառնա՝ կողքի աչքով:
Մյուս կողմից, 2017 թվականին գրված մի հոդվածում Աննա Հակոբյանը տողատակով զգուշացումներ է արել ապագա գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի կամքի և ներքին ուժի մասին:
«Շաբաթ օրը Արցախում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինծառայողների և նրանց ծնողների առջև և նախընտրական խաղասեղանին է նետել իր և իր կուսակցության`«կոզրի տուզը»: Պատերազմական երկրում դա գերագույն գլխավոր հրամանատարի տասնամյա փորձն է, հատկապես երբ այդ ընթացքում ակտիվ պատերազմական գործողություններ են եղել, որոնց հետքը դեռ շատ թարմ է մարդկանց հիշողության մեջ:
Սարգսյանն իր ելույթում փորձել է առավելագույնս օգտագործել դա, նույնիսկ տարածքի կորուստը իր համար շահեկան դիրքերից է ներկայացրել: Սարգսյանի ելույթի ամենաինտիգային հատվածը, սակայն, հետևյալն է. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»:
Տանիքների վրա քարոզարշավ անցկացրել է միայն «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդյո՞ք Փաշինյանը բավարար ներքին ուժ ունի «համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տալու համար»: Սա մի հարց է, որի շուրջ արժե մտածել, թեև դրա պատասխանը, կարծում ենք, շատերը վաղուց ունեն»,- գրել էր Աննա Հակոբյանը՝ «Նիկոլ Փաշինյանը ներքին ուժ ունի՞. ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը» վերտառությամբ 2017-ին «Հայկական ժամանակում» տպագրված հոդվածում:
Իսկ թե 44-օրյա պատերազմի պարտությունը խոսում է գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի համազարկի, հարձակման հրաման տալու ներքին ուժի բացակայությա՞ն, թե՞ անհարկի հետ քաշվելու հրամանների մասին, հնարավոր է՝ մի օր լրագրող Աննա Հակոբյանը մեկ հոդված գրի:
Նշենք, որ 168.am-ը 2017-ին Աննա Հակոբյանից ևս մեկ հոդվածի էր անդրադարձել անվտանգային խնդիրների համատեքստում, որտեղ նա անդրադառնալով գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին՝ նշել էր.
«Բնականաբար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող լինել, արտաբերելն անգամ անհարմար է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կլինի երկուսը մեկում` պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այդժամ հայ ժողովուրդը կշարունակի գլուխը հանգիստ բարձին դնել, վստահ լինելով, որ իր անվտանգությունը կրկին ուժեղ ձեռքերում է»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ քաղաքացի Աննա Հակոբյանն իրեն անվտանգ է զգացել գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի օրոք, իսկ թե որքանով քաղաքացի Աննա Հակոբյանն իրեն անվտանգ կզգար գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի օրոք, կարող են միայն ենթադրություններ անել:
Ի դեպ, 2017-ին լրագրող Աննա Հակոբյանն անդրադարձել էր նաև Սամվել Բաբայանին: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Արցախում ստեղծված իրավիճակը՝ սով, ցեղասպանություն, էթնիկ զտման վտանգ, և այն, որ Արցախը փրկելու հայտ է վաղուց ներկայացրել Սամվել Բաբայանը, հետաքրքիր էր իմանալ Աննա Հակոբյանի կարծիքն այսօր նրա մասին՝ Բաբայանը միայն հրապարակայի՞ն է փորձում Արցախը փրկել, թե՞ կան կուլիսային զարգացումներ, և այսօր նա ունի՞ իրավունք Արցախը փրկելու:
Նշենք, որ հիշատակված հոդվածում Աննա Հակոբյանն ակնարկել էր, թե իբր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետևում Սամվել Բաբայանն է կանգնած եղել, և, որ երկիրը փրկելու իր կարողությունները թաքուն է գործի դնում:
«Ստորագրման արարողությունից հետո ԶԼՄ-ների հետ շփումների ժամանակ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը այդպես էլ չհերքեցին, որ Սամվել Բաբայանն իրենց թիկունքում որոշակի գործունեություն է ծավալում… Օսկանյանի և Օհանյանի սույն վախվորած արձագանքների ֆոնին, Սամվել Բաբայանի Tert.am-ին տված պատասխանները, հզոր էին: Մեկնաբանելով ստվերային գործունեություն ծավալելու և ցուցակ կազմելու համար իրեն ուղղված մեղադրանքները, Բաբայանն ասել էր. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»:
Սամվել Բաբայանն ակնհայտորեն շփոթում է, թե ինչում են իրեն մեղադրում: Ոչ ոք չի ասում, թե ինքը էս երկիրը փրկելու իրավունք չունի: Իհարկե ունի, այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետիչն ունեն: Պարզապես, ինքը կարծես թե փորձում է դա թաքուն անել, որ ոչ ոք գլխի չընկնի:
Բաբայանը երկար ժամանակ կտրված է եղել հայկական քաղաքական իրականությունից և, թերևս, բաց է թողել այն պահը, երբ «գորշ կարդինալները» մնացին անցյալում: Իսկ մեր ժամանակներում, նույնիսկ Հայաստանում, որտեղ քաղաքական ուժերի գործունեությունը շատ հեռավոր կերպով է քաղաքականություն հիշեցնում, «գորշ կարդինալ» դառնալու փորձն իսկապես անհեռանկարային զբաղմունք է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանի կինը:
Որքանո՞վ է այսօր «գորշ գայլ» Սամվել Բաբայանը, կամ ո՞վ է այսօր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի համար գորշ գայլ, և որքանո՞վ է դա հեռանկարային զբաղմունք այսօրվա պայմաններում, ժամանակը ցույց կտա: