Աղդամով դեպի Արցախ ապրանքների տեղափոխումն այլընտրանք չէ, այլ բռնի, հարկադիր ճանապարհով Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրում. Արթուր Եղիազարյան

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջարկում է հումանիտար բեռների առաքում Աղդամից Ստեփանակերտ երթուղիով՝ որպես Հայաստանից մատակարարումների փոխլրացում:

Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղու գործարկման հարցն ընդգրկված է եղել նաև բրյուսելյան բանակցային օրակարգում: Սա այն դեպքում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ Լաչինի միջանցքն է (5 կմ լայնությամբ) ապահովելու  Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, որը միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը և մնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

«Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»,- նշված է եռակողմի 6-րդ կետում:

Կարդացեք նաև

Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության 2-րդ կետի համաձայն՝ Աղդամի շրջանն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանին:

44-օրյա պատերազմի մասնակիցներից և ռազմական փորձագետները մեկ անգամ չէ, որ ասել են՝ մարտական գործողությունների ընթացքում ոչ մի քայլ չենք նահանջել Աղդամի, Քարվաճառի ուղղությամբ, կարողացել ենք պահել Բերձորը:

Այսքանից հետո կարո՞ղ է իշխանությունը մի օր ասել, որ չհանձնելու տարբերակ չուներ, իրականում կա՞ր նման տարբերակ, և ի՞նչ իրավիճակ կունենայինք այս դեպքում:

168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը նշեց, որ Փաշինյանի իշխանությունն Աղդամի շրջանը հանձնել է առանց կրակոցի, և սա է փաստը, այսինքն՝ սրան այլ անուն տալ հնարավոր չէ:

«Հարցադրում եք անում, թե կա՞ր տարբերակ չհանձնելու, պատմությունը եթե-ներ չի սիրում, կա փաստ, որն արձանագրում ենք: Մյուս կողմից, վերլուծությունների արդյունքում մտածել, թե կա՞ր տարբերակ չհանձնելու, այո՛, կար, քանի որ Արցախի խնդիրը ռազմականից վաղուց դարձել էր քաղաքական: Իհարկե, պարբերաբար կրակոցներ, ռազմական փոքր գործողություններ լինում էին նախկինում, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի խնդիրը վաղուց բանակցային սեղանին էր: Եվ երբ քաղաքական սխալ ուղղություն է որդեգրվում, հիշենք Փաշինյանի՝ զրոյական կետից սկսելու գաղափարը և ամբողջ նախորդ տարիների քաղաքական պրոցեսների, բանակցային գործընթացի կանգ առնելը, այս ամենը պետք է հանգեցներ պատերազմի: Եվ դրա հիմքերը տրվեցին, երբ Արցախում, օրինակ, հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այդ արտահայտությունը կարող եմ անել ես, դուք, ցանկացած մեկը, ով չի գտնվում վերին հարթակում՝ որպես մտածողություն և ցանկություն, բայց երբ դա հնչում է երկրի առաջին դեմքի շուրթերից, դա մի բան է նշանակում՝ ես դադարեցնում եմ բանակցությունները, այլևս ոչինչ չունեմ բանակցելու:

Ադրբեջանը սա ընդունեց՝ որպես պատրվակ, թե դրանով դադարեցվում է բանակցային գործընթացը, էլ ինչի՞ շուրջ են բանակցելու, ու սա լեգիտիմ հիմք տվեց ռազմական գործողություններ սկսելու: Եվ գնաց մի պատերազմ, որի մասին վերլուծելով կարելի է ասել՝ կազմակերպված քաոս էր: Եվ բանակի, հատկապես՝ միջին օղակի սպայական կազմի սխալ կառավարումը շատ դեպքերում բերեց ոչ ճիշտ մարտավարությունների կիրառման, և սա «բնական սցենար» դարձրեցին, թե ռազմական ճանապարհով չկարողացանք խնդիր լուծել: Վերադառնալով սկզբնական հարցին, չհանձնելու տարբերակը հենց այն էր, որ մենք պիտի լուրջ պատրաստված լինեինք ռազմական գործողություններին»,- շեշտեց ռազմական վերլուծաբանը և շարունակեց.

«Այսօր, երբ հետադարձ հայացք ենք գցում, բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ, երբ ադրբեջանցիները դեռևս հոկտեմբեր ամսին չնչին հաջողություններ էին արձանագրել, ինչո՞ւ չկազմակերպվեց Հադրութի պաշտպանությունը՝ Ջրականի, Վարանդայի անկումից հետո, կհիշեք, որ քաղաքապետն իր խմբով էր պաշտպանություն կազմակերպում, որոշ ջոկատներ կային, բայց որպես այդպիսին՝ ռազմական գիծ կամ ռազմաճակատ չձևավորվեց Հադրութում, և Հադրութից հետո հատկապես, երբ թուրքերը տեղաշարժվեցին դեպի Շուշի: Ամբողջ այդ 70 կմ ճանապարհին լուրջ դիմակայություն չի եղել, ինչի արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք:

Ի լրումն՝ ասեմ, որ չհանձնելու մեկ այլ տարբերակ էր կար, դա այն է, որ մենք պետք է փաստաթղթային և պոտենցիալ դաշնակիցների, որոնց հետ շահերի համընկնում կա, օրինակ՝ Իրանի հետ, պետք է նախքան պատերազմը լուրջ աշխատանք տարած լինեինք: Այս դեպքում կարող էինք ավելի շահեկան դուրս գալ պատերազմից կամ կանգնեցնել այն: Ադրբեջանն իր դաշնակիցներով փորձում էր խնդիրներ լուծել, մենք էլ դա կարող էինք անել: Բայց չարվեց, սա թող որպես գնահատական չհնչի, բայց, իմ դիտարկմամբ, 2020-ին տեղի ունեցածը կարծես կռվի ճանապարհով հողերի հանձնման գործընթաց էր: Կրկնում եմ՝ ստեղծվեց, այսպես ասած, բնական սցենար, թե չկարողացանք պահել, որի արդյունքում ունեցանք սա: Բայց, կրկնում եմ, իմ տպավորությամբ, այդ ամենը կազմակերպված քաոս էր, որը պիտի հանգեցներ այն արդյունքին, ինչը եղավ: Եվ եթե հաշվի առնենք հետպատերազմյան որոշ գործընթացներ, այս տեսակետն ավելի է ամրապնդվում»:

Հավելենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ասել էր, որ «Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում»:

«Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում»,- ընդգծել էր նա:

Վերադառնանք Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն:

Արթուր Եղիազարյանի խոսքով, դա այլընտրանք չէ, որպես այդպիսին ներկայացնելը սխալ է:

«Արցախի շրջափակումը հենց իրենք՝ ադրբեջանցիներն են իրականացրել, և իրենք էլ այլընտրա՞նք են առաջարկում, նման բան չի կարող լինել: Սա ոչ թե այլընտրանք է, այլ բռնի, հարկադիր ճանապարհով Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրում է: Այսինքն, իրենք ստեղծում են դժվարություններ, խնդիրներ և խոչընդոտներ, և իրենք ուզում են մարդասիրական մոտեցո՞ւմ ցույց տալ, այդպես չի լինում:

 Այլընտրանք՝ նշանակում է՝ այլ ընտրություն, այսինքն, կա՞ ընտրություն, և սա նրա համեմատ այլ ընտրությո՞ւն է: Այսօր Արցախն աշխարհի հետ կապող ոչ մի ճանապարհ չկա: Արցախը բոլոր կողմերից շրջափակված է, չկա ընտրություն, հետևաբար՝առաջարկվողն այլընտրանք չէ, այլ ընտրություն չէ»,- շեշտեց ռազմական վերլուծաբանը:

Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ, առհասարակ, Ադրբեջանն օկուպացված արցախյան տարածքներով ոչ միայն անվտանգային խնդիր է լուծում, այլ նաև փորձում է հասնել իր հեռահար նպատակներին, հագուրդ տալ իր նկրտումներին, քանի որ ամբողջ ՀՀ տարածքը նրանք հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան», և հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքի նկատմամբ: Այսինքն, աստիճանաբար ներխուժելով ՀՀ տարածք, նրանք փորձում են հասնել իրենց այս ծրագրին:

«Որտեղ դիմակայություն չեղավ, նրանք շարժվելու են առաջ: Մյուս կողմից, բարենպաստ և ռազմավարական նշանակության դիրքերը, տարածքներն իրենց հսկողության տակ պահելով, վերահսկողություն սահմանելով ՀՀ տարածքի վրա, Ադրբեջանը փորձում է կանխել հայկական ռևանշը, կամ ռազմական հնարավոր հակադարձումը, որ մենք հանկարծ չկարողանանք կամ չփորձենք հետագայում ռազմական առումով մեր խնդիրը լուծել»,- եզրափակեց Արթուր Եղիազարյանը:

Իսկ Փաշինյանը, ըստ էության, բանակը և փորձառու զինվորականներին թիրախավորելով՝ կամա թե ակամա օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին այս հարցում:

2021-ից սկսած մինչ օրս Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 150 քկմ, և գործն այսքանով չի ավարտվելու:

Տեսանյութեր

Լրահոս