2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին մասնակցած Սուրեն Պապիկյանի չեզոքությունը
2022 թվականի սեպտեմբերին 168.am-168.am-ն անդրադարձել էր 44-օրյա պատերազմի օրերին Սուրեն Պապիկյանի դերակատարմանը:
Մասնավորապես, գրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստին՝ չլինելով ԱԽ խորհրդի անդամ:
Նա այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:
Նշենք, որ ըստ ԱԽ աշխատակարգի, ՀՀ վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` համագործակցելով ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի իրավասու պաշտոնատար անձանց հետ:
Իսկ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցերի քննարկմանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվության:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար էր գտել, որ իր վստահելի թիմակից Սուրեն Պապիկյանը մասնակցի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին:
Հիշեցնենք, որ սա այն հայտնի նիստն է, որի ժամանակ, ըստ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ինքն առաջարկել է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, ինչն ԱԽ-ն հետո հերքել էր և Գասպարյանի այդ օրվա զեկույցից արձանագրված որոշ հատվածներ՝ ընտրողաբար հրապարակել:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում արած իր առաջարկի մասին հրապարակավ հայտնել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ին:
Հետաքրքիր է, որ գեներալ Գասպարյանի այս հայտարարությունը 4 ամիս աննկատ մնաց իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից:
Ավելին, 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել, որ պատերազմի 4-րդ օրն առաջարկվել է կանգնեցնել պատերազմը:
Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին:
Եվ նկատի ունենալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի՝ բաց և հրապարակային ելույթի և հարցաքննության հնարավորությունը, պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու թեմային հնարավոր անդրադարձը, 168.am-ը հունիսի 7-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պարզելու, թե ներկա լինելով 2020 թվականի սեպտեմբերի 30-ի հայտնի նիստին, լսե՞լ է այդ օրը գեներալ Գասպարյանից պատերազմը կանգնեցնելու առաջարկ: Պաշտպանության նախարարություն ուղարկած մեր հարցմամբ փորձել էինք ճշտել նաև, թե Սուրեն Պապիկյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ե՞րբ կամ ո՞ր օրերին և որքա՞ն ժամանակով է գտնվել Արցախում, կոնկրետ որտե՞ղ՝ քաղաք, շրջան, գուցե առաջնագիծ: Բացի այդ, պաշտպանության նախարարին խնդրել էինք պատասխանել մեկ այլ հարցի՝ 2021 նոյեմբերի 15-ից զբաղեցնելով պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, տիրապետո՞ւմ է տեղեկության այն մասին, որ ԳՇ-ում հրամաններ են փոխվել և կեղծվել, ինչպես 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:
Պաշտպանության նախարարությունը 5-օրյա ժամկետում նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել մեր հարցադրումներին պատասխանելու համար, իսկ հունիսի 23-ին ՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ մեզ ուղարկված գրության մեջ անպատասխան են թողնվել մեր բոլոր հարցադրումները:
«Ի պատասխան Ձեր 07.06.2023 հարցման՝ հայտնում ենք, որ ներկայացված հարցադրումները պարունակում են հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Ուստի, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»,- նշված է ՊՆ պատասխանում:
Պաշտպանության նախարարության պատասխանը տարօրինակ է, լավագույն դեպքում որոշ դետալներ կարող էին համարվել հրապարակման ոչ ենթակա, բայց ոչ, թե՝ երբ և քանի օր է 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եղել Արցախում:
Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը պատերազմից հետո մանրամասն ասել էր ՝ քանի օր է եղել Արցախում, որտեղ, ինչ նպատակով և ինչ խնդիրներ է փորձել լուծել: Այսինքն, մեր հարցադրման մեջ պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող ոչ մի տարր չկար:
Նշենք, որ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հարցին՝ «Դուք տեսե՞լ եք բունկերում Սուրեն Պապիկյանին», պատասխանել էր, թե չի տեսել, հետո հավելել. «Մի ինչ-որ ժամանակ մտել ու դուրս է եկել, ինքը շատ երկար ժամանակ եղել է Արցախում» և «կանոնակարգել է կառավարության գործունեությունը Արցախում»:
Իսկ 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատումից մեկ օր առաջ, Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեղեկացնում էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության բուժհաստատություններ:
Իսկ ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստին Սուրեն Պապիկյանի մասնակցությանը և պատերազմի 4-րդ օրը Օնիկ Գասպարյանի՝ մարտական գործողությունները օրերի ընթացքում դադարեցնելու առաջարկին վերաբերող մեր հարցին, ապա մենք չէինք խնդրել մանրամասներ հայտնել, ընդամենը՝ Սուրեն Պապիկյանը նման առաջարկ լսե՞լ է: Այստեղ որտե՞ղ կա գաղտնիության տարր, այն էլ այն դեպքում, երբ առաջարկի լինել-չլինելու հետ կապված՝ այո կամ ոչ պատասխաններ լսել ենք երկրի ղեկավարությունից, ավելին, ԱԽ-ն տվյալ նիստում ԳՇ նախկին պետի ելույթից անգամ հատվածներ է հրապարակել:
Մի կողմից՝ հասկանալի է Սուրեն Պապիկյանի գաղտնապահությունը, հարցը նուրբ է՝ չի կարող հերքել իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խմբագրած պնդումը, որ պատերազմը կանգնեցնելու առաջարկ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չի արել: Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ Սուրեն Պապիկյանն առնվազն ազնվություն է ցուցաբերել և չի հերքել Օնիկ Գասպարյանի պնդումը: Այսինքն, ընտրել է չեզոքություն պահպանելու կամ գլխացավանքի տակ չմտնելու ճանապարհը:
Իսկ Սամվել Բաբայանի՝ ԳՇ-ին ուղղված մեղադրանքի առնչությամբ նշենք, որ հունիսի 3-ին այս թեմայով մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին .
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում հրամաններ կեղծելու վերաբերյալ Սամվել Բաբայանի կողմից ներկայացված դիմումը քննության առարկա է դարձվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՊԲ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելու, ինչպես նաև իշխանության անգործության դրսևորելու ենթադրյալ հանցանքներ կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմամբ նշված առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի նախանքննության ներկա փուլում այն չի կարող տրամադրվել»:
Քննչական կոմիտեի պատասխանից ակնհայտ է դառնում, որ Սամվել Բաբայանը, բացի հայտարարություն անելուց, նաև դիմում է ներկայացրել «ԳՇ-ում և ՊԲ-ում փաստաթղթեր կեղծելու» վերաբերյալ:
Թե ում կարգադրություններով է ԳՇ-ում փաստաթղթեր կեղծվել, լրագրողի հարցին ի պատասխան՝ Բաբայանն անուններ չէր տվել, միևնույն ժամանակ վստահեցրել էր, որ Փաշինյանը չէ՝ «բայց ինչի՞ Նիկոլը պիտի ուզի»:
Ի դեպ, վերջերս էլ ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից մեկ օր առաջ Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի հարց չունի տալու 2020-ի պատերազմի համատեքստում: