Պետությունը պաշտպանել իշխանությունից  

Հայկական իրականության ձևախեղման ու Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակի խորքային պատճառները շատ են։ Բայց դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն իշխանություն-պետություն, պետություն-հասարակություն հարաբերությունները, որոնց անոմալիան սպառնում է պետականության կորստով։

Նորմալ երկրներում ցանկացած իշխանություն, անկախ նրանից՝ ժողովրդավարակա՞ն է, թե՞ ավտորիտար, վայելո՞ւմ է հասարակության վստահությունը, թե՞ ոչ, ունի գերագույն և առաջնային առաքելություն ու պարտականություն՝ պետությունը պաշտպանել արտաքին ու ներքին թշնամիներից և դրա ամբողջականությանը սպառնացող բոլոր վտանգներից։ Սա պարզագույն, դասագրքային նորմ է, որի մասին անգամ չեն բարձրաձայնում, բոլորն այն ընդունում են ի գիտություն, քանի որ առանց այդ նորմի պահպանման՝ պետությունն ուղղակի չի կարող գոյատևել։

Հայաստանում, սակայն, արմատապես խախտվել է այս ֆունդամենտալ նորմը և սկզբունքը։ Հայաստանի իշխանությունը գործնականում դարձել է պետության, դրա ամբողջականության ու պետականության ամենալուրջ սպառնալիքը։

Հատկապես 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում իշխանությունը տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր օրինակներով ցույց է տվել, որ մի կողմից՝ չի կատարում երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության իր սահմանադրական պարտականությունը («Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր, հո չե՞նք պայքարելու», «Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք մղելու», Գորիս-Կապան մայրուղու մի մասի հանձնումն Ադրբեջանին, և այդպես շարունակ), մյուս կողմից՝ պատրաստ է կատարելու դե ֆակտո թշնամական երկրի բոլոր պահանջները՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»։

Կարդացեք նաև

Բացի երկրի տարածքային ամբողջականության պահպանման պահանջը չկատարելուց, իշխանությունը փաստացի հակասահմանադրական գործունեություն է ծավալում՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությամբ ոտնահարելով ՀՀ Սահմանադրության հիմքում դրված Անկախության հռչակագրի իմպերատիվ պահանջները՝ այդպիսով ոտնձգելով նաև պետության սահմանադրական-իրավական ամբողջականության նկատմամբ։

Այսինքն՝ գործող իշխանությունը ներքին և արտաքին սպառնալիք է ներկայացնում Հայաստանի պետության ու պետականության  համար։ Այս իրողությունը սկզբունքորեն փոխում է հասարակություն-պետություն հարաբերությունների տրամաբանությունը։ Եթե նորմալ պայմաններում հասարակությունը՝ որպես իշխանության սուբյեկտ, հանդես է գալիս նաև որպես գործող իշխանության հենարան՝ պետությունն արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու գործում, ապա մեր դեպքում հասարակության խնդիրն է՝ պետությունն ու պետականությունը պաշտպանել գործող իշխանությունից։ Այլ հարց է, որ այդ խնդիրը դեռևս ձևակերպված չէ որպես հանրային պահանջ, ինչում մեծագույն մեղավորություն ունեն նաև քաղաքական համակարգի ոչ իշխանական ներկայացուցիչները՝ տիտղոսային ընդդիմության գլխավորությամբ։

Պետությունն իշխանությունից պաշտպանելու խնդիրը, հնարավոր է՝ շատ ավելի բարդ է, քան նորմալ իշխանությամբ երկիրն արտաքին թշնամուց պաշտպանելը։ Որովհետև եթե երկրորդ դեպքում թշնամին բացահայտ է, գործիքակազմը՝ հայտնի, ապա առաջին պարագայում իշխանություն ունեցողները տիրապետում են նաև պետության պաշտպանության գործիքներին, որոնք, սակայն, օգտագործում են հենց պետության ու պետականության դեմ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս