Անառակապետություն

Թուլանալու ու հաճույք ստանալու հորդորը հայտնի այլաբանությամբ հղվում է բռնաբարության այնպիսի դեպքերի զոհերին, որոնք անգամ տեսականորեն բռնաբարվելուց խուսափելու հնարավորություն չունեն, որոնց դեպքում դիմադրելն անիմաստ է և միակ այլընտրանքը մնում է հաճույքը բռնությունից:

Այն, ինչ հիմա անում է Հայաստանի իշխանությունը հայ հասարակության հետ, թուլանալու ու հաճույք ստանալու չբարձրաձայնվող ուղերձ է: Դրա հիմնական բովանդակությունը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանն Արցախի ու Հայաստանի հետ արել է հնարավոր վատագույնը, վատթարագույնն էլ դեռ առջևում է, բայց այդ առիթով պետք է ոչ թե ողբերգություն ապրել, այլ մոռանալ դիմադրելու, պայքարելու մասին ու ուղղակի հաճույք ստանալ:

Հաճույքն էլ մեծահոգաբար ապահովում է բռնաբարության հեղինակ իշխանությունը՝ ամենատարբեր խմիչքների փառատոներով, համահայկական թամաշաներով, անգամ թմրանյութերի միջազգային գովազդի գուրու երգիչների Հայաստան հրավիրելով: Բոլոր այսպիսի միջոցառումներով իշխանությունը հասարակությանը ներքաշում է ամենակեղտոտ գործարքի մեջ՝ ապահովելով խրախճանքը, քաղաքացիներից պահանջելով սոսկ մասնակցություն, որը վերջնարդյունքում հանգում է բռնաբարությանը հանցակցությամբ. հասարակությունը դառնում է միևնույն ժամանակ և՛ բռնաբարության անուղղակի հեղինակ, և՛ ուղղակի զոհ, որի գիտակցումը խլանում է զվարճանքի աղմուկի մեջ:
Բռնաբարության ժամանակ առանց մինչև վերջին ճիգը գործադրելու պայքարից հրաժարվողն ու հեշտանքին տրվողը զոհից վայրկենապես վերածվում է անբարոյականի:

Նույն մեխանիզմը որոշակի առանձնահատկություններով գործում է նաև հասարակության պարագայում: Առանց պայքարի հանձնվող ու առավել ևս՝ այդ հանձնումից հաճույք ստացող հանրույթը գնում է գիտակցված անառակության՝ որպես փոխհատուցում՝ ստանալով անառակության շահառուների կողմից կազմակերպվող զվարճանքին գլխաքանակ ապահովելու հնարավորություն: Պայքարը, ընդ որում՝ ուղղղակիորեն չի նշանակում պատերազմի ցանկություն, ինչպես ներկայացնում է իշխանական քարոզչությունը: Պայքարի պատրաստակամությունը և պայքարելու ոգին կարող է և, որպես կանոն, գտնում է նաև առանց պատերազմելու հաղթանակի կամ առնվազն պակաս կորուստներով իրավիճակը հաղթահարելու հնարավորությունները: Եվ հակառակը՝ կամավոր հրաժարումը պայքարից հասարակության ու պետության ներքին դիմադրողականությունը հավասարեցնում է զրոյի, որից օգտվում են բոլորը՝ սկսած պետության չգոյությունը տենչացող թշնամիներից, մինչև այդ տենչանքն իրականություն դարձնող ներքին բդեշխներ ու վերջիններիս պատվերով գաստրոլների եկող պլանքաշներ:
Իշխանությունը հետևողականորեն, մեթոդաբար հայ հասարակությանը դրդում է անբարոյականության ու հոգևոր անառակության:

Կարդացեք նաև

Հասարակությունը, չհաշված դիմադրության տեղային, դեռևս մասսայական չդարձող առանձին օջախները, ընդհանրության մեջ դեռևս չի դիմադրում և պատրաստ է թուլանալու՝ հաճույք ստանալու:

Ամենաբարձր մակարդակով խրախուսվող ներքին անառակությունն իշխանությանը հնարավորություն է տալիս զբաղվել արտաքին քաղաքական անառակությամբ՝ սեփական հաճույքների դիմաց արդեն իսկ վճարած լինելով Արցախով ու պատրաստ վճարելու Հայաստանով, պետությամբ ու պետականությամբ:

Հարություն Ավետիսյան

 

Տեսանյութեր

Լրահոս