
«Մեր իշխանությունները գառանը գայլի հետ մենակ են թողել, ժողովրդին խսիր են դարձրել». Լևոն Ջավախյան

«Մեր իշխանությունները գառանը գայլի հետ մենակ են թողել, ասում են՝ բանակցեք, ու ձեռները լվացել են Պիղատոսի նման, մի կողմ քաշվել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջափակված Արցախի ճակատագրին, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեկնարկած համաժողովրդական շարժմանը՝ նշեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր: Ինչպես նախօրեին հայտնել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում:
Լևոն Ջավախյանը չի հաշտվում Արցախի հանդեպ այն անտարբերության հետ, որն այսօր հաճախ տեսնում է Հայաստանում:
«Մեր Արցախի ժողովուրդը խփվում է սովի, քաղցի, անտարբերության պատերին:
Երբ Եվրոպան, Ռուսաստանը հեռվից դիտում են այդ անարդար խաղը, դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց մենք, որ այստեղ՝ խաղաղ, հանգիստ, մեկը՝ իր աշխատանքի տեղը, մեկը՝ սրճարանում կամ գինարբուքում այդ խաղն են նայում անտարբեր, դա՛ է ինձ անհասկանալի:
Այդքան ասում են՝ «նախկիններ, նախկիններ», եթե նրանցից մեկն ասեր՝ Ղարաբաղն Ադրբեջանինն է, այն ժամանակ ի՞նչ կկատարվեր: Այս ժողովրդին խսիր են դարձրել, այս ժողովուրդն անտարբեր, ամորֆ մի զանգված է դարձել. իր տանը կռի՞վ չկա, հոգում խի՞ղճ չկա, թե՞ Ղարաբաղում ինչ կկատարվի՝ իրեն պետք չի:
Մեր իշխանությունները մեթոդիկ կերպով են հասել սրան՝ նախ այդ անտարբերության սերմերն են մեր ժողովրդի մեջ ցանում, որ հետո ղարաբաղցու նկատմամբ ինչ հնարավոր է՝ անեն»,- արձանագրեց Լևոն Ջավախյանը:
Նրա խոսքով՝ եթե ուզում ենք ապրել, պետք է պատրաստ լինենք պայքարելու, քանի որ դա է գոյության միակ արժանապատիվ ճանապարհը, մյուս ճանապարհը թուրքին հնազանդվելն է:
«Մենք պատրա՞ստ ենք այդպիսի կյանքի: Կա բան, որ կյանքից վեր է՝ արժանապատվությունն է, ազգային արժանապատվությունը: Մեր իշխանությունը թքած ունի այդ արժանապատվության վրա. թրքահաճո իշխանություն է, որը թլպատել է իր ժողովրդին, ու դրա հետևանքով է Ղարաբաղում կատարվում այն, ինչ կատարվում է:
Ես նայում եմ հավաքված արցախցիներին. ի՞նչ անեն այդ մարդիկ՝ միայնակ կանգնած են արհավիրքի դիմաց»,- ամփոփեց նա:
Նշենք՝ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հարց էր ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը. «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք, ուզում եք մեր երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք»: