Ինչպե՞ս կարձագանքի դրամը ֆինանսական հոսքերի արձանագրվող կրճատմանը

Արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանի տնտեսության աճի վրա գնալով թուլանում է։ Այլևս չկա նախկին ակտիվությունը։ Նախորդ շրջանի ակտիվության անկման միտումներն աստիճանաբար դրսևորվում են ոչ միայն տնտեսության մեջ, այլև ֆինանսական հատվածում։

Ավելի քան մեկ տարի պահպանվող բարձր աճից հետո, հունիսին նվազել են դրսից փոխանցվող գումարները, որոնք էական նշանակություն ունեցան հատկապես ֆինանսական հատվածի դրսևորումների, ծառայությունների բարձր աճերի ու բանկային համակարգի շահույթների վրա։

Այդ գումարների ներհոսքի ազդեցությունը մեծապես արտահայտվեց նաև փոխարժեքի շուկայում, ինչն ուղեկցվեց դրամի կտրուկ արժևորմամբ։

Վերջին մեկ ու կես տարում դրամը հասցրել է արժևորվել ընդհուպ 20-25 տոկոսով։

Ազգային արժույթն այսօր էլ շարունակում է արժևորված մնալ՝ մեծապես ազդելով տնտեսության արտաքին ու ներքին մրցունակության վրա։ Չնայած դրան, ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ կառավարությունը ոչինչ չարեցին տնտեսությանը դրամի արժևորումից պաշտպանելու համար։

Դրամի արժևորման այս գործընթացը Կենտրոնական բանկը կապեց դրսից ստացվող հսկայական ֆինանսական հոսքերի հետ։ Այդ հոսքերը վերջին ամիսներին դադարեցին նախկին տեմպերով ավելանալ, իսկ հունիսին նաև անկում գրանցվեց։

Թե դա ինչպե՞ս կանդրադառնա դրամի հետագա վարքագծի վրա, կերևա առաջիկայում։

Բայց արդեն հնչում են կանխատեսումներ, որ առաջիկայում դրամին սպասվում է չափավոր արժեզրկում։

Մասնավորապես նման կանխատեսում օրերս ներկայացրեց միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը։ Վերջինիս սպասումները կապված են՝ ինչպես արտաքին դրամական հոսքերի, այնպես էլ՝ Կենտրոնական բանկի հնարավոր գործողությունների հետ, որոնք տնտեսության ակտիվության դանդաղելուն և գնաճային ճնշման մեղմացմանը զուգընթաց՝ կարող են ուղեկցվել դրամի թուլացմամբ։

Այս փուլում արդեն նկատելի է դրսից ստացվող ֆինանսական հոսքերի կրճատում։ Հունիսին արտերկրից ավելի քիչ գումար է եկել Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով, քան եկել էր անցած տարի։

Սա, անշուշտ, կարող է ազդակ լինել փոխարժեքի շուկայի համար, բայց էական փոփոխությունների առայժմ շուտ է սպասել։ Դա տեղի կունենա, եթե պահպանվեն առկա միտումները։

Կենտրոնական բանկի տվյալներով, հունիսին բանկային համակարգի միջոցով դրսից Հայաստան է մտել 444,5 մլն դոլար։

Սա էլ, իհարկե, փոքր գումար չէ, բայց ավելի քիչ է, քան փոխանցվել էր անցած տարվա նույն ամսին։

2022թ. հունիսին դրսից ստացվել էր գրեթե 597,8 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ՝ ֆիզիկական անձանց փոխանցումները կրճատվել են ավելի քան 153,2 միլիոնով։

Տոկոսային արտահայտությամբ անկումն անցնում է 25 տոկոսից, ինչն արդեն բավական լուրջ նվազում է։

Ինչպես ժամանակին արձանագրված աճը, այնպես էլ այս նվազումը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին։

Հունիսին ՌԴ-ից 153,1 միլիոնով ավելի քիչ գումար է եկել, քան եկել էր անցած տարի։

Բանկային համակարգով ստացվել է շուրջ 299 միլիոն՝ նախորդ տարվա 452 միլիոնի դիմաց։

Նվազումն ուղեկցվել է արտահոսքի ավելի մեծ տեմպով։ Դրսից ստացվող գումարները կրճատվել են, Հայաստանից դուրս գնացողն ավելացել է։

Այս տարվա հունիսին 84 միլիոնով ավելի շատ գումար է փոխանցվել Հայաստանից տրանսֆերտների տեսքով, քան փոխանցվել էր անցած տարի։

Դրա հետևանքով էապես կրճատվել է նաև զուտ հոսքը։ Անցած տարի այն կազմել էր շուրջ 368 մլն դոլար, այս տարի կազմել է 130 միլիոն՝ գրեթե 238 միլիոնով պակաս։

Զուտ հոսքերը կրճատվել են՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներից։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո սա առաջին ամիսն է, որ դրսից ֆինանսական հոսքերի բացասական միտումներ ու ցուցանիշներ ունենք։ Դրանց վրա առկա է ոչ միայն փոխանցումների պասիվացումը, այլև նախորդ տարվա բարձր բազային էֆեկտի ազդեցությունները։

Պատահական չէ, որ վերջին ամիսներին նկատվող աճի դանդաղումով ու նույնիսկ նվազումով հանդերձ, դրսից ֆինանսական միջոցների հոսքը տարեկան կտրվածքով դեռևս շարունակում է բավական բարձր լինել։ Ավելի բարձր, քան նախորդ տարի էր։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին արտերկրից Հայաստան է մտել ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլրդ 925 մլն դոլարի մասնավոր տրանսֆերտ՝ առնվազն 1 միլիարդով շատ, քան անցած տարի։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում ստացվել էր 1 մլրդ 870 միլիոն։

Թեև այս տարվա կիսամյակային հոսքերն առնվազն 1 միլիարդով ավելի են եղել, դրանք չեն մնացել Հայաստանում։ Հայաստանի միջոցով դուրս են եկել։ Այդ է պատճառը, որ ավելի քան 1 միլիարդ հավելյալ մուտքերի պայմաններում, տրանսֆերտային զուտ հոսքը, այսինքն՝ ներսում մնացած գումարները նույնիսկ զիջել են նախորդ տարվա մակարդակը։

Անցած տարվա առաջին կիսամյակում ստացված 1,8 միլիարդից Հայաստանում մնացել էր շուրջ 994 մլն դոլարը, այս տարվա 2,9 միլիարդից մնացել է 897 միլիոնը։

Այսինքն՝ գումարների մեծ մասն ինչպես մտել, այնպես էլ՝ դուրս են եկել։

Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա ֆինանսական այն շարժերը, որոնք նկատվել են հունիսին, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն։ Նախորդ տարվա համեմատ՝ ֆինանսական փոխանցումները կշարունակեն կրճատվել։ Տարեվերջին ընդառաջ տարբերությունները կփոքրանան։ Նախորդ մեկ-մեկ ու կես տարում արձանագրված կրկնակի-եռակի աճերն այլևս չեն լինի, չնայած տրանսֆերտային փոխանցումները դեռևս կմնան շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան կային մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։

ԼԵՎՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս