«Մեր երկխոսությունը մտահոգիչ ցանկացած հարցի շուրջ շարունակվում է պատասխանատու իշխանությունների հետ». Զառա Ամատունի
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ազդարարել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ հարցազրույցը՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։
Այս ամենն ադրբեջանական կողմի հերթական շոուներից մեկն է, նրանք նախկին ղեկավարներին տանում են կահավորված սենյակներ, լուսանկարում ու տարածում՝ ցույց տալով, որ նրանց պահում են «մարդկային պայմաններում»։
Սակայն իրականությունն այն է, որ Արցախի նախկին ղեկավարներին պահելով պատանդի կարգավիճակում՝ ստիպում են տալ հարցազրույցներ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ահազանգել էր, որ այս ամենը ոտնահարում է մարդու իրավունքները: Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը. նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը:
«Արցախի նախկին ղեկավարներին հիմա ստիպում են հարցազրույց տալ։ Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
168.am–ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ի՞նչ անելիքներ ունի, որպեսզի հայ պատանդներին Ադրբեջանը չստիպի հարցազրույցներ տալ։
«Մենք չենք կարող հանրային հարթակում մեկնաբանել իշխանությունների այս կամ այն վարվելակերպը։ Քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է միջազգային իրավունքի ներքո պաշտպանություն ունեցող մարդկանց, մենք կոնֆիդենցիալ քննարկումների մեջ ենք լինում երկու կողմերի իշխանությունների հետ։ Ուշադրություն ենք դարձնում այս կամ մյուս հարցերին, որոնք կարող են մեզ մտահոգել, հաշվի առնելով պաշտպանության հարցերը։
Այսինքն՝ այս առումով մենք հանրային հարթակում որևէ բան ասել չենք կարող, սակայն մեր երկխոսությունը մտահոգիչ ցանկացած հարցի շուրջ շարունակվում է պատասխանատու իշխանությունների հետ»,- եզրափակեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։