«Հայ դատի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ կոնգրեսականները 13 փոփոխություն են ներկայացրել». Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ բանակցային գործընթացում և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ ակտիվությունն ազդել է տեղում Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի վրա:

«Խոսքը հատկապես Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մասին է, որը տեղակայված է Բրյուսելում: ԱՄՆ Կոնգրեսում վերջին օրերի ընթացքում քննարկվում է «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտ»-ը. սա մի փաստաթուղթ է, որն էական ազդեցություն է ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, առնչվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գրեթե բոլոր բնագավառներին: Հայ դատի հանձնախմբի տևական աշխատանքների արդյունքում Կոնգրեսի երկու պալատների մեր բարեկամները ներկայացրել են թվով 13 փոփոխություններ, որոնք վերաբերում են ամերիկա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական հարաբերությունների լայն սպեկտորին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ փոփոխություններով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, հետաքննել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, վերականգնել 907-րդ բանաձևի պահանջները, որոնք ենթադրում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության վերացում, Հայաստանին և Արցախին տրամադրվող օժանդակության մեծացում և այլն. «Այս դրույթները ենթադրում են ամերիկյան ներգրավվածության մեծացում Հայաստանին և Արցախին վերաբերող հիմնախնդիրներում, սակայն ենթադրում են ներգրավվածության այնպիսի բարձրացում, որը գործնականում կարող է օգտակար լինել: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս կենտրոնացած է այս ուղղությամբ աշխատանքների վրա: 13 փոփոխության նախագիծ ունենալն արդեն իսկ լավ արդյունք է, ենթադրվում է, որ վաղը-մյուս օրը կորոշվի, թե 13-ից որոնք են մտնելու վերջնական քվեարկության փուլ, և առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք քվեարկություն»:

Ինչ վերաբերում է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքներին, նա նշեց, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում 3 խորհրդարանական պատվիրակություններ են ժամանել Հայաստան, որոնց Հայ դատի կենտրոնական գրասենյակն ընդունել է, նրանք Հայաստանում քաղաքական հանդիպումներ են ունեցել, այցելել են սահմանագոտի, տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին, հանդիպումներ են ունեցել Արցախի ԱԳ նախարարի հետ, իսկ առաջին պատվիրակության դեպքում, որը մինչև Արցախի շրջափակումն է եղել,  խորհրդարանական խումբ է ժամանել Արցախից:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ մենք մարդկանց շատ հստակ ներկայացրեցինք, թե ինչ իրավիճակ է Հայաստանում: Դրանից հետո այդ նույն մարդկանց կողմից խնդիրը բազմիցս բարձրացվեց Եվրոպական խորհրդարանում, հատկապես ԵԽ լիագումար նիստերի ընթացքում: Վերջին նիստի ընթացքում, որտեղ կրկին ակտիվ էին այն պատգամավորները, որոնք այցելել էին Հայաստան, մասնակցում էր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, որը բավական վատ իրավիճակում հայտնվեց, խիստ քննադատության արժանացավ, ընդ որում՝ այդտեղ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Ջոզեպ Բորելը պատգամավորական ճնշման տակ խոստացավ, որ հարցը կներկայացնի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նախարարական խորհրդի նիստում, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ: Թե ինչու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, այդ հարցի պատասխանը Ջոզեպ Բորելը չուներ, խոստացավ հարցը ներկայացնել դրա իրավասությունն ունեցող մարմնին: Ներկայումս պատժամիջոցների կիրառման հարցը Եվրոպայի Հայ դատի գրասենյակի առաջնային քաղաքական օրակարգերից է, և ընդհանրապես, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին անընդհատ ծանուցել իրավիճակի մասին, հարցը միշտ տաք պահել, քննարկման առարկա դարձնել»:

Գևորգ Ղուկասյանը պատահական չի համարում, որ անցած տարի, երբ Ալիևն ընդունել էր ԵԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ Մաքքալիստերին, ասել է, որ ԵԽ-ն ավելի պրոհայկական բանաձևեր է ընդունում, քան Հայաստանի խորհրդարանը. «Պատերազմից հետո ադրբեջանական էյֆորիան դեռ չի մարել, և այն լկտի կեցվածքը, որով նաև խոսում են միջազգային դերակատարների հետ, իհարկե, անթաքույց ունենալով Թուրքիայի աջակցությունը, շարունակվում է: Փաստն այն է, որ նույնիսկ արևմտյան ճնշումներն Ադրբեջանի վրա այսօր չեն աշխատում: Այդ ճնշումները որոշակի չափով աշխատեցին 2021թ. ձմռանը-գարնանը, երբ Ադրբեջանը նորից ընդհատել էր գազի մատակարարումը, բայց ներկա պահին մենք տեսնում ենք, որ այդ ճնշումներն արդյունք չեն տալիս: ԵԽ-ն տասնյակ բանաձևեր է ընդունել, պետքարտուղար Բլինքենն է բազմաթիվ հայտարարություններ արել, ռուսական կողմն է հայտարարություններ անում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում ունի, ԵԽԽՎ-ն որոշում ունի, ԵՄ խորհրդի նախագահն է տասնյակ հայտարարություններ արել, բայց տեսնում ենք, որ դա չի օգնում»:

Նա նկատեց՝ բանակցային գործընթացում բեկում հնարավոր է, բայց դրա համար գրեթե նախապայմանային նշանակություն ունի իշխանափոխությունը Հայաստանում. «Այսօր միջազգային հանրության մեջ ԼՂ հիմնախնդրի լիակատար կարգավորման կոնցեպտ գոյություն չունի, և սա շատ կարևոր հանգամանք է: ՄԽ-ն շարունակում է իր գործունեությունը: Ղարաբաղյան հիմնախնդրով բանակցություններում ներգրավված բոլոր դերակատարները, անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում ունեն ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, չեն կիսում Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է: Անկախ նրանից՝ նրանք ոնց են պատկերացնում հակամարտության լուծումը, միևնույն է, նրանք հակամարտության լուծում չեն արձանագրել: Իսկ ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքի իրացմանը, ապա այդ հարցը ենթակա չէ միջազգային որոշման, դա սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածով:

Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային հարաբերություններում և միջազգային իրավունքում ընդամենը սկզբունք է: Սկզբունքը պետք է ծառայի իրավունքի կենսագործմանը, ոչ թե հակառակը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվն ինչքանո՞վ է ավելացել. ՄԱԿ-ի թվակազմի ավելացումը բացառապես պայմանավորված է ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Այսինքն՝ պետք է քաղաքական կամք և պայքար: Բոլոր ժողովուրդներին էլ անկախությունը, արժանապատվությունը տրվել է պայքարի գնով. պայքարից խուսափելն անխուսափելիորեն հանգեցնելու է մահվան դատավճռի, այլ տարբերակ չկա»:

Արցախի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ նա հետևյալն ասաց. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իսկապես անհարիր է հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթին: Գուցե հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա չեն, բայց միշտ եղել է փոխադարձ հարգանք, և ընդհանրապես նման հայտարարությունը, որ Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկյան ժառանգությանը, պատմությանը: Դեսպանի հայտարարությունը չի նպաստում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ ՌԴ-ում մեր գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանություններն անցողիկ են:

Գուցե նրանք այսօր առաջարկում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մի տարբերակ, որը նրանց ձեռք է տալիս, բայց Հայաստանի հետ նրանց հարաբերությունների երկարաժամկետ կտրվածքում այն քաղաքականությունը, որ նրանք են վարում, գուցե չեն ծառայում այդ հարաբերությունների զարգացմանը: Պետք չէ Հայաստանի նկատմամբ նման ռազմավարական կարևորության հիմնախնդրում հարաբերություններ և քաղաքական դիրքորոշումներ ճշտել՝ ելնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներից, որովհետև նրանք թեկուզ այսօր ՀՀ-ն են ներկայացնում, բայց անցողիկ են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս