«Բլոկադայի հետևանքով մարդ է մահացել. Փաշինյան, եթե չես կարողանում որևէ բան անել, աջդ քաշի՝ գնա, ինչ ուզում ես՝ արա». Զագլիկի համայնքապետ
257-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ։ Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցները գործադրում է շրջափակման մեջ հայտնված 120 հազար խաղաղ բնակիչների համար դժվարություններն էլ ավելի սրելու համար՝ մի կողմից կրակում է, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ հումանիտար որևէ օգնություն մտնի Արցախ։ Արցախում սովից արդեն մահեր են գրանցվել, նաև երեխաներ, վերջերս էլ մեկ բուժառու՝ դեղերի ու բուժման պայմանների բացակայության հետևանքով։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Զագլիկ համայնքի ղեկավար Դավիթ Ազարյանն ասաց, որ գյուղում իրավիճակը ծայրահեղ չէ, որովհետև մարդիկ հող են մշակում, իրար օգնում, միայն հացի ու ձեթի խնդիրն է շատ սուր։
«Գյուղում ցորեն ունենք, բայց չենք կարողանում հասցնել ալրաղաց՝ դիզվառելիքի խնդիր ունենք։ Հիմա հերթագրվել ենք ալրաղացում, չգիտենք՝ հերթը մեզ երբ է հասնելու, ու ինչպես ենք ցորենը հասցնելու այնտեղ։
Ձեթ էլ մեզ չի հասնում, հերթագրվելու համար պետք է հասնենք Ստեփանակերտ, բայց ինչպե՞ս հասնենք, քաղաք հասնելու հնարավորություն չկա։
Հիմա գիտեք՝ ինչպես է գյուղում, ով կով է պահում, կով չունեցող հարևանին օգնում է, կաթ, մածուն է տալիս, այդպես գոյատևում ենք։ Մեկը ձեթ ունի՝ տալիս է, կաթ է վերցնում կամ ալյուր։ Ցորենը ալյուրի վերածելու փոքր աղաց ունենք՝ ձեռքի, դրանով աղում են, մաղով անցկացնում ու հաց պատրաստում, սև հաց է ստացվում՝ դիետիկ»,- նշեց համայնքապետը։
Դավիթ Ազարյանի փոխանցմամբ՝ շրջափակման հետևանքով երկու օր առաջ գյուղում մեկ հոգի մահացել է։
«Սա բլոկադայի հետևանքով է եղել, կողքի գյուղ էր գնացել՝ սնունդ բերելու, ընկել է, գլուխը հարվածել է գետնին ու մահացել, մոտ 67 տարեկան մարդ էր։
Հիմա նրա ընտանիքը ձեթ չի գտել, որ գոնե ճաշ պատրաստի, այդ մարդու հոգեհանգիստը տա։
Գյուղում հիվանդներ շատ ունենք, որոնք բուժման կարիք ունեն, նրանց պետք է հասցնենք Հայաստան, բայց չենք կարող։ Մի երեխա գնացել բուժվել ու վերադարձել է Կարմիր խաչի միջոցով, մի հոգի էլ դեռ Երևանում է, մեկն էլ հերթագրվել է, բայց դեռ չգիտենք՝ երբ կգնա»,- շեշտեց նա։
Համայնքապետն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրեն հասած հավաստի տեղեկություններով՝ Ադրբեջանը միակողմանի բացելու է Բերձորի միջանցքը, ելք կլինի Արցախից, սակայն մուտք չի լինի։
«Հուսամ, այս խոսքերը կփոխանցեք Փաշինյանին՝ եթե կարողանում ես՝ մի լավ բան արա Արցախ աշխարհի համար, չես կարողանում՝ աջդ քաշի՝ գնա մի կողմ, ինչ ուզում ես՝ արա։ Մենք ենք մեր հողի տերը, այդքան զոհ ենք տվել։
44 տարեկան եմ, փոքր ժամանակից տանջվել ենք, տուն ստեղծել, վերջում էլ մեզ ասում է՝ թողեք դուրս եկեք։ Բա ինքը չէ՞ր, որ ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հետո հանձնում է Ադրբեջանի՞ն, ախր դրան կախաղան հանելն էլ է քիչ»,- եզրափակեց Դավիթ Ազարյանը։