«Պարզվեց՝ շատ լայն գրպան էր Նիկոլինը». Նարեկ Մարգարյանը՝ հեղափոխությունից օգտվողների, Աշոտյանի կալանքի, ՔՊ-ի, Լեդի Գագայի, Ավինյանի սակուրաների, Ալեն Սիմոնյանի և Կիմ Չեն Ընի մասին

Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը երգիծական «ԱրմՔոմեդի» հաղորդաշարի համահեղինակ և սցենարիստ Նարեկ Մարգարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Աքսիոմատիկ բան է, որ շոու-բիզնեսի մարդիկ որևէ քաղաքական միջոցառումների չմասնակցեն։ Դա միշտ արտիստի դեմ է շուռ գալիս, բայց երևի մի անգամ պիտի վառվեն, որ հասկանան։
• Շատերը, ովքեր 2018-ին ակտիվ մասնակցել են հեղափոխությանը, հիմա ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Մի մասն ամաչում է, մի մասը խուսափում է…
• Եթե ժողովրդավարությունից ակնկալիքը սակուրաներն են, ես ոչինչ չեմ կարող ասել։
• Արմեն Աշոտյանին կալանավորեցին, որովհետև նախ և առաջ՝«նախկին» էր։ Կարծում եմ՝ չկա մարդ, ում Աշոտյանի «գործի» մասին Քննչական կոմիտեի հրապարակած գաղտնալսումը կհամոզեր… Նրան կալանավորելով՝ միայն նրան ամրապնդում են ընդդիմադիր դաշտում. Բնականաբար, նրան չեն կարողանալու լռեցնել:

Կարդացեք նաև


• Ոչ ոք չէր կանխատեսի, որ Լեդի Գագայի ազդեցությունը մեր քաղաքականության վրա այդքան ուղղակի կլինի։
• 2016թ․ թողարկվեց «Առաջին դեմք» ֆիլմը դրա արդեն 7 դրվագներն իրականություն են դարձել։ Այնտեղ էլ լրագրողը դարձավ նախագահ, հետո նրա դեմ ցույցեր արեցին, ովքեր նրան դարձրել էին նախագահ, ու հեռացրեցին… Էդ ֆիլմում էլ կային հեծանիվով աշխատանքի գնալու դրվագներ, տուգանքների չեղարկում, հետո՝ հետբերում…
• Եթե մեր թշնամին իդիոտ չէ, իսկ մեր թշնամին իդիոտ չէ, ինչո՞ւ դիմել սցենարիստների օգնությանը։ Թշնամին շատ լավ տեսնում էր՝ ինչ են անում բանակի հետ, ինչ վիճակ է արտգործնախարարությունում… և օգտվում է իրավիճակից, Հայաստանի այս իշխանություններից:
• Մենք գերագնահատել ենք մեր ժողովրդին ու թերագնահատել թշնամուն։
• Իրենց հետ իշխանությունից հեռանալուց հետո նույնը չի լինելու, ինչ եղավ ՀՀԿ-ի հետ։


• Երբ Արմեն Սարգսյանը նախագահ էր, ես երազում էի ունենալ նրա աշխատանքը՝ ոչինչ չանել ու փող ստանալ։ Մեկ Բրայան Մեյի հետ էր հանդիպում, մեկ՝ այլ հանրահայտ մարդկանց, պաղպաղակ էր ուտում, ի՞նչ վատ էր… Կատակերգության տեսանկյունից գտածո էր այդ մարդը։ Շատ ակտիվ է Ինստագրամում։ Նույնիսկ կատակում ենք, թե SMM-ի փողը մինչև 2030 թիվ երևի տված է, օգտագործում է հնարավորությունը…
• ԱԺ 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը 3.5 ժամ թվարկում էր, թե ինչ են գցել իր գրպանը… Պարզվեց՝ շատ լայն գրպան էր Նիկոլինը։Մեղքը, ինչպես միշտ, բարդում էր բոլորի վրա…


• Այ, օլիգարխների մոտ բան չի փոխվել. օլիգարխներն այս 2018-ի հեղափոխությունից հետո այս իշխանությունների օրոք շատ լավ են զգում իրենց:
• Սեյրան Օհանյանի կնոջ թանկարժեք պայուսակի մասին էր գրել մի կայք, մինչև հիմա սպասում եմ, որ Աննա Հակոբյանի թանկարժեք գնումների մասին էլ կգրեն…
• Ուսանողները 2018թ․առաջին անգամ հավատացին, որ հնարավորություն ունեն մասնակցելու երկրի քաղաքական կյանքին, ինչ-որ բան փոխելու։ Ու այդպես էր մինչև 2020 թվականը, հետո մեծ հիասթափություն ունեցան… Հիմա պասիվ են։ Երկրի համար տրագեդիա է, որ կրթություն ստացած հազարավոր մարդիկ չեն զբաղվելու քաղաքականությամբ․ շատերի հիասթափությունը շատ մեծ է, թեպետ նրանց շարքերում դեռ կան նաև «հպարտներ»… Ցավոք, դեռ չեմ տեսնում, որ մենք ավելի գիտակից հասարակություն ենք դարձել…


• Վերջերս ԱՄՆ-ում էինք․ բոլորը խոսում էին, թե վերջին տարվա ընթացքում Հայաստանից ինչքան մարդ է գնացել Ամերիկա… 2018-ի հեղափոխությունից հսկայաքանակ մարդիկ են արտագաղթել: Մարդիկ շոկի մեջ էին…
• Նախկին իշխանությունները ժողովրդի հետ չէին նստում, խոսում։ Պետք է բացատրվեր, շատ խոսվեր։ Պատրանքներից ազատելու համար դա կարևոր էր։
• Ամենաոչմիթիզական հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։
• Իմ շրջապատում չկա մարդ, ով չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


• Էն, ինչ տեղի ունեցավ Վ. Բրյուսովի անվան համալսարանում, վերջակետ դրեց այն փոքր շանսին, որ բուհը կմնա։
• Եթե ժամանակին, օրինակ, Հովիկ Աբրահամյանը կամ Էդուարդ Շարմազանովը պաշտոնական այցի ընթացքում նման բաներ անեին, կամ պաշտոնական այցերի ընթացքում իրենց կանանց հետ գցվեին լողավազանը՝ ինչ ռեակցիա կլիներ… Կամ՝ թքեին քաղաքացու վրա, կամ՝ առհասարակ անեին այն ամենը, ինչ հիմա այս իշխանություններն են անում… Շատ սենսացիոն բաներ են այսօր տեղի ունենում, որոնք ժամանակին կպայթեցնեին համացանցը, բայց հիմա բթացել ենք…
• Ամենաավտորիտար երկրներում անգամ Ալեն Սիմոնյանը թքելու միջադեպից հետո հրաժարական կտար, նույնիսկ, երևի,Կիմ Չեն Ընը…
• Երբ 2019թ․ ԱՄՆ-ում էի, մեծամասնությունը Նիկոլի մեջքին կանգնած էր, վերջերս ենք վերադարձել ԱՄՆ-ից՝ հիմա դա չկա, տրամադրությունները կտրուկ փոխվել են…
• Ամերիկահայերը ֆրիվեյ էին փակել, դրամահավաք էին արել, գումարները ուղարկել «Հայաստան» հիմնադրամին։ Հիմա ցավալին այն չէ, որ այդ գումարները գնացին պետբյուջե ու դարձան պարգևավճար, այլ այն, որ ոչնչացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գաղափարը։ Ոչ ոք հիմա իր գումարները չի վստահի հիմնադրամին։


• Ցավոք սրտի, մարդկանց համախմբում է կամ մեծ վիշտը, կամ ֆանտաստիկ ուրախությունը։ Մեզ այսօր վիշտն է համախմբում։ Բոլորով համախմբվելուն չեմ հավատում, և պետք էլ չէ բոլորի հետ համախմբվել։
• Տպավորություն ունեմ, որ չկա ուժ, որն ուզում է իշխանություն վերցնել, որովհետև հասկանում են՝ այս իշխանությունների կողմից անդառնալի պայմանավորվածություններ կան, որոնք երկիրը բերեցին այս վիճակին, և շատ դժվար է լինելու որևէ բան փոխել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս