«Հիմա դժոխքում, սև աշխարհում ենք, բայց անպայման գտնելու ենք հաղթանակի բանալին». Արփի Մաղաքյան

Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը վստահ է, որ էպոսում, ժողովրդական հեքիաթներում ունենք ազգին արթնացնելու բանալիներ:

«Բանալիներ կան, և ինձ թվում է՝ հնարավոր է մեր ազգին արթնացնել ժողովրդական երգով, Կոմիտասով, հեքիաթներով, էպոսով, երևի նաև մեր Հայ Առաքելական եկեղեցով: Պատահական չէ, որ այս բոլոր արժեքները հարվածի տակ են: Այս 5 տարվա խնդիրը չէ միայն, ցավոք, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը դեռ երկար տարիներ առաջ խոսում էր այդ մասին և անընդհատ բարձրաձայնում էր, որ մշակութային պատերազմի մեջ ենք: Գիտեք հավանաբար, որ Թուրքիայում Կոմիտասին անվանում են Անատոլիական երգահան, և արխիվ ունեն այնտեղ, ամեն ինչին տեր կկանգնեն, ինչպես մեր եկեղեցիներին և մշակույթին են տեր կանգնում, պետք է զգոն լինել և դրա մասին այսօր մտածել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատերազմից հետո բանալիների փնտրտուքի ընթացքում Արփի Մաղաքյանը գրեց «Արևի համբուրած Շուշին» հեքիաթը, որը ևս կարելի է բանալի համարել երեխաների համար. «Ես երեխաների հետ խոսում եմ գրքով: Շուշին գրքի հերոսուհին է, քաջ, խելացի աղջիկ է: Հիշում եք՝ երբ շրջանառվեց այդ չարաբաստիկ և անթույլատրելի նախադասությունը՝ «դժբախտ և դժգույն Շուշին», մտածեցինք, որ հենց պետք է հերոսուհու անունը կրի գիրքը՝ ի հակադրություն դրա, որպեսզի երեխաների մեջ մնա «արևի համբուրած Շուշին» անունը: Բայց այդ ժամանակ էլ մտածում էի՝ չէ՞ որ մեր Շուշիի անունը օգտագործում եմ գրքի վրա, արդյո՞ք սա բիզնեսի դաշտ չի մտնում, շատ էի անհանգստանում: Մի լավ ընկեր էլ ունեի, ասում էր՝ գիտե՞ս՝ ոչ ոք չի գնի այդ գիրքը հիմա, որովհետև Շուշին ցավ է, ամեն հայ դրանից ցավելու է, տանելու է տուն, այդ անունը տեսնի և ցավի, գիրքը չի սպառվի, ավելի լավ է, գրիր՝ «Արևի համբուրած աղջիկը», և կտեսնեն, որ Շուշիի մասին է: Բայց շատ սիրվեց գիրքը, 1000 օրինակ էի տպել, և արդեն վերջանում է: Եթե «Երևանյան հեքիաթներով» շատ էի հարցազրույցների գնում, այս գրքով ոչինչ չեմ արել, ինքն իրենով սիրվեց մարդկանց կողմից: Շուշին աղջիկ է, իսկ մեր հեքիաթների հերոսը հիմնականում տղան է, չէ՞. այստեղ դա էլ է կարևոր, որ ինքը աղջիկ է և կարողանում է արժեքներ ստեղծել ու գնալ առաջ»:

Կարդացեք նաև

Հեքիաթագիրն ունի 3 գիրք, 3-ի հիմքում էլ ընկած են իրական պատմություններ:

«Պատերազմից հետո շատ դեպրեսիվ էի, չէի կարողանում հաց ուտել, ես նիհար եմ, բայց 10 կգ էլ նիհարել էի: Աշխատում էի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և մտածում էի, որ մարդկանց ցավը պետք է կիսես, որ կարողանաս ապրել: Այդպես էլ եղավ: Այդ հիմնադրամում էր, որ սկսեցի իրենց լանչի ժամին սնվել: Բոլորիս համար դժվար էր, շատ էինք լացում իրար հետ, բայց իրենց ցավը կիսելն օգնեց ինձ վերապրել այդ ընթացքը և հետո հասկանալ, որ պետք է բանալիներ փնտրենք, արարենք, ուժեղանանք: Ո՞վ ասաց, որ մեր պատմությունը անընդհատ հաղթանակի մասին է:

Մեր հազարամյակներից եկող պատմությունը վայրէջքի և վերելքների մասին է: Հիմա վայրէջքում ենք, դժոխքում ենք, սև աշխարհում ենք, բայց անպայման գտնելու ենք բանալին: Եթե միասնական լինենք, եթե բոլորով մի ուղղությամբ նայենք, անպայման գտնելու ենք լույսը, հաղթանակի բանալին, ինչո՞ւ չէ՝ սովորելով նաև թշնամուց: Ինձ թվում էր, որ արդեն վերջն է, բայց հետո հասկանում ես, որ դու դեռ պետություն և Արցախ ունես, արցախցին շատ է ընկել այս փոսը և դուրս եկել, այնպես չէ, որ իրենց մոտ միշտ հարթ է եղել, իրենք միշտ կարողացել են պատվով դուրս գալ և պահել իրենց հողն ու ջուրը: Նոյեմբերի 9-ից հետո հիմնադրամում աշխատելու օրերին շատ ընկճված էի, մի օր մի ծնող էր եկել և պահանջում էր, որ իր հատուցումը նույն օրը կատարվի, իսկ մենք հսկայական հերթ ունեինք:

Շատ ընկճված էի, մտա պետքարան, որտեղ հայելու մեջ տեսա մի շատ գեղեցիկ կին, որը շպարվում էր: Ես մանկուց սիրում եմ, երբ շպարվում են՝ ես նայում եմ: Կանգնած նայում էի, ասաց՝ Արփի՞, ո՞նց ես: Ասացի՝ ո՞նց պետք է լինեմ, այսպիսի տեղում եմ աշխատում, ամբողջ օրը այս ցավի մեջ: Ասաց՝ Արփի, չհիասթափվես, հաջորդ քայլը այս պարտությունից հետո այն է, որ մենք հիասթափվենք մեզանից, և դա գծագրված ու պլանավորված է, աշխատում են, հաջորդ քայլն այն է, որ նորմալ մարդիկ հիասթափվեն ազգից, պետությունից, մեղադրեն ժողովրդին: Արդեն 3 տարի է՝ ես այդ բառերը ամեն օր հետս տանում եմ: Ես այդպես էլ չիմացա՝ այդ կինը ով էր, բայց շատ կարևոր է՝ այդ բառերը հիշենք, ապրենք ինադու, շատ կենտրոնացած»:

Նա պատմեց, որ երբ «Հազարան հավք» հեքիաթի մեջ տղան գնում է հազարան բլբուլը գտնելու, նրա թագավորությունը մթնել էր, ծառերը չորացել էին, մարդիկ գազաններ էին դարձել, բայց նա կենտրոնացած գնում է դեպի հազարան բլբուլը, գնում է՝ մրմնջալով քթի տակ տատենական աղոթքը. «Սա շատ կարևոր է. այդ աղոթքն ի՞նչ է՝ հնուց եկած մեր երգերն են, էպոսն է, բանահյուսությունն է, մեր աղոքներն են, որը պետք է մեզ հետ տանենք: Նա գնում և գտնում է, չէ՞: Հիմա, ազգը այդ փոքրիկ տղան է, և եթե կենտրոնացած գնանք, անպայման հասնելու ենք, անպայման ամեն ինչ լավ է լինելու: Հիշո՞ւմ եք այդ հեքիաթը. այնքան տարբեր բաներ են լինում, մարդիկ քար են դառնում, կա սև աշխարհ, դևի աշխարհ, ինչ ասես լինում է ճանապարհին, բայց ինքը կենտրոնացած գնում է:

Մենք ազգովի պետք է կենտրոնանանք, նպատակ դնենք մեր առջև, մի քիչ լռենք ու գնանք առաջ: Կարևորը նպատակն է, կենտրոնացումն է: Տղան, երբ գնում է և հազարան հավքին վերցնում ու սկսում է ետ գալ, այդ երկար ճանապարհը անցնելուց հետո եղբայրները տեսնում՝ չեն ճանաչում, նա արտաքնապես փոխվել է: Նա նստում է Զմրուխտ ղուշը, որ իրեն ծովի վրայով տանի, Զմրուխտ ղուշը ասում է՝ դե, ինձ դմակ տուր, որ ուտեմ: Տղան տալիս է, տալիս է, և վերջանում է: Երբ վերջանում է, իր ազդրից է պոկում ու տալիս ղուշին: Ղուշը վերցնում է և իրենց հասցնում է տեղ: Սա շատ սիմվոլիկ է: Մեզնից մի մասնիկ պետք է դնենք: Միգուցե մեր տղաներն էին, կամ այն է, ինչ դեռ դնելու ենք, բայց հեքիաթում ղուշը բերանում պահում է, երբ տղան իջնում է, սկսում է կաղալով քայլել, ղուշը դա հետ է տալիս, տղան դնում է, մարմինն ամբողջանում է, և գնում է: Հասկանո՞ւմ եք՝ այստեղ ինչ բանալի կա»:

Ըստ նրա՝ հեքիաթագրության մեջ ամենակարևորն ազգային ինքնությունը պահպանելն է. «Դրա մասին չես խոսում, տողակատակով փոխանցում ես, երեխան վերցնում է և շնորհակալ է դրա համար»:

Արփի Մաղաքյանը նկատեց՝ Հայաստանի գործող իշխանությունները շուտով անցյալ կլինեն, և պետք է առաջ նայել. «Իշխանությունը միանգամից թելադրում է կարծիք, և դրանք ջրի ալիքների նման գնում են: Բայց ես վստահ եմ, որ այս իշխանությունը շատ շուտով գնալու է, իրենք էլ գիտեն դա, կարևոր է՝ ով է գալու և ինչ արժեքներ է դնելու, ուր ենք գնալու: Գտնենք մեզ, հավաքվենք, կենտրոնանանք, մենք Հայկի ազգն ենք, Խորենացի, Տիգրան Մեծ ունեցող ազգն ենք, կենտրոնանանք, լռենք, այդ լռության մեջ ամբողջանանքն, վերևից կընկնի այդ խարիսխը, և ամեն ինչ լավ կլինի: Ասում եմ՝ մեր պատմությունը վերելքներից և վայրէջքներից է: Ո՞վ ասաց, որ շարունակվելու էր վերելքը, կամ ո՞վ ասաց, որ վերելք էր դա: Եկեք՝ թարս նստենք՝ դուզ խոսենք: Ինչո՞ւ մենք մեր ազգայինին չանդրադարձանք, ինչո՞ւ մեր բանալիները չգտանք, ինչո՞ւ մեր կրթությանը ուշադրություն չդարձրինք, ինչո՞ւ թողեցինք «Կիսաբաց լուսամուտներ»-ը, այդ սերիալների թեմաները: Ինչո՞ւ պետք է թուրքը ազգային թեմաներով սերիալներ նկարի, և ասում են, որ շատ հայեր նայում են դրանք: Իսկ մենք ի՞նչ ստեղծեցինք: Այս հասարակությունը ձևավորվել է տարիների ընթացքում, նրանց ուղեղները լվացել են տարբեր ուժեր, և ունենք այն, ինչ ունենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս