Եթե ծնվեի ևս մեկ անգամ, կրկին բալետը կընտրեի. Սոնա Վարդանյան
Բալետի պարուհի Սոնա Վարդանյանն ավելի քան քսան տարի իր գեղեցիկ պարով զարդարում է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեղինակավոր բեմերը՝ գլխավոր կերպարներ կերտելով «Դոն Կիխոտ», «Սպարտակ», «Գայանե», «Ժիզել» և այլ բալետային ներկայացումներում:
Պարուհին տարբեր խոչընդոտներ է հաղթահարել առաջատարներից մեկը լինելու համար, սակայն խոստովանում է՝ եթե նորից ծնվեր, կրկին բալետը կընտրեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոնան պատմում է՝ պրոֆեսիոնալ բալետով սկսել է զբաղվել ութ տարեկանից: Հենց այդ տարիքում ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան: «Ընդունվել եմ ոչ այնքան մտածված: Բնությունից լավ տվյալներ ունեի՝ երկար ոտքեր, գեղեցիկ ձեռքեր, ինչը բալետի պարուհու համար շատ կարևոր է: Երբ մայրիկիս հետ քայլում էինք փողոցում, մարդիկ հարցնում էին՝ արդյոք բալետի՞ եմ գնում, պարուհի՞ եմ: Այնքան հաճախ հնչեց այդ հարցը, որ մի օր մայրս ինձ տարավ Պարարվեստի ուսումնարան»,-հիշում է պարուհին:
Մինչ ընդունվելը Սոնան իր պատկերացումներն է ունեցել բալետային արվեստի մասին, երազել է իրեն բեմում տեսնել: «Հեռուստացույցով դիտում էի փայլուն հագուստներով պարուհիներին ու կարծում էի՝ կգնամ պարի, ինքս էլ նույն կերպ կպարեմ, սակայն հենց ընդունվեցի, միանգամից հիասթափվեցի, որովհետև պարզվեց, որ բալետը տանջալի, երբեմն ձանձրալի պատմություն է, որը երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում: Իմ առաջին հիասթափությունն էր դա գիտակցելը, սակայն պարում էի, սովորում, փորձում էի ինչ-որ մեկից առավել լինել»,-ասում է պարուհին ու հավելում միայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրանալով է հասկացել, թե որքան է սիրում բալետը:
Քսաներեք տարեկան է եղել, երբ հոգով ու սրտով նվիրվել է բալետին և երկար տարիներ ապրում, շնչում է այդ արվեստով:
Սոնա Վարդանյանի համար Երևանի օպերային թատրոնում պարելուց բացի մեծ նշանակություն է ունեցել ռուսական թատերախմբի հետ որպես մենապարուհի Ֆրանսիայում հյուրախաղերով հանդես գալը:
«Այդ ժամանակ նոր էի սկսել առաջատար մենապարուհու կարիերան: Մտավախություն ունեի՝ կկարողանա՞մ հաղթահարել այդ նոր մարտահրավերը, հատկապես, որ օտար խմբի հետ էի մեկնելու: Չգիտեի, թե ինձ ինչպես կվերաբերվեն օտար արտիստները, բայց ուրախ եմ, որ արեցի այդ քայլը: Այդպես սկսվեցին իմ ճանապարհորդությունները Ֆրանսիայի տարբեր քաղաքների տարբեր բեմերում, և այդ ամենը տևեց երեք տարի: Տարվա ընթացքում երեք կամ չորս ամիս անցկացնում էի Ֆրանսիայում ու գրեթե օրը մեջ ներկայացում ունեի, ինչն ինձ համար մեծ փորձ էր»,-պատմում է Սոնան:
Նրա խոսքով՝ հետաքրքիր մթնոլորտ է տիրել թատերախմբում, իրեն գրավել է Եվրոպան, որը շատ է սիրում, որտեղ իրեն լավ է զգում: Վարդանյանն իր բալետային կյանքի լավագույն ու հիշարժան դրվագները կապում է Ֆրանսիայում անցկացրած օրերի հետ, որովհետև պարել է հիանալի թատերախմբի, մենակատարների հետ:
Պարել են ոչ միայն ֆրանսիական քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում և այլուր, այլև Շվեյցարիայում, Բելգիայում, Բրյուսելում… Հանդես են եկել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Արաբական Միացյալ Էմիրություններում:
Արտիստուհին բալետային արվեստն ասոցացնում է գեղեցկության հետ: Նրա համոզմամբ՝ բալետի առաքելությունը գեղեցկությունը մարմնավորելն ու այն ընդգծելն է: Երբեմն այն հույզերը, որոնք չի կարողանում արտահայտել կյանքում, արտահայտում է բեմում: Գուցե պատճառն այն է, որ բալետը հեքիաթային աշխարհ է: «Ասում են՝ չեն լինում բալետի նախկին արտիստներ. դա տեսակ է, հոգեվիճակ է: Կարծում եմ՝ ինչքան էլ ժամանակ անցնի, ես հոգով ու էությամբ բալետի պարուհի կմնամ»,-շեշտում է Սոնան ու հավելում՝ բեմում պետք է լինել համոզիչ, կատարյալ, զգալ դերը՝ հանդիսատեսի հոգուն հասնելու համար:
Տարիների ընթացքում տարբեր իրավիճակներում հայտնվելով՝ Սոնան հանգել է որոշ եզրակացությունների: Պատահել է՝ պարուհին հոգեպես սպառված է եղել և իրեն հարց է տվել՝ արդյոք ճի՞շտ մասնագիտություն է ընտրել, սակայն որոշ դեպքերից հետո հասկացել է՝ ինչքան կարևոր է իր համար բալետը, ինչքան լիարժեք է, երբ պարում է:
«Եթե ծնվեի ևս մեկ անգամ, անպայման նույն ճանապարհն էի ընտրելու, բալետի պարուհի էի դառնալու: Շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս, հանգամանքներին և ինձ, որ չեմ կոտրվել, միշտ պայքարել եմ, որ ունեմ բեմ դուրս գալու, երաժշտությունը լսելու և մարմնի լեզվով մարդկային ամենատարբեր հույզերը փոխանցելու հնարավորություն»,-եզրափակում է Սոնա Վարդանյանը, որին ամիսներ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ոսկե մեդալ է հանձնել:
Անժելա Համբարձումյան