«Հիմա Ադրբեջանի պահանջները հասնում են դեպի Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք, ընդհուպ՝ մինչև Երևան». Շահեն Շահինյան
Ադրբեջանը պետական մակարդակով և պետական միջոցներով սնվող հեռուստաընկերությունների եթերում զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։
Եվ այդ նպատակով եթեր հեռարձակվող եղանակի տեսության կանխատեսումների ընթացքում ավելացրել են իրենց բնորոշմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի քարտեզը, որը ներառում է Երևանը, Սևանը, Սյունիքը, Արարատը:
168.am-ի հետ զրույցում գեոդեզիստ-քարտեզագիր, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից այս քայլը քարոզչական բնույթ է կրում։
«Իհարկե, Ադրբեջանի կողմից նման հրապարակումները բավականին վտանգներ են պարունակում, քանի որ աստիճանաբար արմատավորում են «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարները, այսինքն՝ տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանին»,- նշեց Շահեն Շահինյանը։
Քարտեզագիր Շահեն Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենին տրամաբանորեն պետք է լինի միջազգային լուրջ արձագանք, այսինքն՝ հայկական կողմից պետք է հարց բարձրացվի միջազգային ատյաններում տվյալ հարցի վերաբերյալ։
«Բացի այդ, պետք է հասկանալ, որ սա Ադրբեջանի կողմից պրակտիկ կիրառություն չունի, այսինքն՝ օրինակ, Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ չեն ապրում և եղանակի տեսություն հայտնել ՀՀ տարածքների վերաբերյալ, Ադրբեջանի բնակչության համար առհասարակ էական չէ։ Սա քարոզչական գործիք ու մոտեցում է, որը նպատակ ունի ՀՀ-ին տարածքային նոր պահանջներ ներկայացնել, ինչպես տարածքային պահանջներ ներկայացրեցին Արցախի նկատմամբ, և հիմա էլ ըստ էության ամբողջ գործընթացն այնպես են տանում, թե ամբողջ Արցախն իրենցն է։ Հիմա էլ Ադրբեջանի պահանջները հասնում են դեպի Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք, ընդհուպ՝ մինչև Երևան»,- շեշտեց Շահեն Շահինյանը։
Ի դեպ, ադրբեջանցի որոշ վերլուծաբանների բնորոշմամբ՝ քարոզչական այս հնարքը հայ հանրությանը սադրելու նպատակ ունի, ինչպես ասում են՝ պարզապես «տրոլինգ» էր, սադրիչ գործողություն:
Արդյո՞ք ադրբեջանական կողմին պետք է պետական մակարդակով պատասխանել, իսկ եթե ոչ, ապա գուցե պետք է արձագանքի այն կառույցը, որին միավորվեց Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը, մեր այս հարցին գեոդեզիստ-քարտեզագիրը պատասխանեց.
«Ես չգիտեմ՝ այս կառույցն ունի Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի նույն գործառույթները, այսինքն՝ նույն տեխնիկական ու գիտական հնարավորությունները, ես նմանատիպ կառույց չգիտեմ»։