Թուրքական շահը պաշտպանող իշխանավորները թող ասեն, ինչպե՞ս եղավ, որ Թուրքիան օդային սահմանը բացեց. Գուրգեն Մելիքյան

Ապրիլի 25-ին, երբ Երևանում բացվեց «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը, որպես բողոքի նշան՝ Թուրքիան  փակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք Թուրքիայի տարածքով մեկնում էին երրորդ երկիր։

Պաշտոնական Թուրքիան հուշարձանի բացումը համարել էր իր դեմ ուղղված «սադրանք» ու սպառնանքով  հայտարարել, որ եթե հուշարձանը չհեռացվի, ապա ավելի կոշտ քայլերի կդիմեն։

Հուլիսի 2-ին տեղեկություն տարածվեց, որ վերականգնվել են թռիչքները, իսկ թե հայկական կողմը դա ինչո՞վ է փոխհատուցելու, կամ ի՞նչ նախապայման է եղել՝ անհայտ է։

168.am հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն ասաց, որ պետք է թուրքական իշխանություններից հարցնել, թե ինչպես եղավ, որ Թուրքիան օդային ճանապարհը բացեց։

Կարդացեք նաև

«Իշխանավորները թող պատասխանեն՝ ինչպե՞ս եղավ, որ Թուրքիան օդային սահմանը բացեց, այն իշխանավորները, որոնք մեզ մոտ թուրքական շահն են պաշտպանում, այլ ոչ թե հայրենիքիս։

Մենք արդեն շատ ենք վճարել, այնքան ենք տվել, որ արդեն բավական է։ Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու ու այդ ամենին ասելու է՝ ոչ։ Այլ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Գուրգեն Մելիքյանը։

Ի դեպ, հուշարձանի բացմանը մասնակցել էր Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը հուշարձանի և դրա բացման վերաբերյալ  կարծիք էին հայտնել՝ շեշտելով, որ նման հուշարձանի բացումը սխալ էր։

«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարն ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Ստամբուլ կատարած իր այցի ժամանակ նույն հարցի վերաբերյալ ասել էր.

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում: Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի՝ որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»։

Տեսանյութեր

Լրահոս