Բաժիններ՝

Ո՞ւմ հովանավորությամբ են քանդվել ու վաճառվել խողովակները. Շիրակի մարզի բնակիչներն ահազանգում են կոլեկտիվ թալանի մասին

Նախկինների թալանի ու կոռուպցիայի մասին 6.5 տարի գիշեր-ցերեկ ամեն պատեհ-անպատեհ առիթով գոռացող ՔՊ-ական իշխանության թալանի ու կոռուպցիայի վերաբերյալ ամեն օր եկող լուրերն օրեցօր ավելի մասշտաբային են դառնում:

Թալանի ու հովանավորչության հերթական ահազանգը 168.am-ը ստացավ Շիրակի մարզի իր ընթերցողներից, ովքեր բարձրաձայնում էին խողովակների մեծ ծավալի վաճառքի մասին:

Խոսքը Շիրակի մարզի Մայիսյան գյուղի՝ Գյումրու կաթսայատան արևմտյան հատվածի, ինչպես նաև Հովունի համայնքի ոռոգման ցանցի խողովակների մասին է, որոնք, ըստ բնակիչների, 2024թ. մայիս-հունիս ամիսներին քանդվել ու վաճառվել են Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Արթուր Բդոյանի, Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ Զավեն Մանուկյանի և Մայիսյանի նախկին գյուղապետ Հակոբ Բաղդասարյանի աներորդու կողմից: Խողովակները, ըստ բնակիչների, քանդվել են Մայիսյան գյուղի կոմունալ ծառայության տրակտորներով: Մարդկանց ասվել է, թե քանդում են պահեստավորելու նպատակով:

Կարդացեք նաև

Հատկանշական է, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խողովակների քանդման աշխատանքներին մասնակցած Մայիսյան համայնքի նախկին գյուղապետի եղբորը՝ Անդրանիկին, հարցրել են՝ ինչո՞ւ են քանդում խողովակները, ինչին վերջինս պատասխանել է՝ ում որ պետք է, մենք գնացել, տեսել ենք:

Բնակիչները, սակայն, համոզված են, որ հանված խողովակները վաճառվել են և վաճառվել են Երևան:

«Խողովակների վաճառքը դադարեցվել է այն բանից հետո, երբ այդ մասին իմացել է Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը, ով տեղեկացված չի եղել խողովակների քանդման մասին, թեպետ հենց ինքն է համակարգում գյուղական համայնքների ոլորտը մարզպետի աշխատակազմում»,- ասացին մեզ զանգահարած քաղաքացիները:

Նրանց պնդմամբ՝ խողովակների քանդման ու վաճառքի գործից անմասն չէ նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով Արմավիրի գործող ոստիկանապետ, նախկինում Շիրակի մարզի ոստիկանապետ Արթուր Բդոյանի հետ մտերիմ է դեռ այն ժամանակներից, երբ վերջինս ոստիկանապետ է եղել Ամասիայի տարածաշրջանում: Շիրակի գործող մարզպետը ևս այդ ժամանակ պաշտոն է զբաղեցրել Ամասիայում:

Ուշագրավ իրավիճակ է ստացվում. մինչ ՔՊ-ական իշխանությունը պնդում է, որ ինքը թալանով ու կոռուպցիայով չի զբաղվում, մարզի բնակիչները հակառակի մասին են խոսում՝ ասվածն ապացուցելով «դեպքի վայրից» արված լուսանկարներով:

Տեսանյութեր

Լրահոս