«Ովքեր շփվել են այդ տարիների մեր դեսպանների հետ, կհաստատեն». Տարոն Սիմոնյան
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ 1993-1994թթ․ հայկական ուժերը ազատագրում էին ԼՂԻՄ հարակից հայկական տարածքները, այլ (հատկապես՝ արևմտյան) պետություններում գտնվող մեր դեսպաններին կանչում էին այդ պետությունների կառավարություններ և պահանջում, որ բավարարվենք՝ ԼՂԻՄ տարածքով։ Իսկ երբ մեր դեսպանները հստակ պատասխան էին տալիս, որ չենք կարող, այլընտրանք չունենք, որովհետև այդկերպ մենք կանխում ենք հերթական Հայոց ցեղասպանությունը, որևէ այլ հակադարձում չէր լինում։
Հ․Գ․ Ովքեր շփվել են այդ տարիների մեր դեսպանների հետ, կհաստատեն։
Ինչ եմ ուզում ասել․ ցեղասպանությունը կանխում են՝ ներքին համերաշխությամբ ուժեղանալով, եղած ռեսուրսները հաշվարկելով, կուտակելով, բազմապատկերով ու արդյունավետ օգտագործելով, ակտիվ ռազմական՝ պաշտպանական ու հարձակվողական գործողություններով, ինչպես նաև (սակայն ոչ միայն) միջազգային կառույցներն ակտիվորեն օգտագործելով, օրինակ՝ Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին նամակ ուղարկելով (նամակները պատրաստ են դեռ այս տարվա սկզբին։ ՀՀ վարչապետն էլ սույն թվականի մարտի 16-ին կառավարության նիստում հայտարարեց,ո ր դիմում են․․․ բայց դեռ չեն դիմել), ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելով, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելով և մի շատ երկար շարք դիվանագիտական ու ռազմական գործողությունների միջոցով․․․
Մի խոսքով՝ գիտելիքով, ուժով ու կամքով, այլ ոչ թե լացով, խնդրանքով, ողորմությամբ ․․․ (Խրիմյան Հայրիկի ականջը կանչի)։
Աշխարհը եղել է, կա ու լինելու է շատ բարդ ու փոփոխական և հիմնականում՝ թույլ պետություններին ոչ կարեկից ու բարենպաստ։ Ու թող ոչ ոք իր անգործությունը չպայմանավորի «շատ բարդ ու արտակարգ փոփոխական աշխարհով», վատ միջազգային գործընկերներով ու բախտով։
Աշխարհը միշտ է այդպիսին, միջազգային գործընկերները միշտ են շահախնդիր, բախտը միշտ է ուժեղի սեփականությունը ․․․
Մենք ենք, որ այլ մոլորակից ենք եկել երևի․․․»։