Հրաժարվեցի աշխատանքից, երբ տեսա՝ Հայաստանի քարտեզն առանց Արցախի է, ուղղակի ասացի` չեմ մասնակցի. Նուռ

Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռի կարծիքով՝ Արցախում ստեղծված իրավիճակը հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում դիզայներն այսպես նկարագրեց ու գնահատեց Արցախում ստեղծված իրավիճակը.

«Ավելի ողբերգալի է ոչ թե հենց իրադարձությունը, այլ շատ ավելի ողբերգալի է վերաբերմունքն այդ իրավիճակին՝ մեր և մեր կառավարության վերաբերմունքը։ Չգիտեմ, երևի սա աննախադեպ է, ի՞նչ կարող ենք անել՝ պայքարել։ Անշուշտ պայքարել, բարձրաձայնել, աշխարհին տեղեկացնել, փորձել աշխարհին հնարավորինս ձայն հանել տալ, գոռալ տալ։ Այդ ամենից զատ, վերջիվերջո, հասկանալ ողբերգության աստիճանը, քանի որ շատերը չեն հասկանում, ու ես չգիտեմ, թե ինչպես չեն հասկանում։ Ինչպե՞ս չեն հասկանում, որ մեր 120 հազար հայրենակից, լավ, հայրենակից էլ չէ, մարդ ընդունենք ինչ-որ մի տեղում, Կոնգոյում կամ այլ՝ Ուրուգվայում, կանգնած են մահվան շեմին, ինչպե՞ս կարող ես անտարբեր լինել, ինչպե՞ս կարող ես քո առօրյան ապրել, դեռ մի բան էլ խնջույքներ փորձել հնարավորինս ճոխ ու ուրախ անել։ Ես չեմ հասկանում, դա մարդկային չէ, համամարդկային ու արժեքավոր չէ։

Հիշում եմ, երբ Քեսաբի դեպքերի ժամանակ բոլորս ասում էինք՝ «Save Kesab», հագնում էինք նույն գրությամբ շապիկներ, մեր էջերում էինք դնում այդ գրառումը, բա այժմ ինչո՞ւ համատարած չի արվում «Save Artsakh», չէ՞ որ սա մերն է, մեր ազգն է, առանց այդ էլ քիչ ենք մնացել։ Ինձ համար անհասկանալի է ազգի այս զոմբիացումը, բայց դրա հետ մեկտեղ՝ ես փորձում եմ բացատրել, թե ինչ գործիքներով ու գործառույթներով է սա արվում։ Օրինակ, մի գործիքը Սնուփ Դոգի մոտակա համերգն է։ Սա գործիք է, որպեսզի շեղեն, հնարավորինս զոմբիացնեն։ Ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց շատ հեշտ է նման ձևով տանել դեպի մոռացում ու զոմբիացում։ Ուղղակի կոչ եմ անում բոլորին՝ սթափվեք, սթափվեք, որովհետև պատմությունը ոչ մեկիս չի ների, մեր երեխաները մեզ չեն ների»։

Կարդացեք նաև

Նուռի կարծիքով՝ հայ հասարակությանը չի հաջողվում համախմբվել, քանի որ նրա դեմ գործի են դրված հայտնի միջազգային տեխնոլոգիաները։

«Ուղղակի պարզ լեզվով ասեմ, որ հասկանալի լինի հնարավորինս շատ մարդկանց, ուղղակի ասեմ՝ ձեզ վրա կիրառվում է տեխնոլոգիա, զգոն ու սթափ եղեք։ Այս ամենը սկսվեց սև ու սպիտակի բաժանելով, նախկին ու ներկա անելով, պառակտելուց։ Ցանկացած ազգ վերացնում են պառակտելով, առաջին էտապը պառակտելն է։ Երկրորդ էտապում գլուխներին՝ այսպես ասած՝ էլիտային, այն մարդկանց, որոնց կարծիքը կարևոր է ու կարող է ուղեցույց լինել, ձայնազրկելն է։ Սա նույն ցեղասպանության սցենարն է՝ առաջին հերթին վարկաբեկեցին, պառակտեցին, որից հետո 1915 թվականին վերացրեցին մտավորականությանը։ Բոլորը սա գիտեն, ուղղակի պիտի վերհիշենք ու կարողանանք ուղղահայացներ տանել։ Հիմա ավելի փափուկ ճանապարհով նույն բանն է արվում՝ մենք ցեղասպանվում ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նկատեց նաև՝ այսօր վտանգը ոչ միայն վերաբերում է Արցախին, այլև ամբողջ ազգին, այդ պատճառով էլ բոլորին սթափության կոչ արեց՝ քայլեր ձեռնարկել կանխելու մեզ սպասվող արհավիրքը։

Խոսելով ստեղծված իրավիճակում մտավորականության դերից, դիզայներն ասաց, որ մտավորական կոչվելու իրավունքը ստանում է այն քաղաքացին, որը չունի կողմ, այսինքն՝ ինքը չի դիրքավորվում ըստ կողմի, այլ ըստ ճշմարտության, հետևաբար՝ իր համար չկա լավ կամ վատ կառավարություն։

«Ցանկացած կառավարություն ունի իր թերությունները, մտավորականության գործոնը, աշխատանքը պետք է լինի այն, որ ցույց տա թերությունները և չդառնա ինչ-որ մեկի դրոշը կամ «ռուպրը», մյուս կողմից էլ՝ չվաճառվի։ Ցավոք, այսօր պարզվեց, որ մեր երկրում մտավորականությունը քիչ է, փոքրաքանակ է, սա մեծ խնդիր է։ Բացի դրանից, այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին, որպեսզի մտավորականի ձայնը լինի ծաղրելի, այդ ֆեյքաֆաբրիկայով որ սկսեցին հարձակումներ կատարել, սա այն էժան ձևն է, որով, իրենց թվում է, թե կարող են լռեցնել, չեն կարող, ինձ համենայն դեպս կոտրել չեն կարող։

Այսօր մեր երկիրը կառավարող ամբողջ գլուխը, որը, ցավոք, չգիտեմ, երևի գլխիվեր ենք եղել, աշխատում է թշնամու թելադրանքով և թշնամու շահերից ելնելով»,- ցավով եզրափակեց միտքը Նուռը։

Ապա անդրադառնալով մեկ այլ մտավորականի՝ դիզայներ Արամ Նիկոլյանի վերջերս Երևանում կատարած քայլին՝ որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ հենց բեմի վրա այրել էր Ադրբեջանի դրոշը, Նուռն ասաց, որ Նիկոլյանի այդ քայլը ողջունում է։

«Ինքս այդ միջոցառման մասին գիտեի նախապես, քանի որ ինձ հետ բանակցում էին, որպեսզի ես այդ արձանիկը պետք է անեի, որը պիտի նվիրեին, հրաժարվեցի։ Այդ աշխատանքից հրաժարվեցի, որովհետև երբ ես տեսա բրենդինգը և տեսա, որ բրենդինգի վրա Հայաստանի քարտեզն առանց Արցախի է, ուղղակի ասացի՝ չեմ մասնակցի դրան, որովհետև ինձ համար սկզբունքային է։

Իհարկե, այսօր Հայաստանը չեմ համարում ժողովրդավարական երկիր, եթե ունենք քաղաքական բանտարկյալներ, ազատ խոսքի կանխում, ժողովրդավարություն չկա, գոյություն չունի այս երկրում։ Ասեմ ավելին՝ կոռուպցիան չի վերացել, բազմապատկվել է, ասածներից ոչ մի բան չի իրականացել։ Մշտապես ասել եմ՝ ռևոլյուցիան տարբերակը չէ, որով կարելի է ինչ-որ բան փոխել, պետք է էվոլյուցիա, զարգացում լինի, որպեսզի վիճակը լավանա։ Մենք ուղղակի իրավունքը չունեինք թեթև ցնցվելու, որովհետև այդ ռեսուրսը չունեինք, հասկանալի էր, որ սա ծրագրավորված էր, հիմա պիտի մտածենք, թե այս ամենն ինչպես շտկենք, ուղղենք»,- ընդգծեց Նուռը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս