Տեսանելի ապագայում մենք և՛ մասնակից, և՛ ականատես կլինենք զարգացումներին, որոնք կքշեն-կտանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. Հենրիխ Դանիելյան

«ՀՀ-ն, որը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, ասում է, թե Արցախն ադրբեջանական է, իսկ մեր հասարակությանը փորձում են շեղել, խաբել, թե ռուս խաղաղապահները, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այս իրավիճակից դուրս գանք,-  լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով Արցախի 8 ամիս տևող շրջափակմանը, ապա շեշտեց,-  Քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանը:

Մենք ի՞նչ ենք ակնկալում ռուսներից, եթե մենք ունենք իշխանություն, որն ասում է՝ Արցախն ադրբեջանական է, այսինքն՝ ռուսները պետք է հայերից ավելի հայ լինեն, և իրե՞նք ինչ-որ քայլեր ձեռնարկեն»:

Հանրապետական գործիչը հիշեցնում է, որ այսօր «Ես Արցախի հետ կապ չունեմ» հայտարարությունն անող Նիկոլ Փաշինյանն ինչպես էր մինչև պատերազմը հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

«Եթե դու կապ չունեիր Արցախի հետ, ինչո՞ւ ասացիր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ինչո՞ւ ես ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթը,- արձանագրեց Հենրիխ Դանիելյանը՝ մանրամասնելով,- Դու ասում ես, որ ոչ մի պետություն երբեք չի ասել, որ Արցախը Հայաստան է, կամ ադրբեջանական չէ, բայց ոչ մի երկիր նաև չէր ասում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, բացի Ադրբեջանի՝ տեռորիստական կառավարիչներից, որոնք հայտարարում են, թե  Հայաստանն էլ է ադրբեջանական ու տարածաշրջանի այլ երկրներն էլ»:

Կարդացեք նաև

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմին ներդաշնակ հռետորաբանություն ունի:

Նա հավելեց՝ Փաշինյանը հանրությանը ստել է «խաղաղության օրակարգի» մասին խոսույթներով՝ ինչպես ստել է 2018 թվականի իշխանազավթման օրերին, երբ հայտարարում էր, թե բերելու է սեր, համերաշխություն ու խաղաղություն, բայց բերեց մահ, պատերազմ և կռիվ:

«Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես բերելու եմ խաղաղություն, և վախենալու է պատկերացնել, թե այդ խաղաղությունն իրենից ինչ է ենթադրում, քանի որ դա կեղծ օրակարգ է,- շեշտեց Հենրիխ Դանիելյանը՝ վստահեցմամբ, որ միայն բանակցողի փոփոխության դեպքում, հայկական շահով առաջնորդվող բանակցողի դեպքում հնարավոր կլինի ստեղծել հայանպաստ իրավիճակ,- ՀՀ ներկայացուցիչը պետք է ներկայացնի Հայաստանը և Արցախը, ունենա «հայկական պլան»՝ ոչ թե «արևմտյան, կամ «ռուսական պլան»: ՀՀ ներկայացուցիչը պետք է ներկայացնի Հայաստանի և Արցախի շահը, ինչը Նիկոլ Փաշինյանը չի անում»:

Ի դեպ, հանրապետական գործիչը, թեև չբացեց փակագծերը, սակայն վստահեցրեց՝ Հանրապետական կուսակցությունը՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, օրուգիշեր աշխատում է,  որպեսզի այս դավադիր ռեժիմը հեռացվի իշխանությունից:

«Վստահեցնում եմ՝ տեսանելի ապագայում մենք և՛ մասնակից, և՛ ականատես կլինենք այն զարգացումներին, որոնք կքշեն-կտանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. կքշեն-կտանեն սուտը, խավարը և կեղծավորությունը մեր երկրից: Եվ կբացվի նոր լույս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա, ու մենք կունենանք հայկական օրակարգ»,- ամփոփեց նա:

Տեսանյութեր

Լրահոս