Մարդը՝ լաթի մեջ (արարողակարգային)

Արցախում ստեղծված ողբերգական վիճակի ու Հայաստանին սպառնացող վերահաս աղետների համատեքստում ընթացող դիսկուրսը հաճախ հանգում է եզրակացության, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում նաև այն պատճառով, որ որևէ խելամիտ մարդ չի համաձայնի փլատակների վերածված պետությունում իշխանություն ստանձնել։

Այս թեզի մեջ կա ճշմարտության մեծ չափաբաժին այն առումով, որ իսկապես՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակն այնքան ողբերգական է, որ միայն մահապարտի համարձակություն ունեցող մեկը կհամաձայնի ստանձնել իշխանության աննկարագրելի պատասխանատվությունը՝ լավագույնս իմանալով, որ պետությունն այս իրավիճակից դուրս բերելու անգամ տեսական հնարավորությունը պահանջում է անձնազոհություն՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Այս թեզը, սակայն, քննարկելի է միայն այն դեպքում, երբ առաջնորդվում ենք հարաբերականորեն նորմալ մարդու կանխավարկածով։ Բայց կյանքը և իրականությունը հիմնված են ոչ միայն և ոչ այնքան՝ նորմալ, որքան անոմալ մարդու մոդելի վրա։ Իսկ այդպիսի մարդու կանխավարկածի դեպքում նրա համար կարևոր է ոչ թե պետության իրական վիճակն ու փրկությունը, այլ այն հնարավորությունները, որոնք ընձեռում է իշխանությունը։

Բանն այն է, որ նույնիսկ անդունդի հատակում գտնվող պետությունում իշխանությունն ապահովում է նյութական, կենցաղային հաճույքներ ու վայելքներ՝ զրահապատ ավոտմեքենաներով շարասյուն, ամառանոցներ, ուղևորություններ, սև խավիար ու սպիտակ ձեռնոցներով սպասավորներ։

Կարդացեք նաև

Եվ եթե իշխանության ամենավերևում գտնվողի համար կարևոր են այդ վայելքները, ապա նրա համար գլխավորը դրանց շարունակականությունն է, որը կարող է ապահովել, եթե անգամ Հայաստանից մնա միայն Հանրապետության հրապարակը։

Նորմալ առաջնորդի համար, բնականաբար, իշխանության ընձեռած այդ հնարավորություններն անկարևոր են, գլխավորը պետության անպաթոս, իրական փրկությունն է՝ սեփական անձի, սեփական ընտանիքի անդամների զոհողությունների գնով անգամ։

Հայաստանի մեծագույն խնդիրը, ամենալուրջ դեֆիցիտը մարդու բացակայությունն է՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Մարդուն չմարդուց տարբերելու սահմանագիծը շատ նուրբ է, երբեմն անտեսանելի։ Եվ երբ իշխանությունը պատկանում է բառի լայն իմաստով չմարդուն, նրա համար իրականում ավելի շահեկան է պետականության գահավիժումը։

Անվտանգային ու գոյաբանական խնդիրներ ունեցող երկրում նորմալ մարդիկ ժամանակ, էներգիա ու ջանք չեն ծախսում իշխանության կոռուպցիոն գործարքների բացահայտման վրա՝ դրանք  համարելով երկրորդական։ Իսկ դա հրաշալի հնարավորություն է մի քանի տասնյակ կիլոգրամ հավելյալ խավիար ուտելու, ամառանոցների զուգարանակոնքերը հերթական՝ ութերորդ անգամ թարմացնելու համար։

Իշխանությունը, ինչպես ցանկացած մատերիա, ունի ձև ու բովանդակություն։ Իրական առաջնորդի համար կարևորն իշխանության բովանդակությունն է՝ դրա միջոցով պետությունը հզորացնելու, հասարակության անվտանգությունը, բարեկեցությունը և զարգացումն ապահովելու համար։

Չմարդու համար առաջնայինն իշխանության ձևն է, արարողակարգային կաղապարը՝ դրանից բխող անհաշվելի հաճույքներով, հանուն որի՝ նա պատրաստ է գործնականում ամեն ինչի։ Եթե անգամ այդ կաղապարն արարողակարգային կոստյումից վերածվում է լաթի՝ պետության չլինելիության բերումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս