Երաշխիքներ՝ միջազգային չափանիշներով ցեղասպանության համար
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային երաշխիքների վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունները երեսպաշտության ու անբարոյականության եզակի դրսևորումներ են, որոնք ապացուցում է ինքը՝ այդ հայտարարությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ապացուցվում է ոչ թե նրա միևնույն տեքստերում, այլ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների համադրության արդյունքում։
Տևական ժամանակ՝ շուրջ երկու տարի, Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր հրապարակային ելույթները սկսում է աշխարհի տուրբուլենտության, փլվող կամ արդեն իսկ քանդված աշխարհակարգի մասին դատողություններով, որոնք ներկայացնում է գրեթե որպես սեփական հայտնագործություն, բացահայտում, որ կարող էր կատարել միայն ինքը։ Իրականում նա ասում է այն, ինչի մասին ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրվանից գրում է համաշխարհային ողջ մամուլը, և խոսում է միջազգային փորձագիտական հանրությունը։ Բայց տվյալ դեպքում խնդիրը դա չէ։
Ավելի կարևոր է այն, որ Նիկոլ Փաշինյանի սթափությունը բավականացնում է՝ արձանագրելու համար աշխարհի տուրբուլենտությունն ու աշխարհակարգի փաստացի չգոյությունը, ինչի մասին նա, ի դեպ, մի քանի րոպե խոսեց նաև իր վերջին սկանդալային ասուլիսի նախաբանում։
Ահա, ուրեմն, մարդը, պետության ղեկավարը, որ խոսափող է փնտրում՝ աշխարհակարգի փլուզման մասին հայտարարելու համար, հաջորդ ամբիոնից ունեցած ելույթում միջազգային երաշխիքներ է պահանջում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար։ Որպես հռետորաբանություն՝ դա, իհարկե, գեղեցիկ է հնչում։ Բայց որպես բովանդակություն՝ այդ միտքը ցնդաբանություն է, տաֆտալոգիա, հատկապես, երբ հնչում է մեկի կողմից, ով գրեթե բոլոր հրապարակային խոսքերը սկսում է աշխարհակարգի ջախջախման մասին հայտարարություններով։
Համադրելով Նիկոլ Փաշինյանի այս երկու գաղափարները, ստացվում է, որ նա Արցախի իշխանություններին դրդում է (ըստ ՌԴ արտգործնախարարի՝ համոզում է) երկխոսել արցախահայերին ցեղասպանությամբ սպառնացող (գնահատականը Նիկոլ Փաշինյանինն է) Ադրբեջանի հետ՝ այնպիսի միջազգային երաշխիքների ներքո, որոնք անգամ տեսականորեն տրամադրելու ունակ աշխարհակարգը, միջազգային հանրությունը գտնվում է տուրբուլենտության ու փլուզման եզրին (գնահատականները կրկին Փաշինյանինն են)։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանություններին դրդում/համոզում է մտնել մի գործընթացի մեջ, որի երաշխավոր հավաքական սուբյեկտը՝ ի դեմս միջազգային հանրության, կամ արդեն իսկ գոյություն չունի, կամ ամեն պահի կարող է վերանալ՝ մինչև նոր աշխարհակարգի ձևավորումը։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն Արցախին դրդում է ներգրավվել հենց այդ տուրբուլենտության ալեկոծության մեջ՝ ի սկզբանե ոչնչանալու երաշխավորված հեռանկարով։
Առաջին հայացքից սա կարելի է վերագրել աշխարհաքաղաքական անգրագիտությանը կամ խորքային գործընթացները հասկանալու նրա անկարողությանը։ Բայց դա հասկանալու համար բավարար է նույնիսկ միջին ՔՊ-ականի ինտելեկտի բացակայությունը։ Հետևաբար՝ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ է այդքան հետևողականորեն ու շտապողաբար Նիկոլ Փաշինյանը ցանկանում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, և հատկապես, որ դա տեղի ունենա «միջազգային երաշխիքների» ներքո։
Պատասխանը տեսանելի է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի աչքերի ոգևորությունը՝ փողի մասին խոսելիս։ Նա քաջ գիտակցում է, որ ներկայիս պայմաններում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության իրական և միակ նպատակը, լավագույն դեպքում՝ Արցախը վերջնականապես Ադրբեջանին ինտեգրելն է՝ դրանից բխող հետևանքներով, իսկ վատագույն պարագայում՝ Արցախի հայաթափումը, գուցե առանց տղամարդկանց, որոնք կարող են ձերբակալվել Վագիֆ Խաչատրյանի օրինակով։ Բայց Նիկոլ Փաշինյանին հուզում են ոչ թե այս հեռանկարները, այլ դրանց իրականացումից հետո սեփական պատասխանատվությունն այլոց վրա բարդելու երաշխիքը։
Այդ իմաստով, «միջազգային երաշխիքներն» իրականում երաշխիք են Նիկոլ Փաշինյանի համար՝ Արցախի վերջնական կործանման մասին մեղադրանքներին ի պատասխան՝ միջազգային հանրության վրա հղում կատարելու ու պատասխանատվությունից / Հայաստանից թռնելու համար։ Սովորության համաձայն։
Հ․Գ․ Ամենևին զարմանալի չի լինի, եթե հետագայում պարզվի, որ միջազգային հանրությունից Նիկոլ Փաշինյանն այդքան նախանձախնդրորեն երաշխիքներ է պահանջել ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, որքան Արցախի վերջնական հանձնումից հետո Հայաստանում հնարավոր իշխանափոխության դեպքում՝ սեփական անձի ու ընտանիքի համար։
Հարություն Ավետիսյան