Բաժիններ՝

Պոեզիա-ներկայացում՝ բնության գրկում. հանդիսատեսը «դատարկաձեռն» չի հեռանա ներկայացումից. Պետրոս Հոկտանյան

Բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի ստեղծագործություններն այսուհետև կներկայացվեն նաև մարզերում՝ կենդանի ձևափաչով։

Յուրահատուկ ձևաչափով Պոեզիա-ներկայացում նախագծի առաջին հանգրվանն Արագածոտնի մարզն է՝ Բյուրական գյուղը, որտեղ անվանի մի խումբ արտիստներ կներկայացնեն բանաստեղծի  տարբեր ժամանակների ստեղծագործությունները։

168.am այս նախագծի շուրջ զրուցել է Պետրոս Հոկտանյանի հետ։

– Հուլիսի 29-ին Բյուրականի «Հանդ ART» այգում նախատեսված է պոեզիա-ներկայացում՝ Ձեր բանաստեղծությունների հիման վրա, ի՞նչ է սպասվում հանդիսատեսին։

Կարդացեք նաև

– Ուզում եմ ընդգծել, որ սա ստանդարտ ձևաչափով պոեզիայի մատուցում չէ։ Հեղինակային բանաստեղծություններս հանդիսատեսին են ներկայացնելու, այս դեպքում կարելի է ասել՝ նաև խաղալու են, ճանաչված ու սիրված դերասաններ Սամվել Թոփալյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Աստղիկ Աբաջյանը, Լիլի Առաքելյանը, Լուսինե Կոստանյանը։

Ներկայացման ինքնատիպությունն այն է, որ բեմադրությունն արված է ոչ թե բեմի վրա, այլ՝ բնության գրկում, ինչը, կարծում եմ, ավելի կօգնի հանդիսատեսին ընկալել ու զգալ բանաստեղծություններն իրենց ողջ խորությամբ։ Արված է հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսը «դատարկաձեռն» չհեռանա այդ ներկայացումից, անպայման ինչ-որ բան իրենց հետ տանելու են, յուրաքանչյուրն ինքը կորոշի՝ ինչ, բայց հաստատ բոլորն անմոռանալի հույզերով են հեռանալու։

– Նման նախագիծը հայկական մշակույթում նորություն է, մտավախություններ ունե՞ք, որ այն միանգամից կարող է չընդունվել։

– Ո՛չ, չունեմ նման մտավախություն, աշխատելով նման պրոֆեսիոնալ թիմի հետ՝ ավելի քան վստահ եմ, որ այս ձևաչափը պիտի սիրվի, քանի որ այս ամենի հիմքում դրված է անմիջականությունն ու անկեղծությունը, և գիտեմ նաև, որ հանդիսատեսն իրեն հաստատ գտնելու է այս ներկայացման մեջ: Հարկ եմ համարում նշել, որ այս ձևաչափը, նկատի ունեմ ներկայացումները բնության գրկում, «Բեմել» ընկերության շնորհիվ հասցրել է ընկալելի ու սիրելի դառնալ հայ հանրության համար։

– Փաստացի այդ նախագծով Դուք պոեզիան տանում եք նաև մարզ, դժվար չէ՞ Ձեզ համար նման մեծ ծրագիր իրականացնել։

– Ինչպես  արդեն ասացի, այս ամենով զբաղվում է «Բեմել» ընկերությունը, և սա նրանց հերթական կարևոր նախագծերից մեկն է, ինչպես «Ցանկապատը», «Սպիտակ արևները» և այլ ներկայացումներ։ Ովքեր ծանոթ են ընկերության գործունեությանը՝ կփաստեն, որ «Բեմելի» առանձնահատկությունն այն է, որ հնարավոր ու անհնար ամեն բան արվում է, որ հանդիսատեսի սպասելիքները երբեք չարդարացված չմնան։

– Ինչպես նշեցիք, ներկայացման մեջ հանդես են գալիս անվանի արտիստներ, որոնք նաև պարբերաբար ներկայացնում են Ձեր ստեղծագործությունը, կլինե՞ն նաև նոր դեմքեր։

– Եթե նկատի ունեք այն ձևաչափը, որով իմ ստեղծագործությունները նաև աուդիո տարբերակով եմ ներկայացնում լսարանիս, ապա, այո՛, առաջիկայում պատրաստվում եմ մի շարք նոր ստեղծագործություններ հանձնել ունկնդիրներիս դատին՝ սիրված դերասան-դերասանուհիների մատուցմամբ։ Այս պահին, ձեր թույլտվությամբ, անուններ չեմ հնչեցնի, եկեք, ինչպես ասում են, ինտրիգը պահենք։

– Այս նախագիծը միայն Բյուրականո՞ւմ է լինելու, թե՞ պատրաստվում եք տանել նաև այլ մարզեր։

– «Բեմել» ընկերության հետ մտադիր ենք նաև այլ մարզերում ևս այն ցուցադրել, բայց այժմ որոշակիություն չկա այդ մասով, հասկանալի պատճառով, որովհետև ամբողջ ուշադրությունն ու էներգիան այս պահին կենտրոնացված է պրեմիերայի պատշաճ մատուցմանը։

Շատ բան կախված է լինելու նաև հանդիսատեսի արձագանքից, եթե սիրվի ներկայացումը, իսկ ես լիահույս եմ, որ կսիրվի, բնականաբար, այն երկար կյանք կունենա ու կընդլայնի իր աշխարհագրությունը։

Ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո, իսկ մինչ դա, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ուզում եմ մեր ընթերցողներին հիշեցնել, որ հուլիսի 29-ին՝ ժամը 19։30-ին, կա լավ հնարավորություն կտրվելու առօրյա հոգսերից ու մտքերից և բնության գրկում վայելելու ժամանակակից պոեզիա։ Մեր ստեղծագործական թիմը սիրով կսպասի բոլորիդ։

Տեսանյութեր

Լրահոս