«Վերջին պահին Ռուսաստանը փորձելու է պահպանել իր ներկայությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում». Հայկ Խալաթյան
Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակմանը զուգահեռ՝ Արցախում բավականին լարվել է ներքաղաքական իրավիճակը, և կարծիքներ կան, որ դա Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի խաղն է, որի հետևում, իհարկե, երևում են Ալիևի ականջները, որը հրահանգել էր ոչնչացնել պետական ինստիտուտներն Արցախում: Ավելին, մտավախություններ կան, որ Արցախում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ Ալիևը կարող է զորք մտցնել Արցախ, իբր այնտեղ կարգուկանոն հաստատելու նպատակով:
«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը վերոնշյալ վարկածներից առաջինի հետ է համաձայն:
«Արայիկ Հարությունյանը և Արցախում գործող մի շարք այլ անձինք հստակ օգնում են Նիկոլ Փաշինյանին՝ իր ծրագրերն իրականացնել՝ հանձնել Արցախը: Այս պահին դրա գլխավոր խոչընդոտը հենց Արցախն է, որը չի համաձայնում այն տարբերակներին, որոնց համաձայնում է Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Այստեղ զարգացումների տարբեր վարկածներ կարող են լինել: Մի կողմից՝ այս կոնֆլիկտը նրանով է բացատրվում, որ Արայիկ Հարությունյանը պետք է իր բոլոր մրցակիցներին նեյտրալիզացնի՝ Աղդամից սպասվող մատակարարումները սկսելուց առաջ, որպեսզի չխոչընդոտեն: Կամ հակառակը՝ բերել պետական ինստիտուտների պարալիչի: Մենք հիշում ենք, որ Ադրբեջանի գլխավոր պահանջներից մեկն Արցախի ՊԲ լուծարումն ու բոլոր կառույցների հանձնվելն է, բերելը մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը կասի՝ գիտեք ինչ, Արցախում ինքն իրեն այդպես ստացվեց, ինքն ի՞նչ կարող է անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե Արայիկ Հարությունյանը շարունակի իր այս քաղաքականությունը, ապա Արցախում որոշակի բախումների վտանգ կա. «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախցիների դեմ, այստեղ այլ հարց է՝ Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը և որոշ այլ մարդիկ իրենց փոքր հայրենիքը պատրա՞ստ են զոհաբերել, ինչի՞ դիմաց: Նրանք մնալու են պատմության մեջ՝ որպես արցախցիներ, որոնք օգնեցին հանձնել Արցախը: Դրա համար, չնայած հավանականությունը քիչ է, բայց հույս ունեմ, որ մի ողջամիտ որոշում կկայացնեն: Այս պահին ներքաղաքական բախումներ պետք չեն, պետք է միավորվել, որովհետև միայն միասնական Արցախը կարող է դիմադրել այն ծրագրերին, որոնք այժմ իրականացվում են»:
Խալաթյանը նկատեց՝ ռուս խաղաղապահները պետք է մի բան անեն, որովհետև ըստ նրա՝ այս ամենը նաև նրանց դեմ է ուղղված. «Բայց ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ Ռուսաստանը միշտ արձագանքում է մի բանի, որը տեղի է ունեցել, ոչ թե փորձում են կանխարգելել: Նույնը Արցախում է լինելու: 2020-21թթ., երբ մենք խոսում էինք իշխանությանը մոտ կանգնած ռուս փորձագետների հետ, նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է գալ ժամանակ, երբ ռուս խաղաղապահները դուրս գան: Բոլորն ասում էին՝ եթե ռուսական զինվորականները մի տեղ մտնում են, էլ դուրս չեն գալիս, նույն Վրաստանի օրինակն էին բերում: Այս պահին իրավիճակը հասել է նրան, որ հարցականի տակ է ոչ միայն ռուս խաղաղապահների՝ 2025թ. հետո գտնվելը Արցախում, այլ, եթե այս զարգացումներն իրենց տրամաբանական ավարտին հասնեն Արցախի շուրջ, հարցականի տակ է դրվելու նույն ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, որովհետև անկասկած դա բերելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայմանը, չեմ բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ռազմաբազայի դուրսբերումը, և այլն: Հիմա Ռուսաստանը կփորձի այնպես անել, որ դա չհասնի՞ այդ կետին, կամ երբ մոտենա այդ կետին, ավելի կոշտ քայլերով դրան դիմադրի՞, ես չգիտեմ, զարգացումները ցույց կտան»:
Նա շեշտեց՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ը չեն լինելու ավելի հայամետ, քան Հայաստանը պետք է լինի. «Ցանկացած երկիր իր շահերով է առաջնորդվում, դրա համար պետք է այնպես անել, որ քո շահերը համընկնեն նրանց շահերի հետ, կամ օգտագործես իրենց շահերը՝ քո ծրագրերն իրականացնելու մեջ, բայց պետք չէ ակնկալել, որ եթե դու պատրաստ ես հանձնել Արցախը, գլոբալ խաղացողներից որևէ մեկը կանգնելու է և ասի՝ գիտե՞ք ինչ, մենք համաձայն չենք, կամ ուզում ենք արցախահայության ինքնորոշման իրավունքը պահպանել: Բայց ես վստահ եմ, որ վերջին պահին Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի իր ուզածով գնան զարգացումները, պահպանի իր ներկայությունը թե՛ Արցախում, թե՛ գոնե Հայաստանում: Դա շատ անկանխատեսելի, վտանգավոր զարգացումների է բերելու: Դրա համար, ես էլի վստահ եմ, որ այս պահին Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի գործընթացը ձգձգի, ինքը դառնա գլխավոր դերակատարը, բայց տրամաբանական ավարտին գործընթացը չբերվի, որպեսզի հետագայում ուկրաինական պատերազմի կամ ավարտին, կամ, երբ արդեն ակնհայտ դառնա իր հաղթանակը, նա վստահ է, որ և՛ Բաքուն, և՛ Անկարան, և՛ Երևանը արդեն ուրիշ կերպ կմոտենան Մոսկվայից հնչող առաջարկներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում