Եթե ռուս խաղաղապահներից ի սկզբանե որևէ երաշխիք չի եղել բեռները տեղափոխվելու, ո՞րն է նպատակը Երևանից բեռներ բերելը այստեղ. լրագրողը՝ Մարուքյանին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ-ից Արցախի Հանրապետություն հումանիտար բեռ ուղարկելու մասին, ասաց, որ Ադրբեջանը 120 հազար մարդու շրջափակել ու սովի է մատնում։
«21-րդ դարում նմանատիպ դեպքեր եղել են, չեմ ուզում այլ համեմատություններ անել, բայց սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է։ Այսինքն՝ այս իմաստով չկա այդպիսի քայլ, որ ասեմ՝ մենք չենք արել, որ չապացուցենք, և այս ամենը շատ ակնհայտ է։ Դուք երեկ տեսաք` Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանները, դիվանագետները, բոլորն այնտեղ էին, ուսումնասիրել են, տեսել են, իրենք իրենց մայրաքաղաքներ են ներկայացրել այս ամենը։ Այսինքն՝ դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում էլ՝ նույնը։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են մեր ստանձնած պարտավորություններին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է գործի և դա միակ կապն է Հայաստանի հետ և այն ոչ միայն սնունդն ապահովելու, առաջնային ապրանքներ տեղ հասցնելու կապն է, այլ ՀՀ-ի հետ հատուկ կապն է արձանագրված, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը»,- նշեց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնլով Ադրբեջանի կողմից բեռները Ստեփանակերտ հասցնելու արգելքին։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում։
Նա հույս հայտնեց, որ ի վերջո կհաջողվի բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին։
Հարցին՝ հուլիսի 25-ին Մոսկվայում Արարատ Միրզոյանը Լավրովին ու Բայրամովին այս նախաձեռնության մասին հայտնե՞լ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այդ հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակման վերացման հարցը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի երկու որոշումների իրավաբանական որոշումով։
«Այսինքն՝ մեր նախարարը ոչ թե 360-400 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցքը բացելու հարցը, որը, բնականաբար, բարձրացվել է և այդ հարցը հանդիպման ժամանակ քննարկվել է։
Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու պահանջը ավելի մեծ գործընթաց, պրոցես ու պահանջ է, քան ուղղակի շուրջ 400 տոննա հումանիտար բեռ անցկացնելու հարցը, դրա համար մեր բարձրացրած հարցն ընդհանուր բնույթի է»,- շեշտեց Է. Մարուքյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի թվիթերյան գրառմանը, թե «խաղն ավարտված է, ձեզ մնում է միայն ինտեգրվել», Մարուքյանն ասաց, որ նրա հայտարարությունը դիվանագետի հայտարարություն չէ, երբ խոսքը վերաբերում է էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած հարյուր-հազարավոր մարդկանց մասին։
«Եթե հարյուր-հազարավոր մարդկանց կյանքը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող դա իրենք դիտարկեն։ Ինչ վերաբերում է Հաջիևի բարձրացրած ինտեգրման հարցին, ապա Ադրբեջանն ունի հնարավորություն Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսել և բանակցել դրա շուրջ, Լեռնային Ղարաբաղը, ԼՂ ներկայացուցիչները կորոշեն, թե իրենք ինչ են ուզում, ինչ իրավունքներ են ներկայացնում։ Վերջին հաշվով իրավունքների և անվտանգության բանակցությունները, իրավունքների ու անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխիքների հարցը պետք է ԼՂ-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի։ Հիմա եթե Հաջիևն ասում է՝ «խաղն ավարտված է՝ ինտեգրվեք», դե գնացեք, բանակցեք ու ասեք մարդկանց»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում