«Կոչերն արդեն անիմաստ են, եթե վերջանա հերթական քննարկմամբ, իրավիճակը շատ ավելի է բարդանալու». Դավիթ Բաբայան
Երեկ՝ օգոստոսի 16-ին, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ էր հրավիրել՝ Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն Ադրբեջանի կողմից հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հարցով։
Արտակարգ նիստ հրավիրելու պահանջով ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին նամակով դիմել էր Հայաստանի Հանրապետությունը։
Նիստից հետո դեռևս որևէ հայտարարություն ու բանաձև չի ընդունվել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի մասին, նկատեց՝ ցանկալի է, որ այս նիստին հետևի հատուկ բանաձևի ընդունում, պարտադիր բանաձևի։
«Կոչերն արդեն անիմաստ են, եթե սա վերջանա հերթական կոչով կամ ուղղակի քննարկմամբ, ուրեմն՝ իրավիճակը շատ ավելի է բարդանալու։ Եթե ամբողջ աշխարհի առաջ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում, և որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում որևէ մեկի կողմից, սա պարզապես խայտառակություն է, ի՞նչ ասեմ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նիստի շրջանակներում տարբեր երկրների ներկայացուցիչներ ելույթներով հանդես եկան՝ հնչեցնելով իրենց գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հարցին՝ արդյո՞ք նրանք իրենց ելույթներով կարողացան ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակն ամբողջությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ հայտարությարունները ցույց էին տալիս, որ իսկապես Արցախում իրավիճակը բարդ է։
«Սակայն պարադոքսն այն է, որ նման հայտարարություններից հետո պետք է արդեն քայլեր ձեռնարկվեին, եթե քայլեր չեն ձեռնարկում, ապա սա շատ վատ է, որովհետև բոլորն ասում են, որ Արցախում սով է, Արցախը շրջափակված է, այսինքն՝ բոլորը դրա մասին խոսում են, հետևաբար՝ եթե սա լինի լոկ հանդիպում՝ հանդիպման համար, քննարկում՝ քննարկման համար, «գալոչկա» դնեն, ուրեմն՝ հետևանքները շատ ավելի վատ է լինելու»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի շրջափակման այս ամբողջ ընթացքում միջազգային հանրության հայտարարություններին և հարցին, թե՝ արդյոք դրանք բավարա՞ր են, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ հայտարարությունների մեծ մասից, իհարկե, գոհ են, սակայն հայտարարություններից պետք է անցնեն գործի։
«Հայտարարությունները կարող է շատ լավը լինեն, ճիշտ արտացոլեն իրավիճակը, սակայն, եթե քայլ չի արվում այն հանգուցալուծելու համար, և եթե մարդը սովամահ է լինում, ապա այս հայտարարություններով կարողանալո՞ւ են սնվել ու չմահանալ, իհարկե ոչ։ Այդ հայտարարություններին պիտի հետևեն քայլեր»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ 249-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՝ զրկված հումանիտար բոլոր աջակցություններից և կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոցներից։ Արցախում արդեն սովամահության առաջին դեպքն է գրանցվել, իսկ դրանից առաջ երկու մանկահասակ երեխա էին մահացել։