Բաժիններ՝

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն

Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։

«Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության վարչական շենքում գործում էր օն-լայն (առցանց) հերթագրումը։ Այս տարվանից արդեն անձնագրային ծառայություններում որոշել ենք ներդնել էլեկտրոնային հերթագրման համակարգերը։ Գիտեք, թե ինչպիսի խնդիրներ են առաջանում հերթերի հետ կապված, երբ մարդիկ ստիպված են լինում ժամերով կանգնել անձնագրայիններում։ Որոշեցինք, որ այս նոր համակարգը կդյուրացնի գործընթացը։ Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում իրականացվում է նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հուլիսի 17-ից Երևանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն այս տարբերակով սպասարկելուն»,-ասաց Արմեն Ղազարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ընդգծեց, որ էլեկտրոնային հերթագրմանը միացած անձնագրային ծառայություններում սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման պարագայում։ Առանց հերթագրման ծառայություն այցելած քաղաքացիները չեն սպասարկվելու։

«Այդպես որոշեցինք, քանի որ այլ կերպ հերթերը դառնում են անկառավարելի։ Եթե տայինք հնարավորություն, որ քաղաքացին այցելեր առանց հերթագրման, ապա կրկին կառաջանար այնպիսի իրավիճակ, երբ հերթերը կառավարել հնարավոր չէր։ Այս նոր համակարգի գործարկմամբ նոր մշակույթ է ձևավորվում անձնագրային ծառայություններում, որը նախկինում չի եղել։ Մարդիկ տնայնավարության սկզբունքով են վերաբերել անձնագրային գործողություններին՝ հարցերը թողնելով մինչև վերջին պահը։ Սա նաև որոշակի պլանավորման մշակույթի ձևավորման քայլ կարող ենք համարել։ Ինչպես վիզային ծառայություններից օգտվելու դեպքում են նախապես պլանավորում, հերթագրվում, այս դեպքում էլ քաղաքացիները նույնը պետք է անեն»,-ասաց Արմեն Ղազարյանը։

Թեպետ ֆիզիկական հերթեր արդեն էլեկտրոնային հերթագրմամբ աշխատող անձնագրային բաժանմունքներում չկան, միևնույն է անձնագրային ծառայությունները շարունակում են պահանջված մնալ։ Այդ մասին է վկայում այն, որ էլեկտրոնային հարթակի միջոցով գրանցվելու դեպքում մոտակա օրերն արդեն զբաղված են։ Եվ որպեսզի գործն ավելի արագ ստացվի, շատերը սկսել են դիմել երևանամերձ անձնագրային բաժանմունքներ։ Եվ ահա նկատվում է ծանրաբեռնվածություն երևանամերձ անձնագրային ծառայությունում։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ դա պայմանավորված է զբոսաշրջային ակտիվ սեզոնով, միգրացիոն հոսքերի մեծացմամբ։ Երևան քաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անցում է կատարելու երևանամերձ հատվածներին, խոշոր քաղաքներին։ Կառույցում թվայնացումն ու էլեկտրոնային ծառայությունների զարգացումն են համարում ճիշտ ճանապարհը։

«Էլեկտրոնային հարթակով հերթագրվելը բավական դյուրին է, այն դյուրացվել է։ Հերթագրվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային փոստի հասցե։ Քաղաքացին մուտք է գործում հարթակ, ընտրում է ծառայության տեսակը, նշում է անձնական տվյալները, ինչպես նաև փոստի հասցեն, որի միջոցով էլ ստանում է վերիֆիկացման կոդը։ Անձն ընտրում է այն վայրը, որտեղ ցանկանում է սպասարկվել, ընտրում է նաև օրն ու ժամը և վերջ։ Հերթագրումը կատարված է»,-ասաց Արմեն Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր անձնագրայիններն այս շրջանում աշխատում են նաև շաբաթ օրերին։ Էլեկտրոնային տարբերակով հնարավոր է հերթագրվել շաբաթ օրերի համար ևս։

Ծանրաբեռնվածությունը կրճատելու համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գնում է ծառայությունները քայլ առ քայլ թվայնացնելու ուղղությամբ։ Ներկայում թվայնացվել է 3 տեսակի տեղեկանքների ձեռքբերման գործընթացն օն-լայն (առցանց) հարթակի միջոցով։ Եթե քաղաքացին անցնի խիստ նույնականացում, ապա հնարավոր է հանրային ծառայությունների համարանիշի, ինչպես նաև հաշվառման մասին տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկանքը ստանալ օն-լայն (առցանց) ճանապարհով։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս