«Բերքի իրացման խնդիր չի լինի, խնդիր կլինի անմիջապես բերքահավաքի հետ կապված. թշնամին կկրակի». Ասկերանի ղեկավարի խոսնակ
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք: Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի մամուլի խոսնակ Անահիտ Պետրոսյանն ասաց, որ Ասկերանում իրավիճակը նորմալ է, հիմնական կրակոցների թիրախում եղել է Ավդուռը։
Չնայած այդ կրակոցներին, բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ըստ Անահիտ Պետրոսյանի՝ այժմ այդ աշխատանքների ամենաեռուն շրջանն է։
«Մի կողմից՝ թշնամին ամեն կերպ փորձում է այդ աշխատանքներին խոչընդոտել, մյուս կողմից՝ բնակիչները շարունակում են կատարել իրենց աշխատանքը։
Բերքի իրացման հարցում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը կաջակցի։ Հիմնադրամն ասել է, որ որքան էլ բերքը լինի, բավականին նորմալ գներով կվերցնի։ Ամեն դեպքում այս առումով հիմնադրամն արդեն հայտարարություն տարածել է, որ պատրաստ է բերքը գյուղացիներից գնել։ Այսինքն՝ բերքի իրացման խնդիր չի լինի, խնդիր կլինի անմիջապես բերքահավաքի հետ կապված, քանի որ թշնամին կրակելու է, մեր դաշտերի մեծ մասը սահմանամերձ են։
Իհարկե, հիմա էլ ռուս խաղաղապահները բերքահավաքի ժամանակ կկանգնեն, մինչ այդ շրջաններում բերքահավաքի սկսելը, դիմում ենք խաղաղապահ զորակազմին, որպեսզի իրենք անվտանգությունն ապահովեն։ Այդուհանդերձ, թշնամին հաճախ անտեսում է ու կրակում»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ շրջափակման պայմաններում այն մարդիկ, որոնք մինչ շրջափակումը գյուղատնտեսությամբ չէին զբաղվում, սկսել են զբաղվել ու իրենց հողը մշակել։
«Կոնկրետ մեր շրջանում բանջարեղենի առումով, կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Խնդիրը հիմնականում կապված է շաքարավազի, ձեթի, լվացքի փոշու հետ, իսկ մնացածը պետությունն ունի՝ ապահովված ենք, չենք ունենալու նաև հացի խնդիր»,- եզրափակեց մեր զրուցակիցը։